Դասագրքերը նոր չափորոշիչների ներդրման կարևոր բաղադրիչն էին: Կառավարության այսօրվա նիստում, հանրակրթության պետական չափորոշչի փոփոխությունների մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս, նման պատասխան տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, երբ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նոր չափորոշիչներին համապատասխան դասագրքերի ներդրման մասին:
«Մենք, պետք է նշեմ, որ այս ընթացքում նաև ամբողջությամբ փոխել ենք դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները: Արդյունքները, որ կան, և ազդակները գոհացուցիչ են, որովհետև մեր հիմնական նպատակն էր ստեղծել պայմաններ, որ ունենանք մրցակցային բաց դաշտ, որից էլ կկարողանանք ակնկալել որակյալ դասագրքեր: Պետք է հասկանանք, որ մեր երկրում ավելի քան 10-15 տարի նոր դասագրքերի մրցույթներ չեն արվել: Ամեն դեպքում, այդ բոլոր դժվարությունները հաղթահարված են»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով, ի սկզբանե նախատեսված է եղել 10-րդ դասարանում չափորոշիչներ ներդնել, սակայն 10-րդ դասարանի համար բավարար քանակությամբ դասագրքերի հայտեր չեն ստացել:
«Դա նշանակում է, որ 10-րդ դասարանում ներդրումը կհետաձգենք մյուս տարի: Մյուս բոլոր դասարաններում դասագրքերը ճնշող մեծամասնությամբ ունենք. դրանք արդեն հասանելի են էլեկտրոնային տարբերակով, ուսուցիչները ընտրել են:
Կարդացեք նաև
Տպագրության գործընթացներն ընթացքում են, մի մասն արդեն կլինեն դպրոցներում բառացիորեն այս օրերին, մյուսները կլինեն արդեն սեպտեմբերի ընթացքում: Այստեղ, իհարկե, որոշակի կազմակերպման խնդիր կունենանք դպրոցներում աշխատանքների, բայց նախորդ օրերին շատ ինտենսիվ աշխատել ենք բոլոր դպրոցների հետ և ընթացքում էլ կապի մեջ ենք լինելու, մինչև դասագրքերն ամբողջ ծավալով լինեն դպրոցներում:
Հիշեցնեմ, որ խոսքն այս պահին երկրորդ, հինգերորդ, յոթերորդ դասարանների մասին է, մյուս դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում, դրանք բոլորը դպրոցներում են, և գործընթացը նորմալ կսկսվի»,- նշեց Անդրեասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ