«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ «Ձեր կարգախոսը մի քիչ տարօրինակ է՝ «ասեք, կանենք»։
Ձեզ պիտի ասե՞ն, որ դուք նոր անեք։ Եվ չեք մտածո՞ւմ, որ եթե չգիտեք ձեր անելիքը, պիտի ձեզ ասեն, նոր անեք, ուրեմն ավելի լավ է՝ չանեք»,- Տիգրան Ավինյանին դիմեց Քանաքեռ-Զեյթունի բնակչուհիներից մեկը։ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Բոլոր այն մարդիկ, ովքեր չեն հասկանում՝ ինչում է մեր կարգախոսի իմաստը, փորձեմ բացատրել։ Վերջին մեկ տարվա ընթացքում Երեւան քաղաքում մենք շրջում ենք, նախորդ տարի ենք եղել Քանաքեռում»։
Բնակչուհին ասաց, որ առաջին անգամ է Ավինյանին տեսնում այստեղ։ «Դուք այս շենքերի գարշահոտությունը չեք տեսե՞լ»,- հարցրեց բնակչուհին։ Ավինյանն ասաց, որ Երեւանում տասնամյակներով խնդիրներ են կուտակվել։ «Ինչո՞ւ ենք ասում՝ ասեք, կանենք, որովհետեւ Մինաս Ավետիսյանում ինձ մարդիկ ասացին՝ հիմնանորոգեք այգին, հիմա տրակտորներն աշխատում են։ Դավիթ Անհաղթի մոտի այգու բնակիչներն ինձ ասացին՝ հիմնանորոգեք այգին, հիմա Դավիթ Անհաղթը կառուցվում է։ Եկեղեցու տարածքում աղբանոց էր, ժողովուրդն իջավ էդ բակ, ասացին՝ մաքրեք։ Անձամբ զանգել եմ կաթողիկոսին, խնդրել եմ, որ այդ տարածքը բարեկարգվի, բարեկարգել ենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Համայնքի բնակչուհին շարունակեց․ «Ձեր մեղքերը շատ են, պարզապես ինձ ամենահուզող հարցը տամ։ Հուսով եմ, որ հիմա ձեր թիկնապահները չեն հարձակվի ինձ վրա։ Հիմա դուք Երեւանը բարեկարգում եք նրա համար, որ դարձնեք Իրեւան ու նվիրեք թուրքի՞ն»։ Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Թուրքին նվիրելու բան մենք չունենք, Լուսինե ջան։ Այդ ձեր լոլոները․․․»։ «Արդեն նվիրել եք, տեսնում ենք՝ Արցախում մարդիկ ինչ վիճակում են։ Արցախում մարդիկ սովամահ են լինում, դուք երկու օր առաջ Կարապի լճում տժժում էիք»,- ասաց բնակչուհին։
Կարդացեք նաև
«Ձեր քաղաքական ուժը թող ինձ Արցախից դասեր չտա, ես ամբողջ պատերազմի ժամանակ այնտեղ եմ եղել, իմ եղբայրն էլ Ստեփանակերտում վիրահատություններ էր անում։ Երեւանում նույնպես հայեր են ապրում»,- ասաց Տիգրան Ավինյանը։ Նրա թիմակիցներն սկսեցին նախատել կնոջը։ «Լավ, մի պատասխանեք, պրովոկատոր է ինքը, իրեն ուղարկել են այստեղ, որ պրովոկացիա անի։ Նորմալ է, դա բնական է, այդ ուղարկված մարդիկ պետք է գան»,- նշեց Ավինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ