Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ավտոբուսներով մարդիկ է բերել լցրել, անցել են իրենց դիրքերը, հասել են ռուսների կողքին». Ասկերանում իրավիճակը լարված է

Օգոստոս 31,2023 16:56

Արցախի Հանրապետության Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի հատվածում իրավիճակը լարված է։ Ադրբեջանական կողմը ավտոբուսներով մարդիկ է տեղափոխել տարածք։

Հիշեցնենք, որ Ասկերանի բնակիչները արդեն երկու օր է՝ փակել են ճանապարհը եւ թույլ չեն տալիս, որ ադրբեջանական «հումանիտար» բեռնատարները մուտք գործեն Արցախ։ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը երեկվա ասուլիսում հայտարարել էր, որ Արցախի իշխանության կողմից կա հստակ որոշում՝ փակ պահելու Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը։

Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատը հայտարարել էր, որ երեկ երեկոյան ռուս խաղաղապահները փորձել են ընդունել ադրբեջանական բեռը, բայց Ասկերանի բնակիչները կանխել են։

Սոֆյա Հովսեփյան

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ ադրբեջանցիները ավտոբուսներով մարդիկ են բերել ճանապարհի այդ հատված, իրավիճակը լարված է։ «Ավտոբուսներով շատ մարդկանց են բերել լցրել, ըստ ինֆորմացիայի՝ ուզում են գան մտնեն Ասկերան։ Ըստ նկարագրության՝ քաղաքացիական հագուստով անձինք են բերվել, բայց սադրանքներ հրահրելու համար։ Իրենց չակերտավոր էկոակտիվիստների որակի գործողություն է սա»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Ասկերանի քաղաքապետը բնակչությանը կոչ է արել հավաքվել քաղաքի Տանկ հուշարձանի մոտ։ Ստեփանակերտի բնակիչ Հովիկ Ասմարյանը, որն Ասկերանում է, «Առավոտին» մանրամասներ փոխանցեց։ «Բոլորս հավաքվել ենք այստեղ՝ մեր պոստի կողքին, որպեսզի որեւէ կերպ չկարողանան այդ ողորմությունը մտցնել Արցախ՝ դա լինի ռուսների միջոցով, թե անմիջականորեն։ Իրենք անցել են իրենց դիրքերը, հասել են ռուսների կողքին։ Իսկ մենք այստեղ ենք, սպասում ենք»,- ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանից ավտոբուսներով քաղաքացիական հագուստով անձինք են տեղափոխվել այդ տարածք։ «Բայց ինչպես Շուշիի մոտ էին քաղաքացիական հագուստով մարդիկ, նույնն էլ այստեղ է։ Մենք շատ մեծ հնավարություն չունենք այստեղից իրենց տեսնել, բայց ինչքան հետեւում ենք, կուտակումներ կան։ Ավտոբուսներով մարդիկ անցել եկել են ռուսների մոտ, նաեւ ադրբեջանական երկու բեռնատար է ռուսների մոտ», – ասաց նա։

Հովիկ Ասմարյանը նշեց, որ արցախցիները ճանապարհի մոտ են, հսկում են իրավիճակը, այդ թվում՝ ռուսական մեքենաներն են ստուգում՝ սադրանքներ թույլ չտալու համար։

Նա նշեց, որ ադրբեջանցիներն իրենց լրատվամիջոցների միջոցով հայտարարել են, որ քայլերթ են անելու։ «Այսպիսի սուտ տեղեկություն են տարածում, որ չուզողները սեպարատիստներ են, իսկ ժողովուրդն ուզում է այդ բեռն ընդունել»,- հավելեց Հովիկ Ասմարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031