Քառասունչորսօրյա պատերազմից երեք տարի անց, թեև թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Արցախը փաստացիորեն դեռ պատերազմական իրավիճակում են, թեև երկու հանրապետությունների գլխին կախված է գոյաբանական սպառնալիք ու թեև աշխարհասփյուռ հայ համայնքը ապակողմնորոշված, պառակտված և վտանգված է, մենք դեռ շատ հեռու ենք մեր ազգի առաջ ծառացած մարտահրավերների շուրջ կապակցված խոսույթ (դիսկուրս) ձևավորելուց: Կոշտ ու անհանդուրժողական դիրքորոշում են որդեգրել ոչ միայն հիմնական ընդդիմադիր քաղաքական խմբակցությունները, այլև թվացյալ անկուսակցական վերլուծաբանները, մեկնաբաններն ու դիտորդները:
Մթնոլորտն այնքան պառակտիչ է, որ ընտանիքի անդամները կա՛մ խուսափում են ընտանեկան հավաքույթների ժամանակ քաղաքական թեմաներ շոշափելուց, կա՛մ քաղաքական տարբեր հայացքների պատճառով առհասարակ չեն շփվում միմյանց հետ։ Այս համախտանիշն ազդել է նաև երկարամյա ընկերությունների վրա։ Վերջերս ականատես եղա, թե ինչպես իմ ծանոթներից մեկին դաժան կշտամբանքի ենթարկեց իր ավելի քան 30 տարվա ընկերը՝ Հայաստանի ազգային անվտանգության ներկա ռազմավարության վերաբերյալ ունեցած իր տեսակետի պատճառով:
Սփյուռքը նույնպես զերծ չէ այս համախտանիշից: Ճիշտ հակառակը. Ամենածայրահեղ և անհանդուրժողական դիրքորոշումներից մի քանիսը գալիս են հենց Սփյուռքի մեր հայրենակիցներից: Նրանք, ինչպես և հայաստանաբնակ հայերը, կա՛մ կտրականապես մերժում են գործող իշխանությանը, կա՛մ անվերապահորեն աջակցում վերջինիս: Այս երկու դիրքորոշումների միջև ընկած տարածությունը, եթե հաշվի չառնենք այս երկու ծայրահեղությունների մի շարք տարատեսակներ, ընդհանուր առմամբ լցված է անտարբերությամբ:
Իրավիճակը կառավարելու այս «քաղաքակիրթ» ձևը, այսինքն՝ քաղաքականության հետ կապված առարկայական քննարկումներից խուսափելը, լավ բան չի գուշակում առողջ ժողովրդավարական հասարակության համար։ Հետխորհրդային մշակույթում, որտեղ կառավարության քաղաքականության վերաբերյալ գրագետ բանավեճեր վարելն առհասարակ ընդունված չէ, բազում կարևոր հարցեր դառնում են չափազանց ծանր՝ հանրային խոսույթ մտնելու համար, և այդպես էլ «չեն լուծվում» այն իմաստով, որ բնակչության մեծամասնության տեսակետը մնում է անհայտ:
Կարդացեք նաև
Հանրային հետևանքային խոսույթ վարելու կոչի նպատակը ուշադրությունը ներկա կամ նախկին վարչակազմերի վրա հրավիրելը չէ: Այն նպատակ ունի զարգացնել ժողովրդավարական մշակույթ, որը թույլ կտա միաձայնության (կոնսենսուսի) հասնել գրագետ խոսույթի միջոցով: Այսօր չունենք միաձայնություն ո՛չ Հայաստանում, ո՛չ Սփյուռքում, եթե իհարկե քաղաքականության հանդեպ վստահության ճգնաժամը, անտարբերությունը և հիասթափությունը չենք համարում «միաձայնություն»[1]։
Միաձայնության այլընտրանքներից մեկը կարող է լինել հեռատես, համարձակ, խիզախ, հստակ տեսլական ունեցող ու անվախ առաջնորդի երևան գալը, որն ազգին կոգեշնչի հասնել ընդհանուր նպատակի: Սա տեղի է ունեցել ինչպես մեր, այնպես էլ այլ ժողովուրդների պատմության մեջ, սակայն ներկա պայմաններում Հայաստանում այս երևույթն այնքան էլ հավանական չի թվում:
Համախտանիշ
Արդյունավետ հաղորդակցության և թափանցիկության բացակայությունը բարդացնում և միևնույն ժամանակ խոչընդոտներ է ստեղծում տեղեկացված խոսույթ վարելու համար: Հասարակությունը չունի բավարար հավաստի տեղեկություն այն մասին, թե իրականում ինչ սխալներ են եղել 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների, իշխանության կամ ընդդիմության վերջնական նպատակների, նախկին անկլավների ճակատագրի, մեր սահմաններին տիրող իրավիճակի, մեր ռազմագերիների կարգավիճակի, մեր պաշտպանունակության վերաբերյալ կամ թե որտե՞ղ է Հայաստանի կառավարությունը պատրաստվում կարմիր գիծ գծել, երբ խոսքը արցախահայության ճակատագրի մասին է։ Տեղեկատվական հսկայական բացը լցված է ասեկոսեներով, բամբասանքներով և երբեմն նաև կանխամտածված ապատեղեկատվությամբ: Եվ թեև ազգային անվտանգության և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հարցում գաղտնիությունն և որոշակի տեղեկության չհրապարակումը միանգամայն նորմալ և նույնիսկ անհրաժեշտ է, գրագետ հանրային խոսույթ վարելու համար պահանջվում է հակադիր հայացքներ ունեցող քաղաքական ուժերի ռազմավարական նպատակների և դրանց հիմքում ընկած տրամաբանության նվազագույն ըմբռնում։
Մեկ այլ խնդիր էլ այն է, որ հայ հասարակությունն իր կարծիքը ձևավորում է կա՛մ առանձին քաղաքական դերակատարների, կա՛մ խմբակցությունների, բայց ոչ խնդիրների կամ քաղաքական նախաձեռնությունների հիման վրա: Սակայն շատ հաճախ տեղեկացված հանրային խոսույթը պահանջում է տարբերություն դնել քարոզի և քարոզողի միջև: Հասարակությունը պետք է կարողանա բանավիճել և դատողություններ անել որոշակի քաղաքական օրակարգի կամ ուղերձի վերաբերյալ առարկայական, անաչառ և տրամաբանված ձևով, այլ ոչ թե ինքնաբերաբար ընդունի կամ մերժի այն՝ կախված նրանից, թե ովքեր են այն քարոզողները: Վերջին օրինակներից է հանրության արձագանքը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ արված հայտարարություններին։ Սոցցանցերում տեղ գտած արձագանքների ճնշող մեծամասնությունը՝ թե՛ դրական, թե՛ բացասական, ուղղված էր անձամբ իրեն, և ոչ թե նրա ասածի էությանը:
Այս համախտանիշը մասամբ բխում է քաղաքական անհասությունից, իսկ մասամբ էլ քննադատական մտածողության բացակայությունից։ Սակայն հիմնականում այն պարզապես լայնորեն ընդունված սոցիալական սովորություն է: Հասարակությանը կարելի է սովորեցնել, թե ինչպես փոխել այս սովորությունը՝ քաղաքական խնդիրների վերաբերյալ պարբերաբար բաց քննարկումներ վարելով՝ առանց կոնկրետ անձանց հղում կատարելու, որոնք շեղում են հանրության ուշադրությունը քաղաքական կարևոր հարցերից, և առանց նախկին կամ ներկա նախագահներին, վարչապետներին կամ քաղաքական կուսակցություններին հիշատակելու։ Փոխարենը հարկ է խստորեն ուշադրություն դարձնել քննարկվող հարցերին՝ հիմնվելով համապատասխան ընթացիկ և պատմական իրողությունների վրա:
Այս հոդվածը ոչ այնքան հակադիր տեսակետների (կամ դրանց հարաբերական արժանիքների), որքան դրանց միջև խոսույթի (կամ դրա բացակայության) մասին է: Այնուամենայնիվ, արժե հակիրճ, եւ միտումնավոր գերպարզեցված կերպով, ներկայացնել գերակշռող տեսակետների միջև եղած անհամապատասխանությունը՝ «գազանի» էության մասին պատկերացում կազմելու համար։
Տեսակետներ
Տեսակետ կա, որ պետք է ամեն գնով աջակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը: Եթե այն ունի թերություններ, ինչպիսիք են փորձի պակասը կամ ոչ կոմպետենտ լինելը, որի մասին խոստովանում են նույնիսկ կառավարության որոշ անդամներ (առնվազն նեղ շրջանակում), մենք պետք է փորձենք օգնել նրանց հաղթահարել դրանք, այլ ոչ թե քննադատենք և հակադրվենք կառավարության վարած քաղաքականությանը: Այս տեսակետի համաձայն՝ սա հատկապես կարևոր է այն պատճառով, որ երկիրը ճգնաժամի մեջ է, և բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն ճգնաժամը կառավարելու փորձեր կատարող կառավարությանն աջակցելուն։ Այս տեսակետը բնորոշ է թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի որոշակի շրջանակներին։
Կա նաև տեսակետ, որ այս կառավարության անգործունակությունն ու ապակողմնորոշող քաղաքականությունը դավաճանական են և այնպիսի անդառնալի վնաս են հասցնում հայ ազգին ու պետությանը, որ դրան աջակցելը միայն այն պատճառով, որ այն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, լավագույն դեպքում ինքնախաբեություն է: Այս խմբի կարծիքով այն փաստարկը, որ երկիրը ճգնաժամի մեջ է, և հետևաբար, կառավարությանը պետք է աջակցել, անհիմն է, քանի որ նրանք վերջինիս համարում են այս ճգնաժամի գլխավոր պատճառ։
Ծայրահեղ դեպքերում, ոմանք, իրենց համեմատաբար փոքր թվով հետևորդներով, նույնիսկ չեն ցանկանում ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հզորացնել Հայաստանը՝ վախենալով, որ դա կբարձրացնի ներկա ապաշնորհ և դավաճանական ռեժիմի քաղաքական վարկանիշը:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա ամենավիճահարույց խնդիրը, անկասկած, մնում է «իրատես» լինելը։ Ոմանց համար իրատես լինել նշանակում է խոստովանել, որ մենք պարտվել ենք պատերազմում, որ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, որ մենք չունենք միջազգային դաշնակիցներ, որոնք մեզ աջակցում են Արցախի հարցում, և, հետևաբար, մենք պետք է ուղղակի ձեռք քաշենք Արցախից և դադարեցնենք անօգուտ պատերազմ մղել: Մյուսների համար կարևոր են նաև այլ փաստեր, օրինակ այն, որ չկա իրավական հիմք, ըստ որի Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, Արցախը միշտ եղել է ինքնավար մարզ նույնիսկ երբ այն Խորհրդային Ադրբեջանի կազմում էր, Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայոց հայրենիքի մաս և Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելն, անկասկած, կհանգեցնի էթնիկ զտումների։ Այս խմբի համար Արցախն ազատ ու հայկական պահելու պայքարը պարտականություն է հայրենիքի հանդեպ, իսկ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը ոչ թե իրատեսություն է, այլ պարտվողականություն։
Վարչապետի այն հայտարարության հետ, թե Հայաստանը ոչինչ չի կարող անել Արցախի համար, և որ Ստեփանակերտը պետք է բանակցի ուղիղ Բաքվի հետ, համաձայն են Հայաստանի որոշ քաղաքացիներ, որոնք հոգնել են 30 տարի շարունակ Արցախի համար պայքարելուց, ազգայնական դատարկ հռետորաբանությունից և չիրականացված խոստումներից։ Մինչդեռ մյուսներն այս հայտարարությունն ընկալում են որպես դավաճանություն՝ դրանում տեսնելով Հայաստանի Անկախության հռչակագրի, Սահմանադրության և վարչապետի կողմից իր պաշտոնավարման սկզբում արված հայտարարությունների խախտում։ Այս խմբի համար Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև տարբերակում դնելը լավագույն դեպքում արհեստական է։
Այս դիրքորոշումներից և ոչ մեկի ձևակերպումը չի եղել ամբողջական և ազնիվ: «Իրատես» խումբն իսկապե՞ս պատրաստ է պարզապես հանձնել Արցախը՝ ականատես լինելով, թե ինչպես է հայոց հնագույն հայրենիքի ևս մեկ հատված էթնիկական զտման ենթարկվում և շարունակել «նորմալ» կյանք վարել Հայաստանում։ Այս խումբը խուսափում է պատասխանել այս հարցին։ Gallup-ի վերջին հարցումը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիների 94%-ն անընդունելի է համարում Արցախի՝ Ադրբեջանի մաս կազմելը։ Իսկ մյուս կողմից էլ «իդեալիստ» խումբը պատրա՞ստ է ևս մեկ անհավասար պատերազմ մղել: Այս խումբը դեռևս չի առաջարկել որևէ գործունակ լուծում, որը դուրս է սկզբունքային դիրքորոշման սահմաններից, թեև Արցախի բնակչության շրջանում ահագնանում է Ադրբեջանին ինտեգրվելուն դիմակայելու վճռական պատրաստակամությունը, ի հեճուկս բոլոր դժվարությունների։
Խոսույթ. Հարցեր, որոնք արժանի են հանրային քննարկման
Հիմնավորված քաղաքական խոսույթը առանցքային է ժողովրդավարական գործընթացների և հատկապես զարգացող ժողովրդավարությունների համար: Մենք հաճախ ենք լսում, որ Հայաստանում ժողովրդավարությունը «դեռ զարգանում է», կամ որ հասկանալի պատճառներով այն «կատարյալ չէ», կարծես դա արդարացնում է առկա թերությունները: Քաղաքական ազնիվ խոսույթը հատկապես կարևոր է զարգացող ժողովրդավարությունների համար, քանի որ այն ժողովրդավարության առաջխաղացման կարևոր կատալիզատոր է:
Թեև նույնիսկ ոչ կատարյալ ժողովրդավարությունն անհամեմատելիորեն ավելի գերադասելի է դաժան բռնապետությունից, այն չի երաշխավորում, որ կառավարությունն առողջ քաղաքականություն է վարելու: Պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություններն աղետաբեր են եղել իրենց երկրների համար: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով անհանգստանում է իր երկրի ապագայի համար, իրավունք ունի կասկածի տակ դնել և քննադատել իշխանության քաղաքականությունը՝ չվերածվելով վտարանդիի կամ չհռչակվելով պետության թշնամի։ Կառավարության քաղաքականությունը կուրորեն ընդունելը՝ առանց կասկածի տակ դնելու դրա տրամաբանությունն ու հետևանքները, ժխտում է հենց ժողովրդավարության բուն գաղափարը: Այստեղ իմ միակ նախազգուշացումն այն է, որ քննադատները չպետք է օգտագործեն ժողովրդավարության լծակները՝ խաթարելու այն ժողովրդավարությունը, որ նրանց քննադատելու ազատություն է տվել:
Հանրային խոսույթի ամենատարածված և օրինական թեման է կառավարության կողմից իր տված խոստումների կատարումը: 2018 թվականի գարնանը ես անձամբ եմ ականատես եղել փողոցներում տիրող էյֆորիային, և ոչինչ ինձ չի կարող համոզել, որ այն իրական չէր։ Ժողովուրդը պատրաստ էր փոփոխությունների, պատրաստ էր իրական հեղափոխության։ Պատրաստ էր ձերբազատվել կոռուպցիայից և ֆավորիտիզմից, որոնցից երկիրը տուժել էր վերջին 28 տարիներին։ Ժողովուրդը պատրաստ էր սոցիալական արդարության։ Օդում կախված իսկական հույս կար։ Հույս, որ մինչ այժմ անսասան թվացող ռեժիմին վերջապես փոխարինելու կգար ավելի արդար, ավելի մաքուր և ավելի հայրենասեր իշխանություն։ «Իմ քայլը» շարժումը հայտնվել էր ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ Այն վառեց հույսի կրակն ու օգտվեց ժողովրդի՝ փոփոխություններ անելու պատրաստակամությունից։
Անհերքելի փաստ է, որ «հեղափոխությունը» չարդարացրեց ժողովրդի հույսերը ո՛չ երկիրը համակարգային կոռուպցիայից ազատելու, ո՛չ էլ ժողովրդին պետությանը և Արցախին առնչվող կարևորագույն որոշումներում ներգրավելու հայտարարությունների ու խոստումների հետ կապված: Իհարկե, նկատելի առաջընթաց է գրանցվել պետական համակարգում, պետական ծախսերում (հատկապես ենթակառուցվածքների և ճանապարհների հետ կապված) և հարկերի հավաքագրման հարցում կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ: Սա բավական նշանակալից էր խմբակցության ժողովրդականությունը պահպանելու և 2021 թվականին ընտրություններում հաղթանակ տանելու համար: Բայց խորհրդային ժամանակների հին մենաշնորհատերերը դեռ ողջ ու առողջ են և վայելում են տնտեսության որոշ հատվածներում ունեցած իրենց արտոնյալ դիրքը, թեև մի փոքր ավելի զուսպ են, քան նախկինում: Ինչ վերաբերում է ժողովրդին պետության և Արցախի ապագայի հետ կապված առանցքային որոշումներում ներգրավելու խոստումներին, ապա պարզվեց, որ դրանք սուտ էին։ Բաց, ժողովրդավարական հասարակության մեջ սա պետք է դառնար հանրային քննարկման առարկա՝ առանց որևէ մեկին ուղղված նսեմացուցիչ կամ վիրավորական խոսքեր օգտագործելու։ Քննարկումը պետք է տեղի ունենար կառավարության ակտիվ մասնակցությամբ՝ նրանց հնարավորություն տալով բացատրել տրված խոստումները դրժելու պատճառները:
Մտավորականները պետք է հրապարակայնորեն նշեին, որ «Իմ քայլը» շարժումը վատնեց Հայաստանում իրական հեղափոխություն իրականացնելու ոսկե հնարավորությունը՝ իր հետևում թողնելով հիասթափված, հյուծված և ապաքաղաքականացված հանրություն։ Այս ձախողմանը նպաստեցին նաև Ազգային Ժողովում նրանց բացարձակ մեծամասնություն լինելը և անարդյունավետ ու ժողովրդականություն չվայելող ընդդիմությունը, որը թեև բարձրաձայն քննադատում էր կառավարությանը, այդպես էլ չկարողացավ վստահության արժանի այլընտրանքային քաղաքականություն կամ լուծումներ առաջարկել:
Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմը կարևոր զարգացում էր, որն այս ամենը ջրի երես հանեց։ Բայց դժվար է ասել՝ արդյոք այն ձախողված հեղափոխության պատճառ էր, թե՞ պարզապես գործոն, որը բացահայտեց դրա իրական էությունը։ Այս հարցը ևս պետք է դառնար գրագետ քաղաքական խոսույթի թեմա:
Հայաստանում տիրող ճգնաժամի պատասխանատվության «արդար մասնաբաժնի» շուրջ միաձայնությունը նույնպես գրագետ քաղաքական խոսույթի բացակայության հետևանք է: Ժողովրդավարական հասարակությունում իշխանության հանդեպ քննադատությունն ավելի բնական է, քան ընդդիմության։ Ի վերջո, գործող իշխանությունն ունի կառավարելու իրավական լծակներ և հաշվետու է ժողովրդի առաջ: «Նորմալ» չէ, որ իշխանության գալուց հինգ տարի անց ժողովրդավարական հասարակությունը դեռևս մեղադրում է նախկին կառավարություններին երկրի ներկայիս գրեթե բոլոր դժբախտությունների համար: Կասկած չկա, որ նախկինում թույլ են տրվել լուրջ և ճակատագրական սխալներ։ Սակայն Հայաստանում շատերը դեռ հակված են բոլոր մեղքերը կողմերից մեկին վերագրելուն և մյուսին լիովին արդարացնելուն: 2020 թվականի պատերազմի ելքը առնվազն մասամբ անցյալի սխալների արդյունք էր։ Միևնույն ժամանակ իշխանությունը, որը ղեկավարում էր պատերազմը, չի կարող հեշտությամբ արդարանալ և պատերազմի ավարտից հետո իր ռազմավարական սխալների ու բացթողումների մեղքը բարդել ուրիշների վրա: Այս հարցի շուրջ առավել հավասարակշռված հանրային կարծիք ունենալու միակ ճանապարհը տեղեկացված, անկողմնակալ, փաստերի վրա հիմնված հանրային խոսույթ վարելն էր:
Լսել եմ փաստարկ, որ եթե ազգային անվտանգության գծով վերլուծաբանները և քաղաքագետները, առաջնորդվելով հայրենասիրական պարտքի զգացումով, հույս ունեն օգնել բարելավելու կառավարության քաղաքականությունը, պետք է ձեռնպահ մնան կառավարությանը քննադատելուց, այլապես նրանց կվերաբերվեն որպես վտարանդիների և նրանք չեն կարողանա հաղորդակցվել որոշում կայացնողների հետ, էլ չասած՝ նրանց վրա ազդելու մասին: Սրանից ավելի բացառող քաղաքականություն հնարավոր չէ պատկերացնել, հատկապես այն դեպքում, երբ մեր ազգի առաջ ծառացած գոյաբանական մարտահրավերները հնարավոր չէ լուծել խաղաղեցման և խնդիրները քողարկելու ճանապարհով: Սա նույնպես «գերիշխող կուսակցության» համախտանիշի արդյունք է (իշխող կուսակցության բացարձակ մեծամասնություն՝ զուգակցված անարդյունավետ ընդդիմության հետ)։ Այն ստիպում է գործունակ, արհեստավարժ և նվիրված մարդկանց, որոնք ցանկանում են օգտակար լինել, կա՛մ ջուր ծեծել, կա՛մ հրաժարվել որևէ բան ձեռնարկելուց: Կառավարությանն իր կամքին հակառակ օգնելն իսկական մարտահրավեր է, հատկապես երբ չի ճանաչվում պետական շահերի գերակայությունը։ Սա ևս հանրաքաղաքական խոսույթի բացակայության ուղղակի հետևանք է։
Քառասունչորսօրյա պատերազմից հետո, նոր պատերազմի անմիջական սպառնալիքի ներքո, իշխանության քաղաքական զինանոցում ավելացավ «խաղաղություն վաճառելը»։ Հաշվի առնելով Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանի ամբողջ տարածքն Արևմտյան Ադրբեջան է, ինչպես նաև Հայաստանի սահմաններին (և Հայաստանի ներսում) ադրբեջանական բանակի վարքը՝ հասարակությունը պետք է առնվազն կասկածի տակ դներ խաղաղության հասնելու հավանականությունը, ինչպես նաև հնարավորություն ունենար լսելու և քննարկելու կառավարության հստակ ձևակերպված, ռացիոնալ և արժանահավատ բացատրությունը, որը կարդարացներ խաղաղության օրակարգը: Դրանցից և ոչ մեկը տեղի չի ունեցել:
«Խաղաղության» և «հարմարավետ ապրելու» խոստումներով բնակչության որոշակի հատվածին հաճոյանալու միջոցով ընտրություններում հաղթելը չի նպաստում ամուր ժողովրդավարության կառուցմանը (հատկապես, երբ ընտրություններին ընտրողների մասնակցությունը 50%-ից պակաս է), եթե իհարկե այդ քաղաքականությունը լայնորեն և համոզիչ կերպով չի քննարկվում և չի ընդունվում միաձայնության միջոցով՝ երաշխավորելով, որ ազգային անվտանգությունը (որը 60%-ի կարծիքով Հայաստանի գլխավոր խնդիրն է) և պետության երկարաժամկետ կենսունակությունը չեն զոհաբերվում հանուն անվտանգության ապահովման կարճաժամկետ և փորձնական լուծումների։ Դա հնարավոր չէ անել, քանի դեռ չեն վերացվել հանրային խոսույթի կայացմանը խանգարող հոգեբանական խոչընդոտները, և բնակչությանը չի տրամադրվել անհրաժեշտ տեղեկություն՝ քննարկելու առաջնային կարևորության խնդիրները:
Այն անարդյունավետությունը, որով այս վարչակազմը փորձել է ամրապնդել երկրի պաշտպանությունը 2020 թվականի նոյեմբերից ի վեր, հանրային քննարկման մեկ այլ կարևոր թեմա է։ Ներկայում Հայաստանի մի մասն օկուպացված է թշնամու կողմից, և առ այսօր չեն եղել ո՛չ կառավարությանն ուղղված հստակ հարցադրումներ, ոչ էլ պաշտոնական բացատրություն այն մասին, թե իշխանությունն ինչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել։ Պաշտպանության ոլորտում կոնկրետ և ողջունելի առաջընթաց գրանցվել է 2022 թվականի սեպտեմբերին՝ մասամբ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում մասնավոր նախաձեռնությունների առաջընթացի շնորհիվ։ Բայց կարիք չկա մեկից ավելի հայացք գցել քարտեզին և Ադրբեջանի վարքագծին՝ եզրակացնելու համար, որ Հայաստանը շարունակում է մնալ պատերազմական իրավիճակում։ Պատերազմական իրավիճակում գտնվող որևէ այլ երկրում ազգային ռեսուրսները հիմնականում կուղղվեին պաշտպանությանը, սակայն Հայաստանում այդպես չի եղել։ Իսկական ժողովրդավարական կառավարությունը այս թեմայի շուրջ կհրավիրեր հանրային քննարկում՝ իր վարած քաղաքականության համար աջակցություն ստանալու հույսով: Փոխարենը այս հարցը դարձել է տաբու։
Շատ այլ իրավիճակներ կարող էին և պետք է դառնային հանրային խոսույթի թեմա: Բայց թույլ տվեք եզրափակել այս հոդվածը՝ բարձրացված խնդիրների ամենալուրջ հետևանքի մասին նշելով. Հաճախ են հարցնում, թե ինչու հայերը չկարողացան միավորել ուժերը, ինչո՞ւ Սփյուռքն ավելի շատ ներգրավված չէ Հայաստանում, ինչո՞ւ ենք մենք մնում այդքան պառակտված և մասնատված, նույնիսկ երբ կանգնած ենք գոյաբանական սպառնալիքի առաջ: Իմ պատասխանը պարզ է. մենք չունենք ընդհանուր ազգային ռազմավարական նպատակ, որի շուրջ կարող ենք միավորել մեր ուժերը: Միասնությունն ու գործակցությունը վերացական երևույթներ չեն։ Տարբեր ուժեր կարող են միավորվել միայն ընդհանուր տեսլականի շուրջ: Ընդհանուր ազգային ռազմավարական նպատակը բոլորի կողմից ընդունված նպատակ չէ, այլապես դրան հնարավոր չէր լինի հասնել: Ավելի շուտ, այն բազմաշերտ և բազմավեկտոր ռազմավարություն է, ընդհանուր տեսլական, որի ներքո միավորված են բազում ազգային առաջնահերթություններ, և որին աջակցում է հասարակության ճնշող մեծամասնությունը: Եվ ես կպնդեմ, որ մենք չկարողացանք ձևակերպել այդ ընդհանուր նպատակը, քանի որ մեզ չհաջողվեց ձևավորել մեծամասնության կոնսենսուս, որն իր հերթին պայմանավորված է հանրաքաղաքական գրագետ և հետևողական խոսույթի բացակայությամբ:
Խաղասեղանին է դրված հայ ժողովրդի համաշխարհային հսկայական ռեսուրսներն ու կարողությունները համախմբելու մեր ունակությունը, որը կարող է փոխել մեր ազգի և պետության ճակատագիրը։
Վահան Զանոյան
[1] 2021 թվականի վերջին ընտրողների մասնակցությունը Ազգային Ժողովի ընտրություններին կազմել է 49,37%: Մոտ երկու տարի անց՝ 2023 թվականի մարտին անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 64%-ը չի վստահում որևէ քաղաքական գործչի, իսկ 60%-ը Հայաստանի գլխավոր խնդիրը համարում է ազգային անվտանգության և սահմանների պաշտպանության հետ կապված հարցը։