«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Տիգրան Ավինյանը շարունակում է քարոզարշավի հանդիպումների շրջանակներում խոստումներ ու հանձնարարականներ տալ։ «Մեր այգին սարքել եք, գոհ ենք, միայն այդ շների հարցը լուծեք»,- Ավինյանին դիմեց բնակիչներից մեկը։ «Լուծում ենք, կացարաններ ենք սարքում։ Մի հատ կենտրոնական կացարան ենք սարքում, բայց նաեւ ամեն վարչական շրջանում առանձին կացարան ենք սարքում»,- պատասխանեց Ավինյանը։
Համայնքի երեխաները ֆուտբոլի դաշտ չունենալու հարցերը բարձրաձայնեցին։ «Պարոն Հովակիմյան, մի հատ այստեղ, մի հատ էլ Քանաքեռում, ֆուտբոլի դաշտ նախագծեք»,- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին հանձնարարեց Ավինյանը։
«Այստեղ ահավոր վիճակ է, իմ տունն առաջին հարկ է, ահավոր կանալիզացիայի հոտ է գալիս»,- բողոքեց բնակչուհիներից մեկը։ Վարչական շրջանի ղեկավարը հայտարարեց, որ մեկ ամսից աշխատանքները կսկսվեն, հարցը կկարգավորվի։ «Խոստում տալը շատ զոռ է, մենք չենք սիրում ուղղակի խոստում տալ»,- ասաց Ավինյանը։ «Կասկած չունենաք, որ ես ձեր վստահությունն արդարացնելու եմ»,- բնակիչներին դիմեց Տիգրան Ավինայնը։
Կարդացեք նաև
Նա հայտարարեց․ «Շրջայցերի ընթացքում մենք հավաքել ենք մեծ ծավալի աշխատանք, որն այս տարի իրականացնում ենք։ Երեւան քաղաքում այս տարի Խորհրդային միության ժամանակներից ամենամեծ ծավալի աշխատանքներն ենք իրականացնում։ Հիմնանորոգում ենք 24 մանկապարտեզներ, սա աննախադեպ թիվ է։ Երեւան քաղաքում հիմնանորոգում ենք ձեր այգիները, տասնյակ կիլոմետրերով ճանապարհներ ենք հիմնանորոգում, 15 կմ կոյուղի ենք քաշում։ Եվ այս ամենը տեղի է ունենում, որովհետեւ դուք մեզանից պահանջել եք, դուք դա մեզ հանձնարարել եք, մենք էլ մեր կաբինետներում նստած չենք անցկացրել»,- հայտարարեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ