Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի ու դպրության օրը և նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Դուք բոլորդ ապրում եք ժամանակակից արագ փոփոխվող ու հետաքրքիր աշխարհում: Այն իմացության և տեղեկացվածության մրցասպարեզ է, որտեղ հաղթում են նրանք, ովքեր կրթված են և զինված գիտելիքով: Դուք ոչ միայն սովորելու լավ հնարավորություններ ունեք, այլև սովորում եք շատ արագ՝ հասկանալով, որ ժամանակը չի սպասում և միշտ նոր պահանջներ է առաջադրում՝ ստիպելով լինել նախաձեռնող, ստեղծագործող, միտք արարող և միտքը գնահատող:
Դուք բոլորդ կարո՛ղ եք լինել այդպիսին: Կարո՛ղ եք, եթե չդադարեք փորձել, զարմանալ, հայտնագործել, չդադարեք երազել և մշտապես առաջ շարժվեք երազանքն իրականություն դարձնելու, նորին հասնելու և նորը ստեղծելու ճանապարհով:
Այդ ճանապարհի ձեր լավագույն ուղեցույցը Հայրենիքն է: Սովորելով ու կրթվելով, ճանաչելով ու գնահատելով շենացրեք ու հզորացրեք այն՝ ամենուր զգալով նրա շնչառությունն ու ձգողականության անդիմադրելի ուժը:
Կարդացեք նաև
Բարի երթ դեպի մտքի, գիտելիքի և տեխնոլոգիաների հարափոփոխ ու զարմանահրաշ աշխարհ:
Արմեն Սարգսյան
ՀՀ չորրորդ նախագահ