Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ամենաքաղաքական ընտրություններն են Երևանի ավագանու պատմության մեջ»․ Մանե Թանդիլյան

Օգոստոս 31,2023 20:15

«Ցավոք, մենք զգում ենք մեր հայրենակիցների մոտ հուսահատություն, բնական է, որ ընտրությունների ոչ տրամադրություն ունեն, ոչ հավես։ Արցախում կատարվող իրադարձությունների ֆոնին շատ դժվար է խոսել Երևանի տեղական ընտրությունների մասին։ Բայց մենք հորդորում ենք անպայման մասնակցել, քանի որ այդ վիճակից դուրս գալու ճանապարհն ընտրություններն են»,-Դավթաշեն վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա վստահեցրեց՝ մասնակցեին, թե չմասնակցեին ընտրություններին, միևնույն է, դրանք տեղի էին ունենալու․ «Պետք է ամեն ինչ անենք, որ հանկարծ այդ հուսահատությունն ու զայրույթը մեզ հետ չպահի մասնակցել ընտրություններին, որովհետև դա է ժողովրդավարական եղանակով իշխանափոխության ճանապարհը։ Սա ամենաքաղաքական ընտրություններն են Երևանի ավագանու պատմության մեջ։ Մեր հայրենակիցները պիտի իմանան, մայրաքաղաքի բնակիչը պիտի իմանա՝ արդյոք պատրա՞ստ է փոխել այս պարտությունների շղթան, թե՞ հաշտ են լինելու այս իրավիճակի հետ։ Դրա պատասխանը երևանցիները տալու են սեպտեմբերի 17-ին»։

Լրագրողները փաստեցին՝ Արցախում իրավիճակը գնալով լարվում է և հարցրին՝  ելքեր տեսնո՞ւմ է, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Արցախի ժողովուրդը հերոսական է և այսօր էլ անկախ ամեն զրկանքից պայքարում է, փորձում դիմակայել, հաղթահարել սովն ու ճգնաժամը, հումանիտար աղետը։ Այդ ժողովրդի պայքարի կողքին չկանգնել ու չսատարել, չգիտեմ՝ ինչպիսին պիտի լինես։ Այո, շատ ծանր է վիճակը, մենք նաև կանխատեսում էինք, որ օղակը պիտի սեղմվի, բայց ՀՀ իշխանությունը պիտի քուն ու դադար չունենա, պիտի շրջեն ոչ թե ՀՀ տարբեր մարզերով, այլ զբաղված լինեն Արցախի հարցով։ Ցավում եմ, որ օտարել են ՀՀ իշխանություններն իրենցից այս խնդիրը։ Երբեմն նաև տեսնում ենք տեքստեր, որոնք միայնակ են թողնում Արցախի ժողովրդին։ Տեսնում ենք Ադրբեջանի անթույլատրելի ցեղասպան քաղաքականությունը։ Մեր իշխանությունները պիտի զբաղված լինեն բոլոր միջազգային կառույցների հետ աշխատանքով, սանկցիաների պարտադրանք պիտի լինի Ադրբեջանի վրա։ Ալիևի գույքի վրա թող սանկցիաներ դնեն աշխարհում,  կտեսնեք, թե ինչպես է բացվում Լաչինի միջանցքը»։

Ըստ Մանե Թանդիլյանի՝ Երևանի ընտրողի վրա մեծ պատասխանատվություն է դրված՝ անել քաղաքական ընտրություն։

Հարցին՝ Ձեր քաղաքական անցած ուղին ինչպե՞ս կանդրադառնա ընտրողի վրա, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Ես իրենց եմ ծանոթ, իրենք՝ ինձ, և դա առավելություն է։ Ի տարբերություն ֆեյսբուքահայաստանի ֆեյքապետության՝ մարդիկ փողոցում լավ գիտեն ամեն ինչ։ Տարբերում են թացը չորից, վատը լավից, և դա ուժ է տալիս ինձ։ Չեն խաբելու, ուղեղները չեն լվալու մարդկանց։ Անձնական տիրույթի հարվածները, հակաքարոզը չեն աշխատելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031