Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես անփութորեն վերաբերվել մեր ճարտարապետական գլուխգործոցներին այլեւս չենք հանդուրժելու». «Ապրելու երկիրը» ներկայացրեց «Զվարթնոցի» մեգանախագիծը

Օգոստոս 31,2023 23:20

«Զվարթնոց» օդանավակայանը հայ ճարտարապետական մտքի բարձունքներից մեկն է: Հայ ճարտարապետները, այդ թվում՝ Արթուր Թարխանյանը օդանավակայանը կառուցել էին այնպես, որ ամեն դետալ օգտագործվեր, միաժամանակ հիացներ բոլորին: Ուստի «Ապրելու երկիր» կուսակցությունը հանձնառություն է ստանձնել վերակառուցել այդ հրաշալի շենքը՝ համագործակցելով «Արթուր Թարխանյան կենտրոնի» հետ:

Այսօր այդ մեգանախագծի քննարկման ժամանակ կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ասաց. «Մենք հանձնառու ենք որակ բերել մեր աշխատանքին Երեւանի քաղաքապետարանում սեպտեմբերի 18-ից: Ես ցավով արձանագրում եմ, որ վերջերս «Զվարթնոցի» մասին հիշելիս պարբերաբար խոսվում է 2013, 2916, 2018 թվականներին դրա քանդման մասին: Այսինքն, առիթը, որով հիշատակվում է օդանավակայանը, անընդհատ այն մասին է, որ պիտի քննարկվի քանդվելու գործընթացը: Երեւանցիները ամեն օր պայքարել են, որ «Զվարթնոցը» կանգուն մնա: Սա լավ արձանագրում է այն մասին, որ մենք անտարբեր չենք «Զվարթնոցի» հանդեպ, բայց միեւնույն ժամանակ սա արձանագրում է այն մասին, թե ինչու ենք մենք անընդհատ գնում քանդելու ճանապարհով: Սա ճանապարհ չէ: Ու հատկապես ճանապարհ չէ, երբ խոսքը վերաբերվում է պատմամշակութային արժեքներին: Ցուցակում կա, թե չկա ամենեւին կապ չունի: Հարցրեք յուրաքանչյուր երեւանցու, յուրաքանչյուր հայի եւ կիմանաք, որ սա արժեք է»:

Մանե Թանդիլյանը նշեց, որ ըստ ուսումնասիրությունների, Երեւանը տարվա կտրվածքով ընդունում է մոտ 3 մլն ուղեւոր: «Զվարթնոցի» վերականգնումն ու վերակառուցումը կընդլայնի այդ հնարավորությունը՝ հասցնելով մինչեւ 12 մլն-ի «Սա նշանակում է դարձնել ներդրումն ու գործունեությունը ծախսարդյունավետ, որն իր հետ նվազեցնելու է տոմսերի գինը դեպի Հայաստան եւ Հայաստանից: Իսկ սա նշանակում է զբոսաշրջության, պետության զարգացում, ներդրումների ներհոսք»:

Թանդիլյանը հայտարարեց՝ այսպես անփութորեն վերաբերվել մեր ճարտարապետական գլուխգործոցներին այլեւս չենք հանդուրժելու, թույլ չենք տալու. «Երեւանցին չպետք է ստիպված լինի ամեն օր դուրս գա փողոց պայքարի, որպեսզի «Զվարթնոցը» պահպանվի ու պաշտպանվի: Ասում են, թե պիտի քանդել, որովհետեւ վթարային վիճակում է: Վթարային վիճակում գտնվող շենքն ամրապնդվում է: Դրանք չեն բերում հասցվում վթարային վիճակի՝ չխնամելով: Մենք պիտի պաշտպանենք մեր անցյալը, մեր արժեքները, որովհետեւ մենք պատմություն ունեցող ժողովուրդ ենք, քաղաք ենք: Պիտի մեր ինքնությունը պաշտպանենք, որպեսզի շարունակություն ունենանք, որովհետեւ նա, ով հիշողություն չունի, դատապարտված է կործանման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031