Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կրկին պնդել է՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրականցվում է ցեղասպանություն: Այս տեսակետն անընդունելի է բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնի համար։
Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պնդել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Հայկական կողմի խնդրանքով նա իր փորձագիտական կարծիքն էր ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին:
Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրեց մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն:
«[Արդարադատության միջազգային դատարանի] 15 դատավորներ միաձայն որոշեցին, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում [բնակվող] մարդկանց կյանքին»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով, ադրբեջանական կողմի մտադրություններն ակնհայտ են. Բաքուն շարունակաբար մերժում է Լաչինի միջանցքը վերաբացելու միջազգային հանրության կոչերը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Լուիս Մորենո Օկամպոն կարևորեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ միջազգային հանրությանը, հատկապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ահազանգելու համար, որոնք ներգրավված են ղարաբաղյան բանակցային գործընթացում:
«Եթե գործ ունենք մարդասիրական ճգնաժամի հետ, ապա նրանք [միջազգային հանրությունը] կարող են կոչ անել քաղաքական բանակցություններ վարել, կարող են այլ որակավորողներ տալ, սակայն եթե դա ցեղասպանություն է, ապա ունենք այլ իրավիճակ»,- նշեց նա։
Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի շուրջ ծավալված քննարկմանը, և այն, որ հայկական կողմից զատ, որևէ այլ երկիր զերծ մնաց տեղի ունեցածը որակել «ցեղասպանություն», Օկամպոն հիշեցրեց, որ 1990-ականներին՝ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր «զանգվածային սպանությունները»՝ խուսափելով դրանք կոչել «ցեղասպանություն»:
Նրա խոսքով, պետությունները չեն ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, քանի որ ճանաչման դեպքում պետք է դիմեն որոշակի գործողությունների:
«[ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդում յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, իսկ այստեղ՝ այդ առումով շահ չունեն: Իրավական առումով ամեն ինչ պարզ է: Քաղաքական տեսանկյունից է բարդ, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին՝ Իրանի հետ հակամարտությունում։ Եվրոպային անհրաժեշտ են տարածաշրջանից եկող էներգակիրներ։ Այսպիսով, առկա են բազմաթիվ քաղաքական շահեր, որոնք ազդում են իրավական արձագանքի վրա»,- ասաց Օկամպոն։
Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան գալով համաձայնության Լեռնային Ղարաբաղի հարցում՝ կարող են ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ և արագորեն հասնել Լաչինի միջանցքի վերաբացմանը:
«Դա ամենադյուրին ճանապարհն է: Եթե դա չի աշխատում, իհարկե, առկա է օդային կամրջի միջոցով բնակչությանը պարենով ապահովելու տարբերակը: Բայց կարծում եմ, որ դա պլան Բ-ն է»,- փոխանցեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը։
Արգենտինացի փաստաբանի ներկայացմամբ, Միացյալ Նահանգներն ունի բավականաչափ լծակներ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու համար։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պարզապես չի կարող աջակցել Բաքվին՝ ճնշումներ գործադրել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, քանզի նման քայլը ԱՄՆ-ն կդարձնի մեղսակից:
Օկամպոյին հակադարձում է ադրբեջանական կողմի խնդրանքով իր փորձագիտական կարծիքը ներկայացրած բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնը՝ նախկին գլխավոր դատախազի հեղինակածը որակելով «քաղաքականացված և անհիմն», քանզի «բացակայում են ցեղասպանությունը հաստատող ապացույցներ»:
«Չկա որևէ ապացույց, որը կհիմնավորի, թե առկա է ցեղասպանության տարր: Խոսքը՝ որևէ խմբի ամբողջությամբ կամ մասնակի ֆիզիկապես ոչնչացնելու հատուկ մտադրության մասին է: Մորենո Օկամպոյի ներկայացրածում տեղ գտած հղումները չեն վերաբերում այս հիմնարար պահանջին»,- ընդգծեց Դիքսոնը:
Նրա կարծիքով, Օկամպոյի տեսակետն ամբողջությամբ խեղաթյուրում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
«Անգամ մի կողմ դնելով այն, որ այս գործերը (Ադրբեջանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի և մյուսը՝ Հայաստանի հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի) ամենևին էլ ցեղասպանության մասին չեն, ապակողմնորոշիչ է ենթադրել, որ դատարանը որպես փաստ արձանագրել է, թե Ադրբեջանի կողմից իրականցվում է որևէ շրջափակում»,- նշեց բրիտանացի փաստաբանը։
Ռոդնի Դիքսոնը շարունակեց, թե Մորենոն նաև չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հայությանն այլընտրանքային ճանապարհով՝ Աղդամով, մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի առաջարկին: Ընդհանուր առմամբ, Դիքսոնը թերի, ոչ ճշգրիտ որակեց Օկամպոյի վերլուծությունը՝ հավելելով, թե այն խոչընդոտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը:
Լուիս Մորենո Օկամպոն անընդունելի համարեց Դիքսոնի հնչեցրած քննադատությունը՝ հիշեցնելով, որ միջազգային արդարադատության համաձայն, Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, և փակելով ճանապարհը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը վերածում է համակենտրոնացման ճամբարի:
Արգենտինացի փաստաբանը ուշադրություն հրավիրեց՝ խնդիրը միայն սնունդը չէ, և այլընտրանքային ճանապարհով մեկ անգամ սնունդ տեղ հասցնելով հարցը չի կարող լուծված համարել:
«Որևէ պատճառ չկա, որը թույլ չէ տալիս Ադրբեջանին իրագործել միջազգային դատարանի որոշումը»,- ասաց նա:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Ամերիկայի ձայն»