Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է, թող հայ ժողովուրդը չիմանա, որ սա միայն Արցախի հարցն է, սա հայկական հարց է»․ Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 01,2023 15:36

Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ հարձակմանն ու տեղի ունեցող գործընթացներին։ Հիշեցնենք, որ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի երկու զոհ, մեկ վիրավոր։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության նկատմամբ ճնշումները, պարտադրանքի մեթոդով խոսելը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շարունակական են։ «Ակնհայտ է, որ իշխանությունները, որոնք պարտվել են, գտնվում են ճնշման ներքո։ Եվ որքան էլ իրենք ջանքեր թափեն, փորձեն ներկայացնել մեր հանրությանը, որ իրենց խաղաղության օրակարգով են գործում, միանշանակ հասկանալի է, որ այդպես չէ։ 2020 թվականից եւ Արցախում, եւ ՀՀ սահմաններին այս պարտադրանքի մեթոդով խոսելն ու ագրեսիա կազմակերպելը հետո ադրբեջանցիների համար գործելաոճ է դարձել։ Եվ իրենք շարունակելու են սա, մինչեւ չհասնեն իրենց նպատակին։ Իսկ իրենց նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է, իրենց նպատակը Արցախը հայաթափելն է։ Ինչ վերաբերում է Հայաստանի հարցին, թող հայ ժողովուրդը չիմանա, որ սա միայն Արցախի հարցն է, սա հայկական հարց է։ Իրենք շարունակելու են ճնշումները՝ առաջին հերթին Սյունիքի հատվածում միջանցք ստանալու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ այսօր Սյունիքի հատվածում այսօր համեմատաբար իրավիճակը հանգիստ է, քանի որ այնտեղ ունենք հարեւան՝ ի դեմս Իրանի, որը թույլ չի տալիս, որպեսզի Սյունիքում մեծ բախումներ լինեն։ «Չնայած դրան, այսօր էլ մենք տեղեկություններ ունենք, որ նույն Կապանի օդանավակայանի մոտ կրակոցներ են եղել։ Որքան մենք թույլ լինենք, Ադրբեջանը շարունակելու է մեզ վրա ճնշումներ գործադրել։ Երբ մենք հզորանանք, երբ տեսնեն մեր կարողությունները, նրանք արդեն զգուշավոր կլինեն մեր նկատմամբ գործողություններ իրականացնելիս։ Իսկ մեր հզորանալու միակ հեղինակը մենք ենք, հայ ժողովուրդն է, որ պետք է մտածի իր ինքնության պահպանման, իր պաշտպանության, սահմանների ամրապնդման մասին։ Իհարկե, արտաքին քաղաքականությունը, հարցը միջազգային հարթակներում բարձրացնելը, խելացի բանակցությունները եւս երաշխիք են, բայց առաջին երաշխիքը մեր անվտանգային համակարգի վերականգնումն է։ Իսկ դա կարող են անել միայն իշխանությունները։ Եթե իշխանությունները դա չեն անում, իշխանությունները պետք է հեռացվեն»,- հավելեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ խելացի մարդը սովորում է ուրիշների սխալների վրա։ Ավելի քիչ խելացին նաեւ երբեմն ինքն է սխալներ թույլ տալիս եւ իր սխալների վրա է սովորում։ «Բայց երբ այդ սխալները կրկնվում են․․․ Իսկ այդ սխալների շարանը մենք տեսնում ենք 2018 թվականից սկսած՝ սկզբում բանակցային գործընթացում, հետո Տավուշի սահմանային իրավիճակը, հետո ՀՀ իշխանությունների կողմից իրար հակասող գործողությունները Արցախի Հանրապետությունում՝ պատերազմի ժամանակ, պատերազմը կանգնելուց հետո, երբ առանց մեկ կրակոցի պատերազմը կանգնեցված բնագծերից հայկական ստորաբաժանումները հետ քաշվեցին, ես նկատի ունեմ եւ Սյունիքում, եւ Գեղարքունիքի մարզում։ Անհաջողությունների, պարտությունների շարանը շարունակվում է, դրա հետ զուգահեռ իշխանությունները միջազգային բարձր մակարդակի ծանրամարտի մրցումներ են անցկացնում, միջազգային մակարդակի համահայկական խաղեր են կազմակերպում, ճանապարհներ են ասֆալտապատում, ներքին զորքերը, Ազգային անվտանգության ծառայությունն են ուռճացնում, զինում, հանդերձավորում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ եթե ցանկություն լինի, եթե այս իշխանությունները կարողանան ճիշտ գնահատական տալ իրականությանը եւ որոշել մեր գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները, եթե մի միջոցառում իրականացնում են, ի վիճակի՞ չեն մեր պետության պաշտպանությունն ամրապնդելու, բանակն արագ տեմպերով համալրելու։ Ընդ որում, բանակն առաջին ամենակազմակերպված կառույցն է, որը լավ աջակցության դեպքում կարող է իր մարտունակությունը վերականգնել։ Այսինքն՝ մի տեղ կազմակերպում են, մյուս տեղերում չեն կազմակերպում։ Սա ոչ թե անգրագիտության խնդիր է, այլ չցանկանալու խնդիր է։ Իսկ եթե չեն ցանկանում պաշտպանությունն ամրապնդել, դա նշանակում է, որ միտումնավոր է այս ամենը կատարվում»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ պետք է հետեւել ՊՆ-ից ստացվող պաշտոնական հաղորդագրություններին, բանակն ինքն է պարտավոր փարատել բոլոր այն մտահոգությունները, որոնք հանրության մոտ կան։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930