«Արայիկ Հարությունյանը հրաժարական պետք է տար պատերազմից անմիջապես հետո, ինչպես պատերազմից անմիջապես հետո Հայաստանում հրաժարական պետք է տար Նիկոլ Փաշինյանը։ Եվ երկուսն էլ միասին պիտի կանգնեին դատարանի առջեւ»,- այսօր ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ներկայացնելիք հրաժարականին։
«Հիմա ես դիմում եմ Արցախի անվտանգության ծառայությանը։ Որ պահին Արայիկ Հարությունյանը կտա հրաժարական, անմիջապես պետք է կալանավորվի։ Արայիկ Հարությունյանին թվում է, թե երեք էջանոց հրաժարականի հայտարարություն անելով, եւս մեկ անգամ ներողություն խնդրելով փախնելու, պրծնելու է։ Արայիկ Հարությունյան, քո արածը ներողության բան չի։ Դու Նիկոլ Փաշինյանի հետ միասին մեղավոր եւ պատասխանատու ես Արցախի հանձնման համար, հազարավոր զոհերի համար, գերու, ռազմագերու կարգավիճակում հայտնված 120 հազար արցախցու սովամահ լինելու համար, Արցախի բլոկադայի համար։
Լինելով Արցախի նախագահ՝ դու Նիկոլ Փաշինյանի հետ մեղավոր ես Հայաստանի Հանրապետության տարածքից մինչեւ 400 կիլոմետր հանձնելու համար։ Արայիկ Հարությունյանը պիտի կալանավորվի։ Ես վստահ եմ, որ նույն գործընթացը առաջիկա երկու ամսում տեղի է ունենալու նաեւ Հայաստանում։ Ես հասկանում եմ, որ իր թեկնածուին Երեւանի ավագանու ընտրություններում անցկացնելով, Նիկոլ Փաշինյանին թվում է, թե դա ըստ էության վստահության յուրօրինակ հանրաքվե է լինելու եւ նա ասելու է, թե ստացավ հերթական չագուչն ու մուրճը խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Չէ, դու չես հասցնելու անել։ Դու հեռանալու ես եւ քո հեռանալը շատ կարճ ժամանակի հարց է»,- ասաց տիկին Զոհրաբյանը։
Նախկին պատգամավորը խոսեց նաեւ այն մասին, թե իր պատկերացմամբ ինչպես հնարավոր եղավ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ «Օրեր առաջ Արայիկկ Հարությունյանը հրավիրել էր եւ վեց ժամ խորհրդակցություն էր անցկացնում Արցախի քաղաքական էլիտայի հետ, որի կազմում Արցախի նախկին նախագահներն էին եւ տեղեկացրել է, նաեւ որ մտադիր է հրաժարական տալ, Նիկոլ Փաշինյանը սպառնացել եւ թույլ չի տվել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, որովհետեւ իրեն պետք է, որ Արցախում եւս իշխանության լինի թուրքական օրակարգ սպասարկողը։ Բայց հաղթեց Արցախի քաղաքական էլիտայի միասնությունը։
Կարդացեք նաև
Վստահ եմ, որ նույնը լինելու է նաեւ Հայաստանում։ Րոպեներ առաջ խոսեցի արցախցիների հետ, որոնք շարունակում են փակած պահել Ակնայի (Աղդամի) ճանապարհը, որպեսզի թուրքական «հումանիտար» կոչեցյալ մեքենաները՝ բեռնված 40 տոննա ալյուրով, մուտք չգործեն Արցախ։ Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ սոված են, սպառվում են ալյուրի պաշարները, բայց արցախցին հրաժարվում է թուրքի հացը վերցնել։ Սա եւս պատճառներից մեկն է, սա չէր մտնում Նիկոլ-Արայիկ դուետի պլանների մեջ։ Նրանք հաշվարկել էին, որ երկու-երեք ամիս հետո արցախցին կոտրվելու է եւ թուրքի հացը վերցնելու է։ Նիկոլը գազազած է, իրեն պատեպատ է տալիս, որովհետեւ չի կարողանում կոտրել արցախցուն։ Ալիեւ-Նիկոլ-Արայիկ եռյակի պլանը արցախցուն կոտրելն էր։ Եվ պատահական չէ ու ես հրապարակում եմ որոշակի մանրամասներ վեցժամյա այդ փակ հանդիպումից։ Արայիկ Հարությունյանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի ցուցումով առաջարկել է անմիջապես որոշում կայացնել․ կամ ընդունել Ադրբեջանի օրակարգը, կամ Ադրբեջանից մուրալ Արցախը լքելու ճանապարհ։ Եվ ի պատիվ Արցախի քաղաքական ուժերի եւ ժողովրդի, նրանք ասել են, որ կռուտիտները չեն անցնում, նրա առաջարկած երկու տարբերակն էլ նշանակում է ընդունել Ադրբեջանի օրակարգը՝ հանձնել կամ հայաթափել Արցախը։
Ու պատահական չէ, որ ընդամենը ժամեր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, ով այդպես էլ դուրս չի գալիս դեղին մամուլի լրագրողի ֆուտլյարից, հայտարարել է, որ ըստ իրանց հասած տեղեկության, հումանիտար ճգնաժամի պիկին, այսինքն, երբ ուտելու բան ընդհանրապես չլինի, Ադրբեջանը միակողմանի բացելու է Լաչինի միջանցքը Արցախը հայաթափելու համար»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ