Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, երբ Նոր Նորքում շրջում էր բակերով, մի մեքենա կանգնեց, վարորդը՝ մի կին, Հայկ Մարությանին հարց տվեց՝ ո՞վ էր մեղավոր, որ Արցախն էս վիճակում է։ Հայկ Մարությանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ բոլոր իշխանությունները»։ Քաղաքացին պնդեց՝ այսինքն Դուք չե՞ք կարծում, որ ամենամեծը Նիկոլի մեղավորության բաժինն է, Հայկ Մարությանն արձագանքեց․ «Կարծում եմ՝ ներկա իշխանությունը բավականին մեծ մեղքի բաժին ունի, և անցած իշխանությունը բավականին մեծ»։ Իսկ ո՞վ ավելի շատ մեղքի բաժին ունի, կրկին հարց հնչեց, Մարությանը պատասխանեց․ «Տոկոսներ չեմ կարող ասել։ Օրինակ, որ ավիավթար լինում է, մի պատճառով չի լինում, բազմաթիվ պատճառներով է լինում»։
Հայկ Մարության-քաղաքացի երկխոսությունը մի քանի րոպե շարունակվեց։ Կրկին նրան հարցրին՝ չեք կարծո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանն է 70,80,90 տոկոսով իր քաղաքականությամբ նրան հասցրել, որ հիմա Արցախում այս վիճակն է, Հայկ Մարությանը նորից նույն պատասխանը տվեց․ «Չեմ կարող ասել, թե 80 կամ 90 տոկոսով է, բայց վստահաբար ներկա իշխանության մեղավորությունը կա, և վստահաբար կա նախկին իշխանության մեղավորությունը»։ Հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ շատ ավելի մեծ է Նիկոլի մեղավորությունը, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Սա ընդհանուր աղետ է, տասնամյակների սխալ քաղաքականության վարման պատճառով է»։
Խոսակցությունն ի վերջո ավարտվեց Հայկ Մարությանին ուղղված այս արտահայտությամբ․ «Դուք նիկոլական եք, ես Ձեզ չեմ հավատում»։
Կարդացեք նաև
Հայկ Մարությանն էլ ասաց, որ դա նրա իրավունքն է։
Aravot.am-ը Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ երբ Ձեզ «նիկոլական» անվանեցին, վիրավորվեցի՞ք, նաև նշեցինք, որ սոցցանցերում էլ այս դիսկուրսը կա, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց․ «Շատ հետաքրքիր բան է տեղի ունենում սոցցանցերում․ նիկոլականներն ասում են, որ ես քոչարյանական եմ, քոչարյանականներն ասում են՝ նիկոլական եմ, արևմտամետներն ասում են՝ ես ռուսամետ եմ, ռուսամետներն ասում են՝ արևմտամետ եմ։ Միայն Ճապոնիայի հետ կապերի մեջ չեն մեղադրել ինձ, դա էլ մոտակա օրերին սպասվում է»։
Կրկին հարցրինք՝ այնուամենայնիվ, «նիկոլական» որակումը իր համար վիրավորակա՞ն է, Հայկ Մարությանն արձագանքեց․ «Ինձ համար ընդհանրապես այս դիսկուրսն անհասկանալի է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ