Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

2023թ. սեպտեմբերի կլիմայական բնութագիրը

Սեպտեմբեր 01,2023 16:54

Սեպտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում հանրապետության եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա դեռևս շարունակում են ազդել արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, իսկ երրորդ տասնօրյակից սկսած դրանց ներթափանցման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15°С ցածր:

Հանրապետությունում այդ անցումը սեպտեմբերին սկսվում է լեռնային շրջաններից, ամսվա երրորդ տասնօրյակում տարածվում նախալեռնային գոտիների վրա, իսկ հովտային գոտիներում այս ամսին դա տեղի չի ունենում, այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Սեպտեմբերին հատկապես Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածների ներթափանցման դեպքում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում դեռևս կարող է հասնել +39…+40°С, նախալեռնային շրջաններում՝ +35…+38°С, լեռնային շրջաններում՝ +30…+32°С:

Վերջին անգամ Երևանում սեպտեմբերի +39․․․+40°С աստիճան տաքություն գրանցվել է 2017թ-ին, իսկ 2021թ-ի սեպտեմբերին 2-ին Մեղրիում օդի ջերմաստիճանը հասել է +41°С։

Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիներին, այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22…+23°С է, երկրորդում՝ +20°С և երրորդում՝ +18…+19°С:

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված, հատկապես սեպտեմբերի երրորդ տասնօրյակում հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում կարող են արդեն դիտվել բացասական ջերմաստիճաններ, իսկ բարձրլեռնային գոտիներում նույնիսկ ձյան տեսքով տեղումներ։ 1997թ-ի սեպտեմբերի 5-ին արկտիկական մթնոլորտային ճակատի ներխուժումից հետո լեռնային մարզերում գիշերային ժամերին ջերմաստիճանը նվազել է -2․․․-4°С։

Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:

Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել և եղել է տարի, օրինակ 1932թ-ին, երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ:

Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում անձրև տեղում է միջինը 12 օր, Արարատյան դաշտում՝ մինչև 3 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:

Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:

Եղանակի կանխատեսում 2023թ. սեպտեմբեր ամսվա համար

Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը` նորմայի սահմաններում:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930