Արցախի Հանրապետության Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի հատվածում արցախցիները շարունակում են հերթապահությունը։ Հիշեցնենք, որ Ասկերանի բնակիչներն արդեն երկու օր է՝ փակել են ճանապարհը եւ թույլ չեն տալիս, որ ադրբեջանական «հումանիտար» բեռնատարները մուտք գործեն Արցախ։ Այսօր ավելի վաղ տեղեկացել էինք, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի հատվածում իրավիճակը լարված է։
Ադրբեջանական կողմը ավտոբուսներով մարդիկ էր տեղափոխել տարածք, Բաքվի ԶԼՄ-ները հայտնել էին, որ ադրբեջանցիները քայլերթ են անելու դեպի Ասկերան։ Այդ կապակցությամբ Ասկերանում մարդկանց մոբիլիզացիա էր եղել։ Այսօր Բաքուն նաեւ դիվանագիտական այց էր կազմակերպել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհահատված։
Արցախի բնակիչ Հովիկ Ասմարյանը «Առավոտին» փոխանցեց, որ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Ադրբեջանական կողմում կուտակումները մի քանի ժամ առաջվա համեմատ նվազել են։ «Մեզ տեղեկություն եկավ, որ դիվանագիտական կորպուսի գնալուց հետո իրենց կողմում կուտակումները նվազեցին։ Մենք շարունակում ենք հերթապահությունը, ժողովուրդն այստեղ է, հերթով գալիս են։ Միանշանակ չենք թողնելու, որ մուտք գործեն Ասկերան։ Ավելի կազմակերպված ձեւով է մեր պայքարն արդեն իրականացվում, վրաններ ենք տեղադրել, հարմարություններ ենք ստեղծել»,- ասաց նա։
Անդրադառնալով մարդկանց տրամադրություններին՝ Հովիկ Ասմարյանն ասաց, որ մարտական տրամադրություններ են։ «Բոլորը միանշանակ մերժում են թուրքի ալյուրը կամ ողորմությունը։ Մարդիկ հասկանում եմ, որ եթե թուրքերը մտան այստեղ, մենք պետք է մոռանանք Հակարի կամրջի ճանապարհը, եւ մեզ կամաց-կամաց ինտեգրելու են Ադրբեջանի կազմում՝ իրենց պայմաններով ու ստիպողաբար»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ