«Մեր քաղաքական թիմն ուշադիր հետևում է Արցախի ներքաղաքական կյանքին»,- Նոր Նորք վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, երբ լրագրողները հիշեցրին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական կներկայացնի։
Հայկ Մարությանը վստահեցրեց՝ իր համար ընդունելի են բոլոր որոշումները, որոնք կկայացնեն արցախցիները․ «Մենք պետք է սատար կանգնենք այդ որոշումներին։ Ես հուսամ, որ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Արցախում, առանց ցնցումների կլինեն, քանի որ այս պահին ներքաղաքական ամրությունը և ներքաղաքական հանդուրժողականությունը շատ կարևոր է արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար»։
Հայկ Մարությանը վստահ է՝ Արցախի հարցը չի կարող չմտահոգել որևէ հայաստանցու, երևանցու․ «Սա բնական է։ Բայց դրան զուգահեռ նաև կարծում եմ, և քաղաքացիներն էլ են այդպես կարծում՝ պետք չէ ՀՀ ներքաղաքական կյանքը կանգնեցնել։ Առավել ևս, որ ես բազմիցս ասել եմ, որ սա ոչ միայն քաղաքային ընտրություններ են, այլ ընդհանուր ՀՀ քաղաքական դաշտի առողջացմանը միտված ընտրություններ»։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ փաստորեն Դուք հայտ եք ներկայացնում մեծ քաղաքականություն մուտքի՞, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական գործընթաց արդեն հայտ է մեծ քաղաքականության։ Չի կարող փոքր և մեծ քաղաքականություն լինել։ Կամ քաղաքականությունը կա, կամ՝ չկա։ Եվ ես ասացի, որ քաղաքական դաշտն այսօր շատ անառողջ է, դա պետք է առողջացնել, և այս գործընթացը հենց դրա սկիզբն է»։
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է նաև իշխանափոխության հարց առաջ քաշեն, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Իշխանափոխությունը նորմալ զարգացած երկրներում տեղի է ունենում ընտրությունների միջոցով։ Իսկ հիմա մենք գնում ենք ընտրությունների։ Այս պահին մենք խոսում ենք քաղաքային իշխանության փոփոխության մասին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ