Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կոչուբաեւ․ «Ի սկզբանե, Վահագն Վերմիշյանի գործը եղել է ապօրինի, հետեւաբար, պատրաստ ենք եղել, որ դատավարությունը, հնարավոր է, ընթանա աղաղակող, կոպիտ խախտումներով»

Օգոստոս 31,2023 22:30

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը Հակակոռուպցիոն դատարանում այսօր էլ հետաձգվեց՝ Վահագն Վերմիշյանի ներկայությունը դատական նիստերի դահլիճ չապահովվելու պատճառով։ Հաջորդ նիստը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը նշանակեց սեպտեմբերի 26-ին, ժամը 10։00-ին։

Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը լրատվամիջոցներին ասաց․ «Նախ, արձանագրենք, որ այս դատավարությունն արդեն իսկ սկսվեց Վահագն Վերմիշյանի առանցքային իրավունքի՝ լսված լինելու իրավունքի եւ դատարանի առջեւ կանգնած լինելու իրավունքի խախտումներով։ Դատարանը, դատախազությունը, ոստիկանությունը չեն կողմնորոշվում, թե իրավական ինչպիսի ընթացակարգով պիտի ապահովեն Վահագն Վերմիշյանի ներկայությունը։ Մենք ինքներս առաջին շահառուն ենք այս դատական գործն արագ ավարտվելու, որովհետեւ Վահագն Վերմիշյանի ամբողջ կապիտալն է արգելադրված։ Բայց ավելորդ շտապողականությունը հայցվոր կողմից, առավել եւս դատարանի կողմից, համարում ենք ոչ ողջամիտ։

Մենք ինչ ենք խնդրում։ Նվազագույնը՝ լսված լինելու իրավունք։ Եվ ըստ էության, դատավարությունը մեկնարկեց լսված լինելու այդ իրավունքի խախտումով։ Անկեղծ եմ ասում։ Ես հայցադիմում ստացել եմ։ Տեսել եմ, որ Վահագն Վերմիշյանի՝ տատիկից ժառանգություն ստացած գույքը դիտարկվել է ապօրինի։ Սա ոչ միայն իրավական չի կարող համարվել, այլեւ անհեթեթ է։ Չի կարող ժառանգություն ստացված գույքը ծագումով լինել ապօրինի։

Կամ, առհասարակ, ինչ ենք ասել մենք պարբերաբար։ Վահագն Վերմիշյանը 1991 թվականից մինչեւ 2017 թվականը չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում, իր ամբողջ աշխատանքային գործունեությունը իրականացրել է արտերկրում։ Եվ այն գույքը, որ բերվել է բռնագանձման, տոկոսային առումով, հավատացնում եմ, 5-10 տոկոսն է այն կապիտալի, որ Վահագն Վերմիշյանը աշխատել է, ձեռք է բերել արտերկրում։ Բայց անգամ նյութերի ուսումնասիրության փուլում մենք հայտնել էինք, որ Վերմիշյանը կալանքի տակ է, փաստաթղթերը գտնվում են արտերկրում, մեզ լրացուցիչ ժամանակ է պետք, որպեսզի բերենք, օրինականությունը հիմնավորենք։ Եվ գտնում ենք, որ լսված լինելու այս իրավունքը ոտնահարված է։

Դուք հետեւում էիք պրոցեսին։ Ես տեղեկություն հայտնեցի, որ հաջորդ նիստի համար ժամը 10։00-ին ուղեկցող գումարտակը ֆիզիկապես չի կարողանալու ապահովել Վահագն Վերմիշյանի ներկայությունը։ Բայց դա էլ դատարանին չկաշկանդեց եւ, ըստ էության, մենք հաջորդ դատական նիստին պետք է ներկայանանք առանց Վահագն Վերմիշյանի եւ կրկին լսված լինելու իրավունքի խախտումով։ Գուցե, ծայրահեղ ֆորմալիզացված կամ, գուցե, իրական նորմերի ծայրահեղ ֆետիշացված մեկնաբանության պարագայում դատավորը հանգել է հետեւության, որ քրեակատարողական հիմնարկ հարցում կատարելը պատշաճ է։ Մինչդեռ, կալանավորին ուղեկցողը ոչ թե ՔԿ ծառայությունն է, այլ ոստիկանության ուղեկցող գումարտակը, եւ պետք էր դիմել այնտեղ։

Շատ բարդ է ասել, թե ինչ կլինի հետագայում։ Գույքերի օրինականության մասով դիրքորոշում պետք է ձեւավորվի Վահագն Վերմիշյանին լսելուց հետո, ինչի պատճառաբանությունը ես բերեցի։ Ըստ էության, նաեւ իմ որպես փաստաբանի իրավունքները եւ  գործիքակազմերը դատարանի կողմից ծայրահեղ նեղացվում են։ Բայց մենք ինքներս հասկանում էինք, որ ի սկզբանե այս գործը եղել է ապօրինի, հետեւաբար, ի սկզբանե պատրաստ ենք եղել, որ դատավարությունը, հնարավոր է, ընթանա նման աղաղակող, կոպիտ խախտումներով»,-ասաց փաստաբանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031