Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության վարչության ֆինանսավարկային եւ մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, ազգային անվտանգությունից ստացված տեղեկությունների հիման վրա՝ պարզել է, որ «Վալ Շին« ՍՊ ընկերության տնօրենը իրականացրել է ապօրինի գործունեություն։ Մասնավորապես, ընկերության սեփականատեր եւ տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի վարչական տարածքում գտնվող շուրջ 4.0052 հա. մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում, առանց սահմանված կարգի հողամասի գործառնական նշանակության փոփոխության, 2023թ. փետրվարից մինչ օրս իրականացրել է ավազակոպճային հանույթի լվացման եւ տեսակավորման արտադրական գործունեություն։
Իսկ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, օրենսդրությամբ օժտված լինելով նախատեսված համայնքի ղեկավարին վերապահված համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման ու հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման վերահսկողություն իրականացնելու պարտադիր լիազորություններով իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսեւորելով միջոցներ չեն ձեռնարկել օբյեկտի գործառնական նպատակային նշանակության պահպանման եւ ոչ նպատակային օգտագործումը կանխելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, մասնավորապես, համայնքային բյուջե չի վճարվել մոտ 31.670.789 դրամ։
Առերեւույթ հանցանքների մասին կազմված հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցն որոշելու համար:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ