Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական պայմանագրերը ուժի մե՞ջ են

Սեպտեմբեր 01,2023 12:00

Խնդիրն արդեն 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջների կատարել-չկատարելը չէ

Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգային երաշխավորի դերը զիջել է կամ գրեթե չկա, զրոյացված է, օգոստոսի 30-ին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը` հավելելով, որ` Արցախում «միասնական անվտանգային համակարգ ունենալու անհրաժեշտություն կա»։

«Ռուս խաղաղապահներն այստեղ են, նաեւ գիտենք, թե ինչ թվակազմ ունեն, այդ առաքելությունն ինչ դերակատարություն ունի։ Եվ, անշուշտ, մեզ համար հիմնական եւ կարեւոր անվտանգության երաշխիքը մնում է Արցախի Պաշտպանության բանակը։ Իսկ Արցախի Պաշտպանության բանակի գործունեության հզորացումն անհրաժեշտություն է։ Եվ սա նաեւ բխելու է օրենսդրական փոփոխություններից ու նախաձեռնություններից», ասել է նա։ Այնուհետեւ հավելել է. «Անհրաժեշտություն կա մեկ միասնական կենտրոնացված ուժեղ համակարգ ունենալու։ Դեռեւս վաղ է այդ մասին խոսել, հաշվի առնելով նաեւ այն, որ խորհրդարանն արձակուրդի մեջ է։ Բայց քննարկումները անվտանգային համակարգի դերակատարների եւ ԱԺ հետ շատ կարեւոր կլինի համապատասխան նախաձեռնություններ ցուցաբերելու»։

Ռուս խաղաղապահների հրամանատարի փոխարինող է ժամանել Արցախ: Անդրադառնալով Ստեփանակերտ-Ակնա ճանապարհին տիրող իրավիճակին Դավիթ Իշխանյանն ասել է, երբ օրերս ադրբեջանական բեռնատարները մոտեցել են` բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ. «Այս քննարկումների արդյունքը դեռեւս ոչինչ չի տվել, համենայնդեպս ռուս խաղաղապահների առաջարկը, որ թույլատրվի ադրբեջանական մեքենաների մուտքը Արցախի Հանրապետության տարածք, որեւէ արդյունք չի ունեցել։ Արցախի իշխանությունների, նաեւ մեր համապատասխան պատասխանատուների, ՆԳՆ կողմից միջոցներ են ձեռնարկվել, եւ այդ քննարկումները դեռեւս ընթացքի մեջ են։ Ասել՝ ամբողջական ավարտված են, ոչ, բայց շատ կարեւոր է այստեղ արցախյան կողմի ընդհանուր դիրքորոշումը եւ ռուսական կողմին համապատասխան բացատրություններ տալը»։

Արցախցիները, ըստ ամենայնի, հույս ունեն պայմանավորվել ռուս խաղաղապահների հետ, ընդհանուր հայտարարի գալ Արցախ ժամանած հերթական հրամանատարի հետ: Սակայն հիշեցնենք, որ Մոսկվան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին նիստում հստակ դիրքորոշում արտահայտեց` Աղդամը կարելի է դիտարկել որպես այլընտրանքային ճանապարհ, մինչդեռ 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանագրի համաձայն՝ Լաչինի միջանցքը պիտի մնար ռուս խաղաղապահների հսկողության ներքո: Այսօր ունենք այն, ինչ ունենք. Արցախը 8 ամսից ավելի շրջափակված է, իսկ ռուս խաղաղապահ զորակազմն իր առաքելությունը չի իրականացնում:

Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, Երեւանում հանրահավաք է անցկացվելու: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ սա մեկ ուժի հանրահավաք չէ, ու կարեւոր է երկու ժամով գալ հրապարակ. «…եւ ցույց տալ՝ մենք արցախցու կողքին ենք, դեմ ենք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, նաեւ ցույց տալ միջազգային հանրությանը, որ դեմ ենք այն ամենին, ինչը կատարվում է Արցախում»։

Այսպես, հայաստանյան ընդդիմադիրները կոչ են անում գալ Ազատության հրապարակ եւ «ավելի վճռական շարունակել պայքարը Արցախի ու Հայաստանի լինելիության համար»:

Սեպտեմբերի 2-ին հանրահավաքի հրավիրող հայաստանյան ընդդիմադիրները, որոնք Երեւանի քաղաքապետի թեկնածու են` արդեն ազդարարել են, թե ովքեր են մեղավոր Արցախում ստեղծված վերջին օրերի իրադարձությունների համար. «Դրա մեղքը ոչ միայն հանցավոր գործողությունների դիմող Ալիեւինն է, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի իշխանությանը։ Մենք համոզված ենք, որ պետք է Արցախից հեռացվի Արայիկ Հարությունյանը, այստեղից էլ հեռացվի Նիկոլ Փաշինյանը, ասել է` «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը: Նա չի մոռացել իր նախընտրական քարոզարշավի թոհուբուհի մեջ նշել իր գլխավոր ասելիքը. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է մնան Ղարաբաղում, սա բխում է մեր շահերից՝ եւ՛ Ղարաբաղի, եւ՛ Հայաստանի Հանրապետության շահերից։ Ես դեմ եմ, որ ռուս խաղաղապահները հեռանան Ղարաբաղից, նրանք պետք է մնան այնտեղ, քանի դեռ Ղարաբաղի հարցը եւ ղարաբաղցի հայերի անվտանգության հարցը վերջնականապես լուծված չէ»։ Իսկ Արցախում 2020թ. նոյեմբերի 9-ից ի վեր ռուս խաղաղապահներին որեւէ մեկը «թթու խոսք» է ասե՞լ:

Առաջիկա օրերին դարձյալ Հայաստանից հնչող ելույթներով Արցախը Հայաստանից հեռանալու է, որովհետեւ հայաստանյան քաղաքական գործիչները արդեն իսկ մի քանի օր է զբաղված են ոչ թե Արցախի ու արցախցիների պաշտպանության հարցերով, այլ հերթական անգամ մանրազնին բացատրում են, թե ինչու չպետք է զայրացնել ռուսական կողմին:

Իսկ Արցախում «մարդաորս» է տեղի ունենում, մեր հայրենակիցները առեւանգվում են…

Որեւէ ընդդիմադիր հարց կհնչեցնի՞, ինչու եւ ինչպես են Արցախից Հայաստան տեղափոխվող անձանց ցուցակները, որոնք ռուսական կողմը նախապես ստանում է Արցախի իշխանություններից` հայտնվում ադրբեջանական կողմի մոտ, որոնք էլ ժամանակ են ունենում «խորը եւ համապարփակ» ուսումնասիրություններ իրականացնել, անգամ համացանցային «արխիվային» տեղեկություններ «հայտնաբերել» ու հավաքել մեր հայրենակիցների մասին:

Օրերս Ռուսաստանի արտգործնախարարությունը հիշեցրեց, որ 1997թ. օգոստոսի 29-ին Մոսկվան ու Երեւանը Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիր են ստորագրել: ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ Ռուսաստանը եւ Հայաստանը, մասնավորապես, պայմանավորվել են ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները եւ համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ պարտավորվել համագործակցել կայունության ու անվտանգության բարելավման ուղղությամբ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս։ «Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում», – ընդգծել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Խնդիրն արդեն 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջների կատարել-չկատարելը չէ: Մենք չգիտենք, ընդհանրապես, հայ-ռուսական պայմանագրերի կետերը գործնականում կիրառվո՞ւմ են:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 31.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930