«Մեր քաղաքական ուժն իրատեսական ծրագիր է ներկայացնում, մենք զբաղված չենք քաղաքական PR-ով կամ պոպուլիզմով, որպեսզի մարդկանցից քվե որսանք, ու սեպտեմբերի 18-ից մոռանանք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության (ՀԱՍԱԿ) նախագահ Արման Ղուկասյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե երեւանցին ինչու պետք է հենց իրենց ձայն տա:
«Դա բնորոշ է շատ քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են այս ընտրություններին՝ իշխանությանը եւ չակերտավոր ընդդիմադիր ուժերին: Մենք տատիկներին, պապիկներին, երեխաներին եւ մեր այլ հայրենակիցների երբեք քաղաքական PR-ի համար չենք օգտագործում: Անթույլատրելի ենք համարում երեխաներին եւ տարեցներին նման կերպ մոտենալը: Մեր քաղաքական ուժը իրատեսական ծրագիր է ներկայացնում, չենք խոստանում ոսկե սարեր:
Քանի որ ինքներս երեւանյան ընտանիքներից ենք ու տարիներ շարունակ բախվել ենք մայրաքաղաքում առկա խնդիրներին, շատ լավ հասկանում ենք դրանք, դրանց հետեւից ենք գնում եւ բարձրաձայնում՝ շատ լավ իմանալով, որ այդ խնդիրները բոլորին են վերաբերվում , այդ խնդիրներից բոլորն են նյարդայնանում:
Ֆանտաստիկ մեգանախագծեր, մետրոյի կայարաններ, ճոպանուղիներ չենք խոստանում, որովհետեւ այլ խնդիրներ կան՝ ջրամատակարարման լուրջ խնդիր ունենք, բոլոր խողովակները շարքից դուրս են եկել: Մի խոսքով՝ սկսած աղբահանությունից, տրանսպորտից մինչեւ բնապահպանական եւ սոցիալական նախագծեր: Սա է իրականությունը, երեւանցին պետք ընտրի իրատեսական նախագծերը, որովհետեւ ոչ ոք երեւանցուց լավ չի կարող ասել, թե ինչ խնդիրներ կան Երևանում: Համոզված եմ, որ մարդիկ չեն գնալու քաղաքական պոպուլիզմի հետեւից, իրենք արդեն շատ են խաբվել: Մենք հասկանում ենք, որ իրականությունից բխող ծրագիր է պետք ներկայացնել եւ լուծումներ տալ այդ խնդիրներին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ որ բոլոր ուժերի ընտրական ցուցակում մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնց անունների դիմաց գրված է՝ չի աշխատում, դրան ինչպե՞ս է վերաբերվում, ՀԱՍԱԿ-ի նախագահն այսպես արձագանքեց. «Մեր ցուցակում էլ կան մարդիկ, որոնք թոշակառուներ են : Մեր ցուցակը կազմված է եւ երիտասարդներից, եւ ավագ սերնդի ներկայացուցիչներից: Մենք հասկանում ենք, որ երիտասարդների ջանքը, եռանդը շարժից ուժ են, բայց պետք է անպայման լինի նաեւ ավագ սերնդի փորձը: Եվ եթե մարդը չի աշխատում, դա չի նշանակում , որ ոլորտային մասնագետ չի կարող լինել, գուցե անցել է թոշակի:Իսկ ինչ վերաբերվում է երիտասարդ մարդկանց, որոնք չեն աշխատում, դա չեմ կարող մեկնաբանել, միգուցե աշխատում են, գրանցված չեն: Ես միայն մեր ցուցակի համար կարող եմ խոսել՝ կարեւորը մարդ լինի ոլորտի մասնագետ: Մեր ցուցակում տարբեր ոլորտների մասնագետներ են, այդպիսի համադրությամբ ենք հանդես գալիս՝ երիտասարդ մասնագետներ, գումարած ավագ սերնդի փորձը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ