«Գիտեմ՝ արհավիրքը, որը մեզ պատել է, ընտրությունների տրամադրություն չի թողնում, բայց այլ ճանապարհ չունենք»,- Դավթաշեն վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում այսպես դիմեց դավթաշենցիներին «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
Ըստ նրա՝ հուսահատությունը մեզ չպիտի պատի․ «Եթե չգնանք ընտրությունների, այս իշխանությունները վերընտրվելու են։ Դրա համար գնացեք ընտրության սեպտեմբերի 17-ին, աջակցեք մեզ ձեր քվեարկությամբ»։
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանի կարծիքով՝ մայրաքաղաքի բնակչի կարծիքին սպասում են համայն աշխարհում․ «Սպասում են, թե ինչպիսի Երևան են ընտրում երևանցիները, ինչպես են պատրաստ փոխել ապագան, այն իրողությունը, որում հայտնվել ենք։ Սեպտեմբերի 17-ին գնացեք ընտրական տեղամաս և ձեր քվեով հնարավորություն տվեք «Ապրելու երկիր» կուսակցությանը փոփոխություն բերել Երևան և Հայաստան»։
Մանե Թանդիլյանը դավթաշենցիներին վստահեցրեց՝ լուծումներ ունեն խցանումների համար, ութ րոպեից ավելի չեն սպասելու տրանսպորտին։
Դավթաշենցիների հետ շփումներում Մանե Թանդիլյանին մոտեցավ մի հադրութցի տղամարդ և ասաց, որ ցանկություն ունի մասնակցելու ընտրություններին։ Մանե Թանդիլյանը հարցրեց՝ գրանցում ունե՞ք։ Նա էլ պատասխանեց՝ չեն գրանցում մեզ, Հադրութի գրանցումն է։ Մանե Թանդիլյանն արձագանքեց․ «Սա տեղական ընտրություն է, և ցավոք, պետք է հենց Երևանում գրանցում ունենաք։ Ոչինչ, ձեր հարևաններին, պատմեք, որ մասնակցեն ընտրություններին»։
Մեկ այլ տղամարդ էլ կես կատակ-կես լուրջ ասաց․ «Աղջիկ ջան, աշխատիր, մենք քեզ ենք ձայն տալու, որովհետև վերջապես կինը պետք է այսօր մի քիչ առաջընթաց ապրի։ Ես անձամբ Փաշինյանի երկրպագուն եմ եղել, էսօր էլ չեմ հրաժարվում, բայց հարյուր տոկոսով Ձեզ եմ ընտրելու։ Ուզում ես համարս էլ, հեռախոսս էլ տամ։ Երևանը դարձել է ոչ հայաբնակ՝ պարսիկներ, արաբներ, հնդիկներ։ Հետ դարձրեք Երևանն իրեն, ես անպայման ընտրելու եմ Ձեզ»։
Մանե Թանդիլյանը նաև մոտեցավ դավթաշենցիների, որոնք նստած էին սեղանի շուրջ՝ Արցախի դրոշի ներքո։ Նրանք Թանդիլյանին հաջողություն մաղթեցին և ցույց տալով Արցախի դրոշն, ասացին․ «Սա է մեր հպարտությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ