Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջափակման մեջ, հումանիտար աղետի ու սովի եզրին գտնվող Լեռնային Ղարաբաղում, սեպտեմբերին ընդառաջ, ավելի շատ քննարկվում է ոչ թե սննդի, այլ ուսումնական տարին սկսել-չսկսելու հարցը

Սեպտեմբեր 01,2023 09:00

Երկու ամսական երեխան գրկին՝ Էլինա Համբարձումյանը Ստեփանակերտի գրախանութներում արդեն երկու շաբաթ, թուղթ ու գրիչ է ման գալիս։ Գտել է ընդամենը երկու գրիչ՝ կարմիր թանաքով, ու չի կողմնորոշվում, թե 5 դպրոցահասակ երեխաներից որին պիտի տա։ Էլինան մտահոգված է։ Ասում է՝ ինչպե՞ս եմ երեխաներին ճանապարհելու դպրոց: Նրա ավագ որդին փոխադրվել է 7-րդ դասարան, մյուս տղաները՝ 3-րդ և 2-րդ, իսկ զույգ աղջիկները՝ առաջին դասարան։

9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում նման մտահոգություններով ապրող հազարավոր ծնողներ կան, իսկ գրենական պիտույքների խնդիրը միակը չէ։ Նախորդ տարիներին երեխաներին դպրոց, դպրոցից՝ տուն է տարել Էլինան՝ մեքենայով, բայց հիմա մեքենան կանգնած է, վառելիք չկա։ Նույն՝ վառելիք չլինելու պատճառով չի աշխատում նաև հանրային տրանսպորտը,

«Ամենամոտ դպրոցը տնից մի քանի կիլոմետր հեռու է»,–ասում է Էլինան։ Տետր–գրիչից ու ճանապարհից բացի` նա նաև երեխաներին կերակրելու միասին է մտածում։ Չի ուզում, որ սննդի խնդիրը խանգարի նրանց կրթությանը, թեպետ նշում է՝ այսօր երեխաները ձավար են կերել, ուրիշ ոչինչ, անգամ հաց չի կարողացել գնել։ «Ավելի շատ դպրոցի մասին եմ մտածում, քան ուտելիքի։ Շատ եմ ուզում՝ դպրոցը բացվի, քանի որ երեխաներս էլ լավ են սովորում, ափսոս է, որ նրանց կրթությունն ընդհատվի։ Առանց այդ էլ՝ պատերազմի ու քովիդի ժամանակ երեխաները նորմալ կրթություն չեն ստացել»,–նշում է բազմազավակ մայրիկը։

Շրջափակման մեջ, հումանիտար աղետի ու սովի եզրին գտնվող Լեռնային Ղարաբաղում, սեպտեմբերին ընդառաջ, ավելի շատ քննարկվում է ոչ թե սննդի, այլ ուսումնական տարին սկսել-չսկսելու հարցը: Սոցիալական ցանցերում դեղի, կաթնախառնուրդի, շաքարավազի, աղի ու կարևոր այլ ապրանքների կողքին նաև գրենական պիտույքների ու դպրոցական հագուստի փնտրտուք է։

«Եթե մարդ կա` ավել բարակ տետր ունի ու ցանկանում է վաճառել, խնդրում եմ թող ինձ գրի, բայց ոչինչ չունեմ փոխանակելու: Պարզապես շատ եմ ուզում, որ երեխաս դպրոց գնա: Չարիք կլինի, եթե ուսումնական տարին սկսվի, իսկ մեր երեխաները զրկվեն կրթվելու իրավունքից»,–գրում է օգտատերերից մեկը:

«Մենք պատրաստվում ենք այս իրավիճակում սկսել նոր ուսումնական տարին»- մեզ տված հարցազրույցում ասում է Լեռնային Ղարաբաղի Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:

Նախարարն էլ է արձանագրում, որ խնդիրներն ու մարտահրավերները շատ են՝ թերսնում, գրենական պարագաների բացակայություն, դպրոցներում և, առհասարակ, բոլոր ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակի հարցեր։ Նախարարությունն ու կառավարությունը փորձում են գտնել դրանց լուծումները:

Հասարակագիտության ուսուցչուհի Նունե Լալայանը նույնպես կարծում է, որ չնայած բոլոր դժվարություններին` դպրոցները պետք է բացվեն: «Մեր դեմ վարվում է հիբրիդային պատերազմ ու այս պատերազմում թշնամին թիրախավորում է դպրոցը, ձգտելով ոչնչացնել գիտելիքը»: Լալայանը վերհիշում է 90-ականներին իր սերնդակիցների դպրոց հաճախելը գրեթե նույն պայմաններում`առանց պայուսակ, առանց տետրեր ու գրենական պիտույքներ։ Սակայն դա չի կարողացել խոչընդոտել իր ուսում ստանալու ցանկությանը: «Ծանր է, բայց ես գիտեմ,որ մենք պատվով կհաղթահարենք այս մարտահրավերը, ինչպես 90-ականներին և կունենանք ազգային մտածելակերպով, հայրենասիրության և պետականության ոգով և բարձր կոլեկտիվ պատասխանատվությամբ օժտված սերունդ»:

2022-23 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը բոլոր ուսումնական հաստատությունները սկսեցին արդեն շրջափակման պայմաններում: Դժվարությունները սպասել չտվին․ սկսվեցին հոսանքի պարբերական անջատումները, դասարաններն ու լսարանները ցուրտ էին։ Գազամատակարարման ընդհատումներով պայմանավորված՝ հունվարի 18-30- ը ընդհանրապես չեն գործել բոլոր 118 դպրոցները՝ շուրջ 20,000 երեխա զրկվել է կրթություն ստանալու իրավունքից:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրթության իրավունքի ապահովումը միայն դպրոցների վերաբացում չէ։ Ուսումնական գործընթացին երեխայի պատշաճ մասնակցության պայմանները ներառում են դպրոցական պատշաճ սնուցում, գրենական պիտույքների առկայությունը, դպրոցում համապատասխան սանիտարական պայմանները: Պաշտպանը մտահոգված է, որ Արցախի կառավարությունն ի վիճակի չէ ամբողջությամբ ապահովել այս բոլոր բաղադրիչները շրջափակման պայմաններում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ պետությունը պարտավոր է ապահովել կրթության իրավունքի իրացումը նույնիսկ դրա օբյեկտիվ անհնարինության պայմաններում։

Ստեփանակերտից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ճարտարում երեք երեխաների մայր Գյուլնարա Հարությունյանի մտահոգությունները կրկնապատկված են:

Հարությունյանը ամուսնուն կորցրել է 2020 թվականի պատերազմի ժամանակ և մենակ է խնամում երեխաներին: Նրանցից երկուսը դպրոցահասակ են, այս սեպտեմբերին հաճախելու են 4-րդ և 7-րդ դասարան: Իսկ ավագ դուստրն այս տարի ընդունվել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան: Բոլոր տեղացի ծնողների մտահոգություններից բացի՝ կապված գրենական պիտույքների, հագուստի ու սննդի հետ, Գյուլնարան անհանգստանալու ևս մեկ պատճառ ունի։ Արդեն ուսանող դարձած դուստրը պետք է գնա Երևան, ինչպե՞ս․ դեռ հայտնի չէ, քանի որ Լ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է:

«Շատ եմ անհանգստանում, թե ինչպես է թուրքերի (նկատի ունի ադրբեջանցիների) միջով ճանապարհը անցնելու»,– ասում է մայրը։ Հետո ավելացնում է․ «Երբեմն մտածում եմ՝գուցե այլևս չեմ տեսնելու երեխայիս, բայց կարող է հենց դա է նրա փրկությունը։ Այս պայմաններից գոնե կարողանամ մեկին փրկել»,- հեռախոսի մեջ նվաղում է մոր ձայնը:

«Հայաստանի և արտերկրի բուհեր ընդունված ուսանողների հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք դիմել էինք շահագրգիռ և կարող կառույցների՝ օգնելու տեղափոխել ուսանողներին: Այս օրերին այդ գործընթացը իրականացվում է ռուս խաղաղապահների օգնությամբ: Հուսով ենք՝ մինչև սեպտեմբերի 1-ը կկարողանանք կարգավորել բոլոր ուսանողների տեղափոխման հարցը»,- ասում է նախարարը:

Գյուլնարայի դստեր՝ Սրբուհու հետ մենք խոսեցինք հեռախոսով, երբ նա ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն անցել էր Հակարիի անցակետը:

«Անցակետում բազմաթիվ տեսախցիկներով մարդիկ կային, մենք մեզ զգում էինք կրկեսում, ամեն կողմից մեզ նկարում էին, շատ տհաճ էր»,– ասում է Սրբուհին։

Ավելացնում է․ «Մի պահ անձնագիրս հետ տվեցին, հետո նորից վերցրեցին։ Այդ պահին մարմնովս դող անցավ, հատկապես որ հայրս էլ մասնակցել է պատերազմին ու զոհվել: Մտածում էի՝ դրա պատճառով կարող են հետս վատ վարվել»: Հարցին՝ կուզի՞ վերադառնալ, Սրբուհին պատասխանեց․ «Ես եկել եմ իմ երազանքի հետևից՝ սովորելու ու հետ գալու Արցախ։ Բայց եթե էլի այդ պայմաններով եմ անցնելու, հավանաբար, ոչ։ Անգամ ընտանիքից հեռու գտնվելու դեպքում չեմ կարող նորից անցնել այդ ստորացման ու վախի պայմաններով»։

Ադրբեջանական անցակետում դրամատիկ զարգացումներ են եղել օգոստոսի 22-ին՝ ուսանողների երկրորդ խումբը Հայաստան տեղափոխելու ժամանակ։ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական լրատվամիջոցները մոտեցել են ուսանողուհի Էլեն Առստամյանին և հարցրել՝ անխոչընդո՞տ է անցել սահմանը։ Աղջիկը դրական է պատասխանել և ժպտալով։

Այս միջադեպը լայն արձագանք է ստացել սոցցանցերի ադրբեջանական և հայկական տիրույթներում:

Գյուլնարայի անհանգստությունը բոլորովին անհիմն չէր: Օգոստոսի 28-ին ադրբեջանական զինուժի կողմից Հայաստան տեղափոխելու ժամանակ ապօրինի ադրբեջանական անցակետում առևանգվել են արցախցի երեք խաղաղ բնակիչներ, որոնց ուղեկցել է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած` առևանգված հայ ուսանողների նկարները վկայում են այն մասին, որ ուսանողներից առնվազն մեկի մոտ առկա են խոշտանգումների տեսանելի նշաններ: Այդ միջադեպից հետո ռուս խաղաղապահների կողմից Արցախի քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է: Հետևաբար արցախցի բազմաթիվ ուսանողներ զրկվում են ազատ և անվտանգ տեղաշարժի ու դրա հետևանքով կրթություն ստանալու իրավունքից, քանզի ադրբեջանական ուժերը կարող են կամայականորեն առևանգել նրանց, ում կամենում են:

Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատեց Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին ուսումնական տարվա մեկնարկը, միևնույն ժամանակ նշելով, որ դրանից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում։

Հեղինակի լուսանկարներում՝ Ստեփանակերտի ամենամեծ գրախանութներից մեկի դատարկ դարակները

Սիրանուշ ՍԱՐԳՍՅԱՆ

Սկզբնաղբյուրը՝ https://iwpr.net/global-voices/start-school-jeopardy-nagorny-karabakh-blockade-continues

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930