Լրահոս
Օրվա լրահոսը

Դասեր, որոնք չեն մոռացվում

Սեպտեմբեր 01,2023 09:30

Փոքրիկ հուշ սիրելի ուսուցչուհուս՝ Մարիետա Խաչատրյանի դասերից․․․

Գյումրիում՝ ալեքսանդրապոլյան վեհություն և նիստուկաց ունեցող տներից մեկում մի ընդարձակ սենյակ կար, սենյակի կենտրոնում՝ մի ձվաձև երկար սեղան, սեղանին՝ գյումրվա փախլավա ու յուղաբլիթ, ընտիր մրգեր և շատ տետրեր ու մատիտներ։ Սենյակն այդ, առհասարակ, ասես կառուցված էր գրքերով, որոնցից ամենագրավիչը մուգ կարմիր կազմով ու ոսկե տառերով հատորների անվերջ թվացող շարանն էր, որն այնքան անհասանելի ու խորհրդավոր էր թվում․․․

Գրքերից բացի սենյակի պատերին վինտաժ ոճի փոքրիկ, սիրուն նկարներ կային՝ մետաղյա ձևավոր շրջանակներով, որոնցից մեզ էին նայում գեղեցկադեմ աղջնակներ, իսկ նրանց, կարծես, ակնդետ հետևում էր սենյակի անկյունում բազմած Անահիտ դիցուհու ճերմակ կիսանդրին՝ իր ազնվական դիմագծերով այնքան նման այն շքեղ կնոջը, որը շաբաթը 3 անգամ մեզ հավաքում էր այդ սենյակի ձվաձև ու անուշ թխվածքներով բուրող սեղանի շուրջը, որտեղ մենք խորությամբ ուսումնասիրում էինք մայրենի լեզվի ու գրականության դասերը․․․

Աշնանային մի տաք օր էր, ու մենք կրկին մեր սիրելի սենյակում էինք․ Արմիկ տատը մեզ հասցրել էր թխվածք հյուրասիրել, իսկ Հարություն «ձյաձան»՝ ցույց տալ պարտեզի նոր՝ չքնաղ ծաղիկներն ու նաև զգուշացնել՝ «Կոմսը վանդակում է՝ հանկարծ չվախենաք»։

Իսկ Կոմսի մասին մենք չէինք էլ հիշում․ այդ հսկա, ազնվացեղ շունն ասես գյումրվա այդ պատկառելի տան անբաժան ու տրամաբանական լրացումն էր․․․ Մենք՝ սեղանի շուրջ հավաքված թրթռուն պատանիներս, կարծես մի սիրտ դարձած, լսում էինք Սարոյի և Անուշի չքնաղ սիրո պատմությունը․․․ Մենք Սարոյի հետ դեգերում էինք Լոռվա ահեղ ձորերում ու Դեբեդի խլացնող խշշոցի մեջ որոնում Անուշի սիրո շշունջները, ալեկոծվում էինք գյուղի ջահելների հետ ու հոգոց հանում՝ գետնված Իգիթի ամոթից գլխիկոր․․․ Մեր ականջներում մեղեդու նման հնչում էր սենյակի տիրուհու դյութիչ ձայնը, իսկ մեր աչքերին բյուրեղանում էին ուր որ է գլորվել պատրաստվող արցունքները ․․․

Ու հանկարծ ուժգին հաչոցներից բոլորս վեր ենք թռչում՝ կարծես Լոռվա ձորերի չարքերը ծեծում են լուսամուտը․․․ Մենք սարսափած բարձրացնում ենք մեր աչքերն, ու պատուհանից մեզ է նայում Կոմսը․․․ Բոլորս սկսում ենք բարձր ու անհոգ ծիծաղել՝ Կոմսը մեզ կյանք վերադարձրեց․․․

Ծիծաղում է նաև ընկեր Խաչատրյանը․ առաջին անգամը չէ, որ նրան հաջողվել էր մեզ կտրել իրականությունից՝ տեղափոխելով գրքերի անծայրածիր աշխարհը․․․

Այդ փոքրիկ դրվագը մեխվել է հիշողությանս մեջ, ինչպես ամեն մի դասը, որ ստացել եմ իմ սիրելի ուսուցչուհուց․․․ Ու ամեն անգամ, երբ հիշում եմ այդ պատմությունը, ուզում եմ հավատալ, որ իմ երեխաները, ապա նաև իրենց զավակները իրենց կյանքում կհանդիպեն այնպիսի ուսուցիչների, որոնց դասերը երբեք չեն մոռանա․․․

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930