Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամայական է «Ճանաչում յանուն փրկութեան» ձեւակերպումի ընդառաջ իրաւաքաղաքական աշխատանքներ ծաւալելը . «Ազդակ»

Սեպտեմբեր 01,2023 11:08

Արցախի Հանրապետութեան հռչակման օրը կը նշուի ծանրագոյն պայմաններու մէջ: Արցախը կորսնցուցած է տարածքներ. 9-րդ ամիսը ըլլալով կը շարունակուի պաշարումը: Կ՛իրականացուի, մարդասիրական աղէտի ստեղծումով, ցեղային զտման քաղաքականութիւն` ամբողջական հայաթափման նպատակով:

Յղում կատարենք Արցախի Հանրապետութեան հռչակման փաստաթուղթին եւ տեսնենք, թէ ի՛նչ տարածքներու կը վերաբերի անկախութիւնը:

«Ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ համատեղ նստաշրջանը, արտայայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրուած է փաստացի անցկացուած հանրաքուէում եւ ԼՂԻՄ ու Շահումեանի շրջանային իշխանութեան մարմինների 1988-1991 թուականների որոշումներում, ազատութեան, անկախութեան, իրաւահաւասարութեան եւ բարի դրացիութեան նրա ձգտումը…»:

Անկախութիւնը հռչակուած է ԼՂԻՄ-եան տարածքներուն եւ Շահումեանի շրջանին վրայ: Այսօրուան հայկական Արցախի վերահսկողութենէն դուրս են ԼՂԻՄ-էն Շուշին եւ Հադրութը: Տակաւին չէ ազատագրուած նաեւ Շահումեանի շրջանը:

Անկախութեան հռչակումը եւ ինքնորոշումը միջազգային իրաւունք են: Հանրաքուէն` ժողովրդավար իրաւաչափ եւ միջազգայնօրէն ընդունուած եղանակ ժողովուրդի կամքի արտայայտումին. այլ խօսքով` ինքնորոշումին:

Անցնինք երկրորդ յղումին` «Հիմնուելով ԽՍՀ Միութեան գործող Սահմանադրութեան եւ օրէնքների վրայ, որոնք ինքնավար կազմաւորումներին եւ հաւաքական բնակուող ազգային խմբերին իրաւունք են տալիս ԽՍՀՄ¬ից միութենական հանրապետութեան դուրս գալու դէպքում ինքնուրոյն որոշելու իրենց պետական¬իրաւական կարգավիճակի հարցը…»:

Անկախութեան հռչակագիրով իսկ ամրագրուած է, որ Արցախը իբրեւ ինքնավար կազմաւորում եւ հաւաքական բնակուող ազգային խումբ դուրս կու գայ Խորհրդային Միութենէն եւ ոչ թէ Ազրպէյճանէն: Արցախը իրաւականօրէն երբեք մաս կազմած չէ Ազրպէյճանին, ո՛չ 1918-ին եւ ո՛չ ալ 1991-ին: Իսկ այս կէտը սերտօրէն կ՛առնչուի ինքնորոշուելուն հետ: Միջազգային օրէնքներու համահնչեղութիւնը Արցախի անկախացման գործընթացին հետ կարեւոր է: Միջազգային այդ իրաւաչափութիւնները հիմնաւորում են ինքնորոշուելուն, ինքնորոշուած տարածքներուն, ինքնորոշուելու եղանակին եւ այն միաւորին, որմէ անկախացած է Արցախը:

Եւ այս առումներով հրամայական է «Ճանաչում յանուն փրկութեան» ձեւակերպումի ընդառաջ իրաւաքաղաքական աշխատանքներ ծաւալելը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930