Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Երիտասարդական պալատ»-ի հողամասն օտարվել է օրենքի խախտմամբ

Օգոստոս 31,2023 16:11

 Ե.Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, առանց իրավական հիմքերի, որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը:

Մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 13-ին Երևանի Սարալանջ 1 հասցեում գտնվող՝ 24.345.2 քմ մակերեսով անշարժ գույքը «Երիտասարդական պալատ» ՊՓԲ ընկերության սնանկության կառավարչի կողմից վաճառվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը: Պայմանագրի գինը, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որոշվել է 506 մլն դրամ: 506 մլն դրամից 90 մլն դրամը նախատեսվել է տրամադրել վերոնշյալ շենքում բնակվող՝ 24 փախստական ընտանիքներին՝ որպես տարածք տրամադրելու հատուցում: Հետագայում՝ 2004 թվականի հուլիսի 13-ին, նշված հատուցման գումարի չափը փոփոխվել է՝ դառնալով 95 մլն դրամ՝ արդեն որպես 30 փախստական ընտանիքներին տարածք տրամադրելու հատուցում:

Պայմանագրի 7-րդ կետով սահմանվել է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կհամարվի փոխանցված գնորդին՝ պայմանագրի՝ պետական գրանցում ստանալու պահից (պայմանագիրը պետական գրանցում է ստացել 2004 թվականի հունվարի 27-ին):

Ե.Զ.-ն, 2004 թվականի հունվարի 16-ին` Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն նոր որոշման ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ (19.01.2004 թվականին ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ վերոնշյալ հողամասի կադաստրային արժեքը նախկինում գործող 62 մլն 973 հազար 405 դրամից դառնում էր 805 մլն 623 հազար դրամ), պայմանագրի պետական գրանցման բացակայության, անշարժ գույքի սեփականության իրավունքը գնորդին փոխանցված և դրանից բխող այլ իրավունքներ, այդ թվում՝ գույքի գնման նախապատվության իրավունքն առաջացած չլինելու պայմաններում, առանց համապատասխան իրավական հիմքերի՝ կայացրել է ««Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին պատկանող շինությունների զբաղեցրած հողատարածքն օտարելու մասին» թիվ 35-Ա որոշումը: Այդ որոշմամբ՝ Ե.Զ.-ն «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին վերապահել է վերոնշյալ հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասի գնման նախապատվության իրավունք՝ վաճառքի գինը սահմանելով տվյալ ժամանակահատվածում գործող կադաստրային արժեքի չափով:

Այնուհետև, Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի հունվարի 16-ի թիվ 35-Ա որոշման հիման վրա՝ 2004 թվականի հունվարի 17-ին, Երևան քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կ.Դ.-ի և «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Լ.Ա.-ի միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը 62 մլն 973 հազար 405 դրամով օտարվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը:

Այսպիսով, Երևանի նախկին քաղաքապետ Ե.Զ.-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով օրենսդրական մի շարք պահանջները, 805 մլն 623 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը 62 մլն 973 հազար 405 դրամով օտարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը՝ Երևան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Ե.Զ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

          Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031