Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան․ «Ահազանգեր ենք ստանում, որ վաղը Տիգրան Ավինյանի բակային հանդիպումների համար պարտադրում են դպրոցի տնօրենների միջոցով ուսուցչական կազմի ներգրավում»

Օգոստոս 31,2023 22:50

«Ահազանգեր ենք ստանում, որ վաղը Տիգրան Ավինյանի բակային հանդիպումների համար պարտադրում են դպրոցի տնօրենների միջոցով ուսուցչական կազմի ներգրավում։ Այսինքն տխրահռչակ ժամանակները վերադառնո՞ւմ են»,-այսօր այս մասին Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։

Նա պնդեց՝ իշխող ուժը չի կարող հավակնել եւս հինգ տարի կառավարել Երեւանը, քանի որ այս տարիներին տապալել է կառավարումը։

«Մենք հնարավորություն ունենք ստանալու ժողովրդի վստահությունը, քվեն, որովհետեւ գործող իշխանության վերջին հինգ տարիների աշխատանքի արդյունքը, տված խոստումների եւ դրանց իրականություն դարձնելու համամասնությունը մեզ բերել է մի հանգրվանի, որ գործող իշխանությունը տապալել է տված խոստումները»։

Նորիկյանը նախկին քաղաքապետ եւ այսօր էլ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին եւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին հրավիրում է  բանավեճի՝ նրանց նախընտրած ձեւաչափով եւ վայրում․«Ես նրանց ունեմ բազմաթիվ հարցեր։ Ներկայացնելու եմ 2018-ին ավագանու հաստատած ծրագիրը ու մատնանշելու եմ ռազմավարական այն բոլոր կետերը, որոնք խոստացել էին իրականացնել եւ չեն իրականացրել, եւ ակնկալում եմ պատասխան, թե որո՞նք են եղել պատճառները, որ այդ երկու անհատները խոստումները չեն կատարել,  ինչո՞ւ չեն կառուցել 33-րդ թաղամասը, Հին Երեւանը, Երեւան-Զվարթնոց օդանավակայան նոր երթուղին, ինչո՞ւ չեն կառուցել Կոնդը, նոր ճոպանուղային ցանցը եւ այլն։ Պետք է վերջ տրվի պոպուլիզմին ու ստախոսությանը, վերջ տրվի քաղաքական ուժերի ու գործիչների նախընտրական խոստումների չկատարելը, ու այ հենց դրա համար էլ մեզ պիտի ընտրեն»։

Նորիկյանի խոսքով՝ Հայկ Մարությանն ու Տիգրան Ավինյանն այսօր ոչ թե քարոզչությամբ պետք է զբաղվեն, այլ երեւանցիներին հաշվետվություն ներկայացնեն։

«Երեւանցին այսօր կոտրած տաշտակի առաջ է։ էրեբունիում էինք, տարրական ապաստարան չունեն, ջրի որակը, ներբակային վիճակը, ձեղնահարկերը աղբի մեջ  կորած։ Երկրի, Երեւանի կառավարումը տապալած  ուժը բարոյական իրավունք չունի հավակնելու եւս հինգ տարի ղեկավարելու»։

Անդրադառնալով Ավինյանի հայտարարությանը, թե ստանալու է 50%-ից ավելի քվե ու կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի լինի, Նորիկյանն ասաց․«Հավանական չեմ համարում դա։  Ինչի՞ համար երեւանցին հանգիստ խղճով, առանց  վարչական ռեսուրսի գործադրմամբ  կամ ապօրինի միջամտության, ո՞ր արժանիքի համար պիտի գնա ձայն տա Ավինյանին։ Նա ո՞վ է,  ի՞նչ ընկալում ունի՝ պետական գործիչ է, հանրային գործիչ է։ Ես պրոֆեսիոնալ փաստաբան եմ, Տիգրան Ավինյանն ո՞վ է, ի՞նչ է, ասեք՝ իմանանք։ Բլեֆ է, որ գործող ուժը մեծ վարկանիշ ունի Երեւանում»։

Ապա ՔՊ-ի նախընտրական կարգախոսին անդրադարձավ Նորիկյանը, ասաց՝ շատ տարօրինակ կարգախոս է՝ «Ասե՛ք, կանենք»․«Նախ՝ դուք լսող չեք, ասողին լսող է պետք։ Ձեր մի մասը ամբարտավան է, մի մասը՝ մեծամիտ,  լսելու կարողություն չունենք։ 2018-ին էս ժողովուրդը ձեզ ասեց՝ վերականգնեք երկրի արժանապատվությունը, իրավական պետության փիլիսոփայությունը, վերականգնեք օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, դուք ի՞նչ արեցիք։

Մեր ժողովուրդը ձեզ ասե՞լ է երկիրը բերեք պարտվողականության, ասե՞լ է թքեք քաղաքացիների վրա։ Ինչ չի ասել՝ անում եք, ինչ ասում են՝ չեք անում։ Հայաստանում որակական բեկումնային փոփոխությունների ժամանակը մոտենում է։ Հորդորում եմ երեւանցիներին՝ տուրք չտալ մանիպուլյատիվ ահաբեկչությանը, եւ գնալ ընտրություններին, եթե ձայն չտաք ՔՊ-ին, ո՞նց են անցնելու»։

Շրջելով Էրեբունու փողոցներով՝ Նորիկյանը զրուցում էր բնակիչների հետ։ Մի կին դժգոհեց, որ հանրակացարանում է բնակվում, շենքը վթարային է, ամեն ընտրություններից առաջ թեկնածուները գալիս են, խոստանում խնդիրը լուծել ու մոռանում են խոստումի մասին․«Հիմա էլ խոստացել են 1.5 տարվա ընթացքում մենք բնակարան տալ, բայց ինձ թվում է անիմաստ»։ Նորիկյանը տիկնոջը, որը Wildberris-ի հերթում էր կանգնած, կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին, ինչին ի պատասխան կինն ասաց․«Դե հիմա քանի էստեղ եք, մի քիչ առաջ գցեք հերթս»։

Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց, որ էրեբունու այգին սկսել են բարեկարգել, սեպտեմբերի 1-ից առաջ տրակտոր է աշխատում, մինչդեռ կարելի էր շինաշխատանքներն ավելի շուտ սկսել։

Էրեբունու այգում հանգիստը վայելող երեք կին Նորիկյանի տեսնելուն պես ուրախացան․ «Մենք ձեզ ենք ընտրելու։ Նենց կուզենք, որ դուք ընտրվեք»,-ասացին կանայք։  Կանանցից մեկն էլ ասաց՝ չեմ ուզի, որ Տիգրան Ավինյանն ընտրվի։ Մեկն էլ քաղաքի փոշուց դժգոհեց, ասաց՝ քամու ժամանակ անտանելի փոշի է առաջանում․«Այլեւս ոչ մի բարձրահարկ շենք չպիտի կառուցվի, հերիք է»։

Հետո կանայք ցույց տվեցին այգու հարակից տարածքը, ասացին՝ Մհեր Սեդրակյանն է սեփականաշնորհել, կանաչ տարածքը դարձել է ամայի։  Նորիկյանը խոստացավ՝ ընտրվելուց հետո այդ բոլոր խնդիրները կգույքագրեն, կգնան խնդիրների հետեւից։ Մհեր Սեդրակյանի տարածքի մասին էլ Նորիկյանն ասաց․ «Ով ուզում է լինի, ինչ ազգանուն ուզում է լինի, ինչպիսի չակերտավոր արտոնյալ ուզում է լինի, մեր քաղաքում արտոնյալ չպետք է լինի, բոլորը հավասար պիտի լինեն օրենքի առաջ։ Վստահաբար գնացեք ընտրության, ձեր ձայնը տվեք ինձ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031