Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղարքունիքում տպավորություն կար, որ սահմանամերձ գյուղերի համար ոչինչ չանելը հատուկ քաղաքականություն է՝ այդ գյուղերը դատարկելու համար»․ Լեւոն Խաչատրյան

Օգոստոս 31,2023 15:39

«Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի նախագահ, Փարիզի Ժորժ Պոմպիդու եվրոպական հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լեւոն Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ներկայացնում է սահմանամերձ Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում իրենց կողմից արձանագրված խնդիրները։ Ասոցիացիան այս երկու մարզերի գյուղերում բուժօգնության առաջնային օղակի եւ ամբուլատորիաների հզորացման, նյութական աջակցության նախաձեռնությամբ է հանդես եկել։ Զուգահեռ, մասնագետները աշխատանք են տանելու համայնքի բնակչության հետ՝ սթրեսակայունության, հոգեաջակցման հմտություններ փոխանցելու, որպեսզի այդ գյուղերի բնակիչները կարողանան արտակարգ իրավիճակներում օգնել մեկը մյուսին։

«Արցախի շրջափակման պատճառով չենք կարողանում շարունակել մեր գործունեությունը, որի հիմնական մասը Արցախի դպրոցների ու առողջապահական համակարգի հետ էր կապված, հետեւաբար, որոշեցինք ժամանակ չկորցնել եւ փորձել վեկտորը փոխել դեպի Հայաստանի սահմանամերձ գյուղեր։ Այցելեցինք Տավուշ, ստեղծեցինք աշխատանքային խումբ, եւ աստիճանաբար ուրվագծվում է անելիքների քարտեզը։ Նաեւ այցելեցինք Գեղարքունիքի մարզ, եղանք մարզի սահմանամերձ գյուղերում, անունները չեմ տալիս, ելնելով նրանից, որ չպետք է թշնամուն տեղեկացնել։ Եվ սահմանամերձ գյուղերում փորձեցինք հասկանալ, թե ինչպիսին է իրադրությունը»,- ասաց մասնագետը։

Նա նշեց, որ Տավուշում ու Գեղարքունիքում կան եւ նմանություններ, եւ տարբերություններ։ Նմանություններից է այն, որ գյուղերում գոյություն ունեցող բուժկետերը կամ առողջապահության առաջնային օղակ հանդիսացող համակարգը գտնվում է խիստ աղքատիկ վիճակում։ Ավելի շուտ, ունի ձեւական բնույթ եւ այդ ձեւական բնույթը պայմանավորված է նյութատեխնիկական տկարությամբ։ «Սակայն պետք է նշեմ, որ բուժանձնակազմի նվիրվածությունն աշխատանքին շատ տպավորիչ էր, այդ նյութատեխնիկական խղճուկ վիճակի ճիշտ հակառակն էր։ Ոչ բոլոր գյուղերում կան բժիշկներ, մենք հիմնականում բուժքույրերի հետ ենք շփվում, եւ ես հիանում էին նրանց նվիրվածությամբ ու պատրաստակամությամբ։ Հերիք է շատ չնչին ուշադրություն իրենց նկատմամբ, եւ անմիջապես կարող ենք նրանց աշխատանքի որակական փոփոխություն ունենալ։ Տարրական պարագաներ չունեն, պետությունից ձեւական ստանում են, նույնիսկ ամոթ է ասել, դեղորայք, ինչպիսիք են, օրինակ, անալգին, դիմեդրոլ, էուֆիլին դեղերը, որոնք գոյություն են ունեցել 40-50 տարի առաջ, բայց հիմա ունեն ավելի արդյունավետ ու ժամանակակից փոխարինիչներ։ Բուժկետերը չունեն վիրակապեր, այլ պարագաներ։ Մեզ համար կարեւոր է հասկանալ, որ հարկ եղած դեպքում, եթե թշնամին լայնամասշտաբ հարձակում իրականացնի, միաժամանակ ունենանք մի քանի տասնյակ վիրավորներ՝ թե քաղաքացիական, թե զինվորական, ապա արդյոք առաջնային օղակը կկարողանա՞ անհրաժեշտ ծավալի բուժօգնություն ցուցաբերել։ Ու, ցավոք, հասկացանք, որ ոչ, չեն կարողանա բուժօգնություն ցուցաբերել։

Ինձ՝ որպես բժիշկի, որը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել էր Արցախում, շատ բաներ էր տեսել, շատ հարցեր էին ծագել իմ գլխում, զարմացրեց, որ մինչեւ օրս ոչինչ չի փոխվել։ Այսինքն՝ մենք դասեր չենք քաղել, չենք ձեւավորել պետական առողջապահական քաղաքականություն, որպեսզի խուսափենք երկրորդ անգամ նույն իրավիճակում հայտնվելուց։ Սա շատ ակնհայտ էր թե Տավուշի, թե Գեղարքունիքի մարզերում։ Եվ երբ խոսում էի բուժանձնակազմի հետ, թե բժիշկներին, թե բուժքույրերին մտահոգող հարցերը նույնպես սրանք էին։ Բայց երեւում էր, որ նրանք այդ հարցերը չեն բարձրացնում մի պարզ պատճառով՝ լսող չկա։ Այսինքն՝ ես հասկացա, որ այդ մարդիկ ոչ թե չեն հասկանում իրավիճակը, ոչ թե չեն ընկալում կամ մոռացել են, թե ինչ է եղել, այլ պարզապես իրենք այդ հարցերը բարձրաձայնելու իմաստ չեն տեսնում։ Մեզ ակնարկեցին, թե՝ ո՞ւմ ասենք, ի՞նչ ասենք, ո՞վ է այս հարցի տերը։ Եվ մենք փորձում ենք նրանց մատակարարել ինչ կարող ենք՝ լինի դա վիրակապեր, բժշկական պարագաներ, որ իրենք մինիմալ աշխատանքային պայման ունենան, գոնե դեռ խաղաղ պայմաններում կարողանան սպասարկել բնակչությանը»,- ասաց նա։

Լեւոն Խաչատրյանն ասում է, որ նկատել է՝ դեղատնային համակարգ ընդհանրապես գոյություն չունի այդ գյուղական բնակավայրերում։ Գյուղացիները չունեն հնարավորություն նույնիսկ հասարակ դեղորայք ձեռք բերելու, որեւիցե մեթոդ մշակված չէ իրենց համար։ «Եվ դա կարծես չի մտահոգում համապատասխան ատյաններին ու նախարարություններին, որոնք վաղուց պետք է այդ հարցը լուծած լինեին։ Այս բոլորը խնդիրների մի լուրջ փաթեթ է դառնում, որտեղ եւ բժշկական, եւ սոցիալական հարցերը միախառնված են։ Օրինակ՝ սահմանամերձ մի շատ կարեւոր գյուղում բուժքույրը հայտարարեց, որ ինքը լքելու է իր աշխատատեղը եւ գնալու է, քանի որ լիցենզավորում չի անցնել։ Այդ գյուղը գտնվում է հենց թշնամու երախում, անունը չեմ ուզում հնչեցնել։ Այդ գյուղում ապրելու փաստն արդեն իսկ գնահատելի է բոլորիս համար, որ մարդն այդտեղ ապրում է, անցնում է փողոցով, որը դիտարկվում է թշնամու դիպուկահարի կողմից։ Եվ բուժքույրն ասում է՝ ես հեռանալու եմ, որովհետեւ լիցենզավորում չեմ անցել։ Ես՝ որպես բժիշկ, շփվելով այդ բուժքրոջ հետ, որեւէ տպավորություն չստացա, որ այդ բուժքույրն անփորձ է, գիտելիքներ չունի։ Ընդհակառակը, շատ մոտիվացված բուժքրոջ տպավորություն թողեց։ Երբ հարցրեցի՝ ինչո՞ւ լիցենզավորում չի ստացել, ասաց, որ գումար չուներ, որ վճարեր, գնար Երեւան, մասնակցեր լիցենզավորման համար ձեւական կուրսերին, որոնք իրեն ոչինչ չէին տալու։ Ասեմ, որ այդ գյուղից Երեւան հասնելու համար 3-3․5  ճանապարհ պետք է անցնել։

Երկրորդ, մենք պատերազմող երկրում ենք ապրում, ինչքան էլ չակերտավոր խաղաղություն աղաղակենք, ինչքանո՞վ է տրամաբանական ստիպել բուժքրոջը, որ բացակայի այդ գյուղից՝ ձեւական թղթի կտոր ստանալու համար։ Նույնիսկ, եթե այս մարդիկ օրենքով պարտադրված են անցնելու լիցենզավորում, ես բան չունեմ ասելու, բայց այդ դեպքում պետությունն ու համապատասխան ատյանը պետք է ճկունություն ու խելամտություն ցուցաբերեն, որ չստիպեն սահմանամերձ գյուղերի բժիշկներին ու բուժքույրերին դուրս գալ գյուղից, մի քանի օր մնալ Երեւանում՝ ամեն անգամ ծախսելով 15-20 հազար դրամ ճանապարհածախսի համար, մոտ 65 հազար դրամ էլ՝ վճարել լիցենզավորման համար։ Դա այն դեպքում, երբ իրենց աշխատավարձը 70-75 հազար դրամ է։ Պատկերացրեք, այդ բուժքույրը բացակայեր գյուղից, եւ այդ օրը ռմբակոծություններ սկսվեին, ամեն վայրկյան դա կարող է լինել մեր օրերում։ Հեռավոր գյուղերի համար պետք է առանձնահատուկ քաղաքականություն վարվի, դա բացարձակ դժվար բան չէ»,- նշեց Լեւոն Խաչատրյանը։

Անդրադառնալով սահմանամերձ բնակչության տրամադրություններին՝ նա ասաց, որ գրեթե բոլոր գյուղերում ակնհայտ էր, որ մարդիկ բարոյահոգեբանական աջակցության շատ մեծ կարիք ունեն։ Ըստ նրա՝ նյութական աջակցությունը երկրորդական է մարդկանց համար, կարեւորը բարոյահոգեբանական աջակցությունն է։ «Գրեթե բոլոր գյուղերում մարդիկ ուրախությամբ ասում էին՝ ի՞նչ լավ է, որ եկել եք, միայն ձեր գալն արդեն մեզ համար մեծ բան է, նշանակում է՝ մեզ մոռացության չեք մատնել։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները բացարձակ լքված են։ Շատ ավելի բարդ ու խղճուկ վիճակ է Գեղարքունիքի մարզի գյուղերում, իսկ Տավուշում, ես կարծում եմ, զուտ կլիմայական պայմանների շնորհիվ մի քիչ ավելի բարվոք վիճակ էր։ Բայց բարոյահոգեբանական իմաստով գրեթե նույն խնդիրներն են՝ մարդիկ կարոտ են, որ իրենցով զբաղվեն, իրենց հարցնեն՝ ինչպե՞ս եք, իրենց դարդ ու ցավը լսեն։ Գեղարքունիքի մարզում ինձ մոտ տպավորություն կար, որ գյուղերի համար ոչինչ չանելը հատուկ քաղաքականություն է՝ այդ գյուղերը դատարկելու համար։ Իրենք մոտ այնքան ցավալի էր այդ վիճակը, որ ակամայից սկսում ես մտածել՝ արդյոք այս ամենը դիտավորյալ չէ։ Գյուղացին մեն մենակ է թողնված իր խնդիրների հետ, շատ բարդ է իրենց վիճակը։ Ընդհանուր առմամբ իմ տպավորությունն այն էր, որ իրենք ուզում են մնալ իրենց համայնքներում, ոչ ոք չի ուզում լքել իր տունը, իր հողը, բայց ակնհայտ էր, որ վաղվա օրվա հարցի մութ ու ստվերոտ կափարիչը ճնշում էր իրենց։ Բոլորի մոտ այդ հարցը կար, բոլորը չգիտեին, թե վաղը ինչ է լինելու։ Հիշում էին անցած ժամանակները, թե գյուղում ինչքան մարդիկ կային ապրող, դպրոց հաճախող քանի երեխա կար։ Եվ համեմատում էին, պարզ էր դառնում, որ այսօր գյուղի քայքայում է գնում։ Մինչդեռ թվում էր, թե մեր պետության նման պետությունում ռազմավարական քայլերից մեկը պետք է լիներ սահմանամերձ գյուղերի ամրապնդումն ու զարգացման հատուկ ծրագրի մշակումը»,- ասաց նա։

Լեւոն Խաչատրյանի խոսքով՝ պետությունը բոլոր հնարավոր ու անհնար տնտեսական, առողջապահական, սոցիալական եւ այլ բնույթի արտոնությունները պետք է տա սահմանամերձ գյուղերի բնակիչներին, նույնիսկ «հրահրելով», որ այլ բնակավայրերից մարդիկ տեղափոխվեն ու ապրեն սահմանամերձ բնակավայրերում, որպեսզի ամրապնդվեն մեր սահմանները։ «Ասում են՝ փող ունեք, չենք կարողանում զենք առնել։ Եթե փող ունենք, միայն մեխանիկական զենք գնելու մասին չէ խոսքը, զենքը նաեւ սահմանամերձ գյուղերի սոցիալական պայմանների բարելավումն է։ Այ դա է նաեւ հզոր զենքը»,- հավելեց մասնագետը։

«Ֆրանսիական Լույս» հոգեբանական աջակցման եւ վերլուծությունների կենտրոնի համակարգող Ելենա Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում շատ տխուր իրականություն տեսան՝ բոլորը տագնապային վիճակում էին։ «Եվ իրենց այդ տագնապն արտահայտվում էր որպես սպասողական վիճակ։ Իրենց համար արդեն դարձել է սովորական առօրյա՝ ապրել այդ վիճակում։ Եվ իրենք տարբեր մեխանիզմներ են մշակում, թե ինչպես կարող են դիմակայել ու ապրել այդ վիճակում։ Բարձր աստիճանի տագնապայնություն կար որոշ մարդկանց ու մասնագետների մոտ։ Իսկ ավելի տարիքով մարդիկ իրենց վրա պարտականություն են վերցրել՝ տոկունություն տալու երիտասարդ ու միջին օղակին։ Ես նկատեցի, որ բոլոր տխուր, նույնիսկ դաժան պատմությունները պատմվում էին առանց հուզականության։ Այսինքն՝ հուզականությունը մի տեսակ բթացրել են։ Մարդիկ մշակել էին ձեւ, որով պետք է դիմանան։ Մի արտահայտություն կա՝ ես իրավունք չունեմ թույլ լինելու, դա նկատեցի այնտեղ, բավական ծանր պատմությունները պատմում էին առանց որեւէ արցունքի։ Ճիշտ է, աչքերի մեջ տեսնում էինք այդ տագնապը։ Այսինքն՝ իրենց բթացրել են՝ դիմակայելու համար այս մարտահրավերներին։ Դա ամենաառաջնային խնդիրն է, որի մասին ես՝ որպես մասնագետ, շատ կուզենայի խոսել։ Այն ձեւը, որը իրենք մշակել են, չեմ կարող որակել՝ լավ է, թե վատ, որովհետեւ դա իրենց դիմանալու միջոցն է, բայց այս վիճակը երկար չի կարող տեւել իրենց մոտ։ Երբ մենք բթացնում ենք ինչ-որ բացասական, նեգատիվ հույզեր, դրանք դառնում են հիվանդության աղբյուր։ Այսինքն՝ պետք է մարդկանց հնարավորություն տալ խոսել այդ մասին, որպեսզի իրենք ունենան ելք, մշակվեն այդ ցավերը, տրավմաները, ինչո՞ւ ոչ՝ բողոքել, լացել, սա մարդկային է, սա առողջ ապրելու ճանապարհն է»,- ասաց Ելենա Հովհաննիսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031