Aravot.am-ն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր,ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանից հետաքրքրվեց, թե մինչ պատգամավոր դառնալը որտե՞ղ է աշխատել, ի՞նչ ունեցվածք ունի։
Պատգամավորն ասաց, որ մասնագիտությամբ իրավաբան է, պետական կառույցում երբևէ չի աշխատել, զբաղվել է կուսակցական գործունեությամբ։
«Ունեցվածք, կարելի է ասել, չունեմ, ընդամենը մի բնակարան ունեմ Արթիկում, համասեփականատեր եմ, հարստություն ընդհանրապես չեմ ունեցել, չեմ էլ կուտակել։
Կարելի է ասել՝ իմ ողջ կյանքի ընթացքում զբաղվել եմ կուսակցական գործունեությամբ։
Կարդացեք նաև
23 տարի է՝ ՀՅԴ-ական եմ, ներկայումս Շիրակ մարզային կոմիտեի ներկայացուցիչն եմ, բայց նաև եղել եմ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» վարչության անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ, ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի անդամ։ Մասնագիտությամբ ընդհանրապես չեմ աշխատել»,- ասաց Մհեր Մելքոնյանը։
Նա նաև ասաց, որ ավտոմեքենա չունի։
«Ոտքով եմ քայլում, հասարակական տրանսպորտից եմ շատ օգտվում, որովհետև հետաքրքիր է ժողովրդի հետ շփվելը, խոսելը, հիմնահարցերն իրենցից լսելը, լուծումներն իրենց հետ քննարկելը»։
Մհեր Մելքոնյանը վստահ է՝ իր առաջին քննադատները կլինեն Արթիկի բնակիչները, նրանք արդեն տարբեր հարցերով դիմել են պատգամավորին, որ բարձրաձայնի խորհրդարանում։
«Ասել եմ ամսի 11-ից հետո, աշխատանքի գնամ, նոր փորձենք լուծումներ գտնել»,- ասաց նոր պատգամավորը։
Ըստ նրա, Արթիկի բնակիչների բարձրաձայնած հարցերը միայն սոցիալական չեն, նրանք խնդիրներ ունեն թե՛ տեղի և թե՛ հանրապետական իշխանության հետ։
«Ես կաշկանդված չեմ որևէ հարց բարձրաձայնելու, եթե խնդիրներ կան Արթիկի կամ մարզային իշխանությունների հետ, ես անպայման կբարձրաձայնեմ՝ կփորձեմ լուծում գտնել»։
Մհեր Մելքոնյանը նաև նշեց, որ բնավորությամբ էմոցիոնալ չէ։
«Եթե խնդիրը կա, պիտի անպայման վերլուծեմ, նոր դիմեմ հաջորդ քայլին, շատ պահեր կան, որ էմոցիաները շատ են խանգարում, քաղաքական գործչին էմոցիոնալ որոշումներ կայացնելը լավ տեղ չի տանում, ավելի շատ պետք են զուսպ, կշռադատված լուծումներ»,- ասում է մեր զրուցակիցը։
Ինչպե՞ս է պատկերացնում նոր պատգամավորն իր աշխատանքն այն խորհրդարանում, որտեղ մթնոլորտը մեղմ ասած հաշտ չէ, երբեմն սկանդալային իրավիճակներ են լինում, այս մասին՝ ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ