Նոր ուսումնական տարին այսօր արցախցի հազարավոր դպրոցականներ սկսել են աննախադեպ իրավիճակում:
Միայն Արցախում գիտեն, թե երեկ դպրոցականների ծնողների համար որքան դժվար է եղել հավաքել աշակերտական պայուսակը, երբ ոչ միայն դասագրքեր, անգամ գրենական պիտույքներ՝ հասարակ տետր ու գրիչ հնարավոր չէ գտնել:
Միայն այստեղ գիտեն, թե որքան դժվար է լինելու առանց որևէ փոխադրամիջոցի ոտքով հասնել դպրոց:
Որքան դժվար է լինելու թերսնված երեխաների համար կենտրոնանալ դասերի վրա:
Որքան ծանր է լինելու ուսուցիչների աշխատանքը՝ տեսնելով թերսնված երեխաներին, նրանցից պահանջել կարգապահություն ու գիտելիք:
Կարդացեք նաև
Որքան դժվար է լինելու կրթական գերատեսչության համար՝ կազմակերպել ուսումնական գործընթացը՝ համակարգային լուրջ խնդիրների և գրեթե անհաղթահարելի խոչընդոտների պարագայում:
Այս ամենով հանդերձ՝ կրթական գործընթացն Արցախում չի ընդհատվում, և արցախցի երեխաներն այսօր՝ Գիտելիքի ու դպրության օրը, այցելել են դպրոց, իսկ ուսանողները՝ բուհեր:
«Արցախի անվտանգության և զարգացման» ճակատ հանրային շարժումն իր հերթին նոր ուսումնական տարում շարունակելու է կրթական ծրագրերը՝ լայնորեն օգտագործելով հեռավար կրթության լուծումներն ու նպաստելով Արցախում դրանց ներդրմանն ու տարածմանը:
Մեր նոր սերունդը կրթված ու մրցունակ պիտի լինի: Մենք հավատում ենք, որ այս դժվարությունները մեզ օգնելու են լինել ուժեղ, խելացի, տոկուն ու ոչ ստանդարտ:
Իրական Արցախը սա՛ է: Առաջ գնալ, երբ բոլորին դա անհնար է թվում:
Հաղթահարել, երբ բոլորը դա անհավանական են համարում:
Շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը:
Արցախի անվտանգության և զարգացման ճակատ