Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնել ու ստեղծել գեղեցիկը եւ վշտից ու անարդարությունից փրկվել այդ գեղեցկությամբ»

Սեպտեմբեր 01,2023 13:00

Հարցազրույց ռեժիսոր Իլյա Մոշչիցկիի հետ

– Հարգարժան Իլյա, թեեւ սա մեր առաջին հանդիպումն է, բայց 2022թ. ՆՓԱԿ-ում ձեր ռեժիսուրայով «Բոլոր հաղորդագրությունները ջնջված են» եւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում «Երեք գույն. ծիրանագույն» բեմադրություններից հետո, կարելի է ասել՝ դուք ցանկալի ու սպասված եք մեր հանդիսատեսի համար։ Այս օրերին էլ Համազգայինում ընթանում են ձեր հերթական՝ «Մոռանալ» պիեսի փորձերը, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 14-ին։ Ռուսաստանյան մամուլը անդրադառնալով ձեր գործերին, մշտապես ձեզ որակում է իբրեւ փորձարարական ռեժիսոր, նշելով, թե նախընտրում եք բեմադրություններ իրականացնել ոչ թե թատրոնի բեմում, այլ ոչ ստանդարտ տարածքներում՝ կրկեսի արենա, բացօթյա տարածքներ եւ այլն։ Բայց մինչ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները լսելը, ուզում ենք մի ոչ ստանդարտ հարց ուղղել ձեզ. ռուսաստանաբնակ տաղանդավոր գրող Սերգեյ Դովլաթովը, որի մայրը ազգությամբ հայ էր, հայրը՝ հրեա, եւ ինչպես դուք, ապրել ու ստեղծագործել է Սանկտ Պետերբուրգում, հարցին՝ իրեն ո՞ր ազգի ներկայացուցիչ է համարում, պատասխանել է՝ մենթալիտետով ռուս եմ։ Ձեր մայրն էլ է հայուհի, հայրը՝ հրեա, այդ հարցին դո՞ւք ինչպես կպատասխանեք։

– Ես պետերբուրգցի եմ։

– Ձեզ հետ հանդիպումից առաջ միայն տեղեկացանք, որ շուրջ մեկ տարի է՝ ապրում ու ստեղծագործում եք Երեւանում…

– Պատճառը մեկն է՝ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայի դեմ։

– Մասնագետների կարծիքով այդ պատերազմը դեռ շարունակվելու է…

– Հասկանալի է։ Պիտեր իմ վերադարձը կախված է քաղաքական իրավիճակից։

– Հիմա կխնդրեինք պատասխանել, թե ի՞նչ է ժամանակակից թատրոնը եւ ինչո՞ւ եք նախընտրում ոչ ստանդարտ բեմերը։

– Ձեր հարցը շատ մեծ դասախոսության թեմա է։ Կփորձեմ կարճ պատասխանել։ Գերմանացիների մոտ այսպիսի մի արտահայտություն կա՝ զգալ ժամանակի «դուխը»։ Իմ բոլոր բեմադրությունները դրա ուղղակի պատասխանն են։ Մարդը միշտ թույլ է եւ ուզում է ինչ-որ տեղ ուժ հավաքել ու միշտ առճակատման մեջ է մտնում բարդ, հսկայական, այնքան դաժան իրականության հետ։ Ժամանակակից ռեժիսորը պետք է զգա ու ներկայացնի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ամեն թրթիռը։ Իսկ դրանք հանդիսատեսին հասցնելու համար օգնում են, նույնիսկ անհրաժեշտ են դառնում օգտագործել ոչ ստանդարտ տարածքներ։

– Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր՝ ժամանակակից ռեժիսորի հետ աշխատող ժամանակակից դերասանը։

– Նա պետք է լինի մաքսիմալ հագեցած մարդ, ով գիտի ու հասկանում է, որ մտնելով ժամանակակից թատրոնի տարածք, կարող են իրենից այսօր մի բան պահանջել, վաղը՝ արմատապես այլ բան… Ժամանակակից դերասանը պետք է լինի հնարավորինս ճկուն մարդ. այն, ինչ ճկուն է, չի կարող կոտրվել։

– Հիմա անդրադառնանք ձեր «Մոռանալ» պիեսին, որի սցենարի հեղինակն եք նաեւ։ Ընդամենը տեղեկացված ենք, որ այն նվիրված է Սերգեյ Փարաջանովի կյանքին ու արվեստին։ Հակիրճ կներկայացնե՞ք սցենարը, թեեւ գիտենք, որ ոչ բոլոր ռեժիսորներն են պատրաստ, այդ թվում՝ դուք, խոսել գալիք բեմադրությունների մասին։

– Այո, ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի կյանքին ու արվեստին, ում ծննդյան 100-ամյակը, վստահ եմ՝ 2024թ. կտոնի ողջ աշխարհը։ Բեմադրությանը մասնակցում է չորս դերասան։ Այն սկսվում է հետեւյալ տեսարանով. դերասանները բեմում շարում են գրքեր, այդպիսով ուղղելով մեր միտքը Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի այն տեսարանին, երբ Սանահինի վանքի տանիքին փռված չորանում են  անձրեւից տուժած գրքեր։ Այդ ընթացքում դերասանները դասավորելով գրքերը, զրուցում են կյանքի, արվեստի, մահվան, սիրո, ցավի, Աստծո… ու հավերժության մասին, երբեմն էլ ուղղակի լռում են։ Գիտեք, Փարաջանովը «Խոստովանանք» գրքի վերջում իրեն կոչում է «մարդ՝ ճշմարտության որոնումներում»։ Եվ այդ բնորոշումը ներկայացմանը տալիս է ուղղություն՝ փորձելով մի փոքր մոտենալ ճշմարտությանը կամ՝ իր գոյությամբ չափել հեռավորությունը ճշմարտության ու սեփական անձի միջեւ։ Ըստ իս՝ ներկայացումը հանդիսատեսին փոխանցում է Փարաջանովի՝ աշխարհի հանդեպ վերաբերմունքը որպես արվեստի գործ, սահմանելով կյանքի փարաջանովյան օրենքը՝ կարողանալ տեսնել ու ստեղծել գեղեցիկը նույնիսկ ամենաանմարդկային պայմաններում, վշտից ու անարդարությունից փրկվել այդ գեղեցկությամբ։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930