Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաքվեն» պետք է քաղաքական հանգուցալուծում ստանա․ Անդրանիկ Թեւանյան

Օգոստոս 31,2023 15:13

«Հայաքվեն» շատ կարեւոր է, որպես քաղաքացիական նախաձեռնություն եւ այդ գործընթացը պետք է ի վերջո քաղաքական հանգուցալուծում ստանա, եւ մենք կարողանանք ապահովել եւ ստորագրած մեր քաղաքացիների իրավունքները, եւ քաղաքական գործընթացների հետագա տրամաբանության մեջ զարգացում տանք այս ամենին․ այստեղ արդեն հասարակական-քաղաքական լայն համախմբում է պետք, որպեսզի կարողանանք արդյունք ապահովել»,- ՀՀ ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

Դաշինքի անդամներն այսօր ԿԸՀ-ի մոտ էին՝ ի աջակցություն նախաձեռնության: Հիշեցնենք, 58 հազար ստորագրություններն այսօր հանձնվեցին ԿԸՀ:

Ամփոփելով Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի անցած մեկ շաբաթն էլ, Անդրանիկ Թեւանյանն անդրադարձավ մտահոգություններին, որ իշխանությունները փորձում են Երեւանում գրանցել մարզաբնակներին՝ օգտագործելով վարչական ռեսուրս: Անդրանիկ Թեւանյանը հավաստիացրեց՝ «Մայր Հայաստանի» թիմերն աշխատում են նաեւ այդ ահազանգերի ուղղությամբ. «Այդպիսի ահազանգ մենք էլ ունենք, բայց մենք համոզված ենք, որ մեր քաղաքացիներն իրենց խոսքն ասելու են․ որեւէ պարագայում այս իշխանությունը վերարտադրվելու շանս չի ունենալու, որովհետեւ բոլոր ուսումնասիրությունները, մեր ուղղակի շփումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ այս իշխանությունը մերժված է, իրենք չունեն որեւէ վստահություն, ուղղակի դա պետք է քաղաքական հանգուցալուծման տեսք ստանա եւ մենք համոզված ենք, որ մեր քաղաքացիներն իրենց խոսքն անպայման ասելու են»։

Քարոզչության ընթացքում դաշինքը արձանագրել է նաեւ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահում, բայց Անդրանիկ Թեւանյանն ասում է՝ դա սպասելի էր, նորություն չէր. «Իրենցից այլ բան չէինք էլ սպասում։ Մենք ակտիվորեն շարունակելու ենք շփումները քաղաքացիների հետ եւ այդ ուղիղ շփումների արդյունքում տեղ ենք հասցնելու մեր այն գաղափարները, որոնք մենք կարծում ենք, որ ամենագլխավորն են։ Կեղծիքներ իրենք միշտ էլ փորձելու են անել, բայց այստեղ գլխավորը հանրային լայն ներգրավվածությունն է․ մեր փաստահավաք խումբը աշխատում է այդ ուղղությամբ, փաթեթն արդեն ձեւավորում ենք, մնացածը՝ ժամանակը ցույց կտա։ Մենք կարեւորում ենք մեր հանրության հետ լայն աշխատանքը»։

Անդրանիկ Թեւանյանը կարծում է, որ Երեւանի խնդիրները նույնպես կարեւոր են, բայց երբ իշխանությունները ամբողջ երկրի գոյությունն են դրել հարցականի տակ, դրանից հետո արդեն մնացած հարցերը երկրորդական են դարձել. «Իշխանությունները չունեն հանրային աջակցություն։ Ուսումնասիրություններով եւ մեր շփումներով պարզել ենք, որ հանրային աջակցության բացակայությունը առկա է․ կարեւոր է, որ քաղաքական դաշտում դա ամրագրվի, քանի որ այս իշխանությունները լեգիտիմ չեն եւ չեն ներկայացնում հանրությունը»:

Ինչ մնում է հարցին՝ արդյոք երեւանցիները գիտակցո՞ւմ են, որ քաղաքային իշխանության փոփոխությամբ համապետական իշխանափոխություն հնարավոր է, Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց. «Մեր գխավոր խնդիրը քարոզչության միջոցով այդ ամենը տեղ հասցնելն է եւ մենք տեսնում ենք, որ մարդիկ շատ լավ պատկերացնում են, որ ստանդարտ իրավիճակ չէ Հայաստանում»:

Անդրանիկ Թեւանյանը կասկած չունի՝ լուծումը բանակցողի եւ բանակցային տրամաբանության փոփոխությունը պետք է լինի, եւ այդ բանակցային փոփոխությունը կարող է հանգեցնել որոշակի իրավիճակի փոփոխության․ մասնավորապես, երբ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, դա արդեն լրջորեն հարվածում է եւ Արցախի Հանրապետության, եւ ՀՀ շահերին. «Այդ տրամաբանությունը պետք է փոխվի, այս իշխանությունը այդ լեգիտիմությունը չունի, որպեսզի նման հայտարարություններ անի եւ նման քաղաքականություն վարի»։

Քարոզարշավի ընթացքը ցույց է տվել, որ մարդիկ ընկալում են «Մայր Հայաստանի» ներկայացրած օրակարգը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031