Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ենք ՀՅԴ-ին: Այսուհանդերձ ընդգծում ենք՝ Արցախի հարցը պետք է լուծվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում. ԱԺԲ

Սեպտեմբեր 01,2023 13:50

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին

Ս․/թ․ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ և ԱԺԲ ներկայացուցիչների միջև։ Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 2-ի համար Ազատության հրապարակն արդեն իսկ ամրագրված է եղել Բևեռի ամենօրյա միջոցառումների համար, քննարկվել է նույն օրը նույն վայրում ՀՅԴ կողմից հանրահավաք անցկացնելու հարցը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը, առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով և ընդառաջելով ՀՅԴ խնդրանքին, որոշել է Ազատության հրապարակի սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ՀՅԴ միջոցառմանը։ Այսուհանդերձ, Ազգային ժողովրդավարական Բևեռն ընդգծում է, որ չի կիսում, այսպես կոչված, «Անկախ Արցախի» հայեցակարգը։

Ինչպես ցույց է տվել նախորդ տասնամյակների դառը փորձը, այդ հայեցակարգը ոչ միայն անպտուղ է և փակուղային, այլև պառակտիչ ու վտանգավոր։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը մնում է միասնական հայրենիքի իր դավանած սկզբունքներին հավատարիմ և գտնում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, Արդարադատության միջազգային դատարանի ընդգրկումով, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում։

Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ Բևեռը պահպանելու է օրեր ի վեր սկսած իր շուրջօրյա ներկայությունը Ազատության հրապարակում նաև սեպտեմբերի 2-ին։

Ուստի, կոչ ենք անում մեր համախոհներին, ինչպես նաև Ազատության հրապարակում այդ օրը բոլոր գտնվողներին, դրսևորել զսպվածություն և հայեցակարգային տարբերությունները, և այլ հարցեր, չդարձնել քննարկման կամ բանավեճի առարկա։

Կեցցե՜ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930