Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում իրավիճակը հանգիստ է, մարդկանց մոտ խուճապ չկա։ Այս մասին «Առավոտին» փոխանցեց Սոթքի նախկին համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով այսօր հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Կոլիկ Շահսուվարյանն ասաց, որ հրետանու ձայները գյուղում լսվում են։ «Ձայները սարի հետեւից են, գյուղից մոտ 15 կմ հեռու։ Ժողովուրդը պանիկայի մեջ չէ, այսօր առաջին զանգն է հնչել դպրոցում, ժողովուրդը հավաքվել է։ Մեզ համար այս իրավիճակը սովորական է դարձել, ոնց որ ռոբոտացել ենք։ Կրակոցներ պարբերաբար կան՝ օրը մեջ, երեք օրը մեկ կրակոցներ լսում ենք։ Շորժայի հատվածում ավելի շատ են կրակոցները, պարբերաբար կան։ Բայց հենց Սոթք գյուղի ուղղությամբ կրակոցներ վաղուց չկան»,- ասաց նա։
Կոլիկ Շահսուվարյանը նշեց, որ ադրբեջանցիներն այս գործողությունները կշարունակեն, քանի դեռ հակահարված չեն ստացել․ «Դրանք չեն սսկվի, դրանց պետք է սսկացնել։ Լռեցնող է պետք, բայց չկա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ