«Ադրբեջանը, որպես արհեստածին պետություն, կարող է հայտնվել կործանման եզրին: Ապագայում դրանից Հայաստանին շահառու դարձնելու համար, ազգային ուժերը պետք է այսօր կարողանան դիմակայել ներքին բոլոր մարտահրավերներին»,- «Առավոտի» զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
– Բազմաթիվ ողբերգություններից եւ կորուստներից հետո, մենք դեռ խոսում ենք հայրենիքի, պետության փրկության մասին ու սեպտեմբերի 2-ին հերթական հանրահավաքն է հրավիրում ընդդիմությունը: Ակնկալիքը ո՞րն է:
– Սեպտեմբերի 2-ի հանրահավաքն իմ կարծիքով ունի երեք հիմնական նպատակ:
Առաջին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակումը եղել է միջազգային տվյալ ժամանակահատվածի համար գործող բոլոր իրավունքների եւ սկզբունքների շրջանակներում: Այն հենված է սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու ժողովուրդների իրավունքի վրա եւ այսօր էլ աշխարհը պետք է համոզվի, որ Արցախը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում:
Կարդացեք նաև
Երկրորդ՝ երբ մենք, որպես մեկ միասնական ազգ, հավաքական ժողովուրդ` տեր չկանգնենք ինքներս մեր պայքարին եւ նպատակներին, ապա միջազգային հանրությունն ու որեւէ պետություն չի կարող մեզ աջակից լինել:
Երրորդ՝ երբ Նիկոլն ինքնագլուխ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում` շատ վտանգավոր ուղերձ հղելով աշխարհին, ապա հանրահավաքը լինելու է հակառակ ուղերձը: Հայ ժողովուրդը դեմ է իշխանություն կոչվածների այդ քաղաքականությանը եւ սատար է կանգնում Արցախում բնակվող իր քույրերի եւ եղբայրների արդարացի եւ իրավացի պայքարին:
– Ի՞նչ ենք լսելու հանրահավաքում. ասենք՝ հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ ներկայացվելո՞ւ է, թե՞ դարձյալ պիտի լսենք՝ ինչ վատ իրավիճակում ենք հայտնվել, ինչ վատն են ՀՀ իշխանությունները եւ քայլենք Երեւանի փողոցներով ու հայրենիքի փրկության գործը համարենք ավարտված:
– Բնականաբար, հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից իր ակնկալիքներն է ունենալու հանրահավաքից: Այսօր զարգացումները շատ արագ են տեղի ունենում, եւ կախված իրավիճակից՝ կարող են համարժեք զարգացումներ լինեն նաեւ հանրահավաքի ասելիքի եւ անելիքի մեջ: Գլխավոր խնդիրն այն է` ինչ հայտարարվել է. սատար կանգնել Արցախին, միասնականություն ցուցաբերել մեր երկրի համար կենսական հարցում: Որովհետեւ արդեն իսկ ակնհայտ է, որ չլինի Արցախը` չի լինելու նաեւ Հայաստանը:
– Տեսակետ կա, որ Արցախում, որտեղ գործընթացները կարծես կրիտիկական փուլ են մտել, իշխանափոխություն իրականացնելով՝ հնարավոր է, հայաստանյան իշխանության դիրքերը թուլացնել եւ այստեղ հասնել իշխանափոխության. համամի՞տ եք:
– Անկախ նրանից, թե ի՞նչ կլինի Արցախի ներքաղաքական կյանքում` Հայաստանում իշխանափոխությունը վաղուց արդեն օրախնդիր է: Քանի դեռ այդ հարցը չի լուծվել` ոչ մի դրական զարգացում չի լինելու: Ասֆալտ անելը չի մեր երկրի գլխավոր խնդիրը` այլ անվտանգությունը, որը հիմնովին ձախողել են այս կապիտուլյանտները: Ասֆալտ անելը, կամ մայթերը սալիկապատելն ով ասես` կարող է անել: Դա շարքային «պրարաբի» գործ է: Մեզ այս իրավիճակում Հայաստանի ու Արցախի անվտանգության, մեր քաղաքացիների իրավունքների, միասնականության, համերաշխության, պաշտպանունակության եւ շահավետ արտաքին քաղաքականությամբ զբաղվող իրական փորձառու իշխանություն է պետք:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք այն ամենն, ինչ կատարվում է Արցախում, այդ թվում նաեւ՝ ռուս խաղաղապահների լուռ համաձայնությամբ Հակարիի անցակետը հատող երիտասարդներին առեւանգելու մասին. ՌԴ-ն չի՞ ցանկանում, թե՞ չի կարողանում նոյեմբերի 9-ով ստանձնած իր պարտավորությունները կատարել:
– ՌԴ-ն, ինչպես նաեւ մյուս տերությունները կանեն իրենց ստանձնած պարտավորություններն ու միջազգային դերակատարումն այն դեպքում, երբ Հայաստանի իշխանություն կոչվածներն առաջին հերթին իրենք պաշտպանեն հայ ժողովրդի շահերը: Նրանք չեն կարող մեզանից ավելի հայ լինել: Ռուսական խաղաղապահներն, իհարկե, շատ վատ է, որ գործնականում չեն միջամտել կամ չեն կարողացել կանխել մեր հայրենակիցների առեւանգումը: Բայց մենք պետք է խոսենք նաեւ պատճառների մասին, թե ինչո՞ւ է մեր ռազմավարական դաշնակիցը մեզ վերաբերող հարցում այդպես վարվում: Երբ Ֆրանսիայի քաղաքների քաղաքապետերը հումանիտար աղետի եւ սովի մատնված Արցախի համար հումանիտար բեռներով գալիս են Հայաստան եւ տեսնում են, որ ՀՀ իշխող քաղաքական ուժը Երեւանում ու մարզերում համերգներ է անում` ի՞նչ պետք է մտածեն մեր մասին: Այսինքն, ռուսները, ֆրանսիացիները, ամերիկացիները պետք է մեր թշնամու հետ պայքարեն, իսկ մենք` թշնամու կողմից անընդհատ խոցվող ու օկուպացվող երկրի իշխանություններով հանդերձ խոսենք ասֆալտի՞ց, համերգների՞ց ու թոշակների՞ց: Այդպես չի լինում: Ստեղծված իրավիճակում դա քաղաքական տհասություն ու ազգակործան գործունեություն է:
– Դեռ ի՞նչ իրադարձությունների հնարավոր է ականատես լինենք:
– Եթե իշխանափոխություն չհաջողվի իրականացնել` ցավոք, լավ իրադարձություններ չեն լինելու: Նիկոլը` Սերժ Սարգսյանի թողած բարվոք եւ նպաստավոր վիճակից, ընդամենը հինգ տարում երկիրը հասցրել է այս աղետալի իրավիճակին: Ի՞նչ եք ուզում սպասել աղետալի վիճակում գտնվող Նիկոլից. հրա՞շք: Քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում, հատկապես որ, քո երկրի իշխանություն կոչվածները դավադիր ու ազգակործան կեցվածք ունեն եւ առաջնորդվում են մանիպուլյատիվ ու խաբեությունների վրա կառուցված վարքաբանությամբ:
Վերջում ավելացնեմ մի դիտարկում, որն ապագայում կարող է շատ հավանական դառնալ. Ադրբեջանը, որպես արհեստածին պետություն, կարող է հայտնվել կործանման եզրին: Ապագայում դրանից Հայաստանին շահառու դարձնելու համար, ազգային ուժերը պետք է այսօր կարողանան դիմակայել ներքին բոլոր մարտահրավերներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.09.2023