Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորեցի չհարմարվել այն իրականության հետ, որն ինձ նեղություն է տալիս»

Սեպտեմբեր 01,2023 12:30

«Առավոտի» զրուցակիցը դերասանուհի Լիանա Վարդանյանն է

– Լիանա, ո՞րն էր այն ճանապարհը, որը քեզ բերեց դեպի դերասանական արվեստ։

– Սուտ կլինի, եթե ասեմ` մանկուց էի երազում դերասան դառնալու մասին։ Ավելին` բավականին ամաչկոտ եւ փակ երեխա եմ եղել։ Իրականում պատահական եմ հայտնվել թատերական ինստիտուտում։ Պետք է պարապմունքների գնայի կոնսերվատորիա ընդունվելու համար, եւ գնացի երգեցողության կրկնուսույցի՝  թատերական ինստիտուտի դասախոս Ռոմելա Միխայիլովնայի (Գրիգորյան,-Վ.Ա.) մոտ։ Հենց մուտքից ես վարակվեցի մի անբացատրելի սիրով թատերական աշխարհի հանդեպ։ Կարծում եմ` պատճառները շատ են, որոնցից մեկն այն է, որ այդ ինստիտուտի ներսի մարդիկ  ազատ ինքնադրսեւորվում են, այդ բուհը մարդու մասին է։ Ոչ մի այլ տարածքում, բացի իմ տնից, ես ինձ այդքան լավ չեմ զգացել, ինչպես ԵԹԿՊԻ-ի ներսում։ Ինձ համար այս բուհը դարձավ տուն, որտեղ ես ծանոթացա ինքս ինձ հետ եւ ձեւավորվեցի որպես անհատականություն։

– Գիտեմ, որ դերեր ես ունեցել ե՛ւ թատրոնում, ե՛ւ կինոյում։ Բայց այսօր քեզ միայն կինոյում ենք տեսնում… Ինչո՞ւ։

– Այսօրվա թատրոնը, ցավոք սրտի, փտած սիստեմով է առաջնորդվում, արմատացած է խնամի-ծանոթ-բարեկամ մեխանիզմը։ Ես ինքնակամ դուրս եմ եկել թատրոնից, քանի որ չեմ ուզում նրա մի մասը կազմել։ Ես չեմ ընդունում, որ 40 տարեկան կլոր կնոջը տալիս են հերոսուհու կերպարներ այն դեպքում, երբ թատերական ինստիտուտը տարեկան ավարտում են տասնյակ տաղանդավոր երիտասարդներ։ Ես չեմ ուզում իմ երիտասարդ տարիները նվիրեմ մի կառույցի, որը բացի ինքնաբավարարման,  ինքն իրեն դերեր, ներկայացումներ նվիրելով ուրիշ ոչնչով չի զբաղվում։ Ես չեմ ուզում լինել մի թատրոնում, որտեղ մարդիկ տարիներով իրենց հաստիքին են սպասում, իրենց ոսկի ժամանակը նվիրում են երկրորդական դերերի, կամ ավելի վատ՝ պարողների դերում հանդես գալուն։ Երկար կարող եմ թվարկել, բայց թատրոնի ամենագաղջ ու զզվելի դեմքը տեսա այն ժամանակ, երբ ինձ հրավիրեցին գլխավոր դերակատարման համար մի թատրոն, որտեղ պետք է Կայսրուհի խաղայի։ Փորձերը սկսվել էին, թվում էր, թե ամեն բան կարգին է, բայց արի ու տես, ես այդ թատրոնի դերասանուհիներին մրցակից էի։ Մարդիկ գնացին, ազատման դիմումներ գրեցին, ասելով` կամ մենք, կամ ինքը, մենք էլ լավ դերասանուհիներ ունենք, ինչո՞ւ հենց ինքը պետք է գլխավոր դեր խաղա, մենք` երկրորդ պլանում հանդես գանք։ Ու այդ ամբողջ պատմության մեջ ինձ զարմացրեց գեղարվեստական ղեկավարի պահվածքը. նա փորձում էր ռեժիսորին համոզել, որ հրաժարվի ինձնից, եւ ընտրի իրենց «մենյույից» որեւէ մեկին։ Բայց ո՛չ իրենք խաղացին, ո՛չ ես։ Թատրոնի իրական, մոգական աշխարհը, հոտը, մթնոլորտը, էմոցիաները, դերասանի ամենամեծ պարգեւավճարը` ծափերը, անկեղծ եմ ասում՝ ոչինչի հետ չեմ փոխի, բայց… Նպատակահարմար եմ գտնում խաղալ որակյալ ֆիլմերում, իրենց գործին նվիրյալ թիմում, որտեղ բոլորը մտածում են մի բանի մասին` լավ կինոարտադրանք ստանալու մասին, քան ես ինքնախաբեությամբ զբաղվեմ, փտեմ մի թատրոնում՝ խաղալով իմ բնությանը դեմ կերպարներ, օրինակ՝ տարեց կանանց կերպար հանուն նրա, որ ասեմ ես այս թատրոնի դերասանուհի եմ։ Երբեք։ Իմ տեղը լավ էլ գիտեն, պետք չէ հոսանքի մեջ գտնվել միայն նրա համար, որ թատերական «էլիտան» քեզ հիշի։

– Իսկ ո՞ր թատրոնի մասին է խոսքը։

– Կներեք, բայց չեմ ցանկանում փակագծերը բացել։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։

– Քո անցած ստեղծագործական ուղին ինչպե՞ս կբնութագրես։

– Դժվարանում եմ հստակ պատասխան տալ, բայց մի բան հստակ կարող եմ ասել` շնորհակալ եմ ինքս ինձ՝ ամեն մի ձախողման, սայթաքելու, ցավոտ իրադարձությունների կիզակետում հայտնվելու համար։ Այդպիսի դեպքերը քիչ չեն եղել իմ ստեղծագործական կյանքում։ Ես հենց դրանց շնորհիվ եմ դարձել կայացած, երկու ոտքի վրա ամուր կանգնած մարդ, ում հիմա շատ դժվարությամբ կկարողանան տեղից շարժել։ Այդ ընթացքում դասեր եմ քաղել, հասկացել, որ չպետք է վստահել ամեն մեկին, չխոստանալ այն, ինչ քեզնից կախված չէ։ Այդ ընթացքում նաեւ ինքս ինձ հասցրի հարցել տալ հասկանալու համար, թե իրականում ինչո՞ւ է այս ամենն ինձ պետք։ Սովորեցի չհարմարվել այն իրականության հետ, որն ինձ նեղություն է տալիս եւ ճիշտ ժամանակին ու պահին ճակատագրական դադարներ ունեցա։ Ամենակարեւորը՝ սովորեցի համբերել։

– Տարածված կարծիք կա, որ կինոյի եւ թատրոնի դերասանները տարբերվում են, երբեմն կինոխցիկի առաջ պետք է հրաժարվել թատրոնից, մի շարք արտահայտչամիջոցներից։ Ի՞նչ կասես այս ուղղությամբ։

– Իհարկե, կինոյի եւ թատրոնի լեզուները շատ տարբեր են։ Տեսախցիկի հետ աշխատանքը մի ուրիշ վարպետություն է պահանջում, որը կա՛մ դերասանի բախտը կբերի՝ մի քանի ֆիլներում նկարվելիս կհասկանա, կա՛մ էլ այդպես կմնա գրոտեսկային սերիալների ծաղրանման կերպարների մեջ։

Շատ եմ ցանկանում, որ  բոլոր ուսանողները պարտադիր կերպով տարրական գիտելիքներ ստանային տեսախցիկի հետ աշխատելու մասին, որովհետեւ քաստինգների ժամանակ միշտ ծաղրական վերաբերմունքով ասում են՝ մենակ թատերականից մարդ չուղարկեք։ Սկզբից ինձ համար շատ խորթ ու ինչ-որ տեղ նեղացնող էր, երբ լսում էի նման բան, բայց երբ ականատես եղա, թե ինչ անգրագիտությամբ են շնորհալի դերասանները տեսախցիկի հետ աշխատում, հասկացա, որ իրականում նրանք այդքան էլ մեղավոր չեն, պետք է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ապահովի եւ սպառազինի դերասանին կինոարվեստի գիտելիքներով, որ այսուհետ պահանջված լինեն միայն մասնագիտացված դերասանները։

– Լիանա, իսկ ստեղծագործական ներշնչանքի համար ինչի՞ն ես ուշադրություն դարձնում, ի՞նչն է քեզ ոգեւորում։

– Ես սիրում եմ տաղանդն իր բոլոր դրսեւորումներով։

– Արվեստից զատ, քեզ ի՞նչն է հետաքրքրում այս իրականության մեջ:

– Ես երկրորդ մասնագիտությամբ իրավաբան եմ, ներկայումս էլ աշխատում եմ այդ մասնագիտությամբ։ Իմ շրջապատը շատ զարմացավ այդ ընտրությունից։ Առաջին հայացքից թվում է, թե տարբեր մասնագիտություններ են, բայց ասեմ, որ կա նմանություն։ Երկու դեպքերում էլ պետք է ուսումնասիրես առարկան, շատ դեպքերում` մարդուն, խորանաս, նրա արարքների դրդապատճառները հասկանաս, գտնես արդարացում ինքդ քո մեջ։ Իսկ դերասանական արվեստում, ներկայացման ժամանակ քո բոլոր գործիքներով` ձայնով, խոսքով, մարմնով, հանդիսատեսին պետք է համոզես, որ դու այդքան էլ բացասական կերպար չես։  Դատավարության ժամանակ գործիքդ օրենքն է, պետք է ապացուցես մարդու անմեղությունը։ Շատ զուգահեռներ կարող եմ տանել, որոնք իրավաբանները գուցե չհասկանան, բայց դերասանները, ռեժիսորները կհասկանան։ Եվ ի վերջո իմ առաջին մասնագիտությունը, կենսափորձն ինձ շատ գաղտնիքներ եւ տեխնիկաներ է փոխանցել, որոնք իրավաբանության մեջ պարզապես օդ ու ջրի պես հարկավոր են։ Իրավաբանի գործի մեջ ես նույն ազարտն եմ զգում, ինչպես նոր նախագիծ ստեղծելուց։

– Ո՞րն է մերօրյա դերասանի թիվ մեկ մտահոգությունը:

– Կարծում եմ՝ հացի փող վաստակելը եւ մնալ մասնագիտության բարձր որակներին հավատարիմ։ Ես ցավով եմ նայում իմ շրջապատի դերասաններին, ովքեր կարող էին գժական դերեր խաղալ թատրոններում, կինոաստղեր կարող էին դառնալ, բայց խաղավար ու թամադա են աշխատում, որը դիպլոմավորված մասնագետի գործ չէ, այլ մի քիչ աշխույժ, մի քիչ կրթված մարդու գործ է։ Ի դեպ, դա եւս բարդ գործ է, չեմ վատաբանում ո՛չ գործը, ո՛չ էլ ոլորտի աշխատակիցներին, բայց դերասանը պետք է թատրոններում իր տեղը գտնի, վարձատրվի այնպես, որ կարողանա իր ընտանիքը պահել։ Այսօր եթե ընդունում եմ այս կամ այն ֆիլմում նկարահանվելու առաջարկը, ես ինձ թույլ եմ տալիս ընտրելու՝ արդյո՞ք լավ թիմ է, լա՞վ գաղափար է, լա՞վ սցենար է, արդյոք լավ հոռանկա՞ր ունի, որովհետեւ ինչպես արդեն նշել եմ՝ ունեմ իրավաբանի աշխատանք, եւ կինոն կամ թատրոնն ինձ համար գումար աշխատելու միջոց չեն, այլ, այսպես ասած՝ հոգու ծարավը հագեցնելու առիթ ու հնարավորություն։

Ցավում եմ, բայց մեր իրականությունը շատ տաղանդավոր, արվեստին պիտանի մարդկանց գլուխ կտրեց՝ երբեմն տեղ տալով անարժան մարդկանց։ Սուտ է, որ ասում են՝ դերասանը պետք է միշտ սոված լինի։ Ո՛չ։ Դերասանը պետք է այնքան շատ գումար ստանա, որ ինքն իր կլասը պահի, իր դիրքերը չզիջի, պետք եղած ժամանակ գնա կոմերցիոն անճաշակություններում խաղա։ Գումար հատկացնողն էլ իր հերթին, կլինի դա պետությունը, թե մասնավոր ինչ-որ ընկերություն, ավելի հարգանքով եւ խոնարհումով պետք է մոտենա դերասաններին։ Չէ՞ որ մարդն իր բնույթով այդպիսին է, որքան շատ գումար է ծախսում մի ինչ-որ բանի վրա, այնքան շատ է դողում այդ թանկարժեք ձեռքբերման վրա։

– Ինքներս մեր ներսը նայելու խնդի՞ր ունենք, ինքներս մեզ քննելու, քննադատելու։

– Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղ որ կանգնի» ֆիլմը աշխարհում ինչքան A կլասի կինոփառատոն կա՝ մասնակցեց, հաղթեց, գրանպրիներ ստացավ եւ  ամենակարեւորը` ստացավ Օսկարի որակավորում։ Մեծ հպարտությամբ ուզում եմ նշել, որ իմ լուման ունեմ այդ ֆիլմում, պատիվ եմ ունեցել խաղալ այդ ֆիլմում։ Ես համարում եմ, որ ֆիլմն անտեսվել է Հայաստանի կողմից։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում այդ ֆիլմն արժանացավ միայն ցուցադրության։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հիմա ռեժիսորին՝ Օֆելյային պետք է զանգվածային լրատվամիջոցներն անդրադառնային, ոչ թե կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջով շնորհավորանք գրվեր օրվա հերթական նորություններին զուգընթաց եւ վերջ։ Ահա սա է մտածելու մղում։ Մենք չենք գնահատում։ Հայ ռեժիսորը նկարել է կինո հայի մասին, դա գնահատել է ամբողջ աշխարհը, բացի հայից։ Անտեսում ենք մեր լավը, վատաբանում ենք մեզ, զազրախոսում, բամբասում, չարությանը մեծ դեր ու նշանակություն ենք տալիս, բայց մեր ձեռքբերումներն անտեսում ենք։ Իսկ երբ նեղն ենք ընկնում, միավորվում ենք եւ որպես հայի ինքնորոշման փաստ գոչում միայն ցեղասպանության փաստերի մասին։ Այն էլ, որ շատ խորանանք՝ այդքան էլ լավ չենք գոչում։ Ես ցանկանում եմ, որ գոնե մեր սերունդը եւ նոր սերունդը դուրս գա զոհի, խեղճի, ծուռ վիզ հոգեբանության կարգավիճակից եւ աշխարհին գոչի մեր հայտնագործությունների մասին, մեր տաղանդների, երաժիշտների մասին։ Հուսանք՝ վաղն ավելի լավը կլինի, քան այսօրը։

Զրուցեց

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
31.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930