Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն համառությամբ եւ ուժով կարելի է իրավիճակ փոխել». Վազգեն Մանուկյան

Օգոստոս 31,2023 14:18

«Մինչեւ ուժ ցույց չտաս, համառություն ցույց չտաս, ոչ մի հարց չի լուծվի»,- այսօր ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ վտանգի առաջ ոչ միայն Արցախն է, այլ նաեւ Հայաստանը.

«Հայաստանն ու Արցախը շաղկապված են․ չի կարող մի մարմինը առանց մյուսի գոյություն ունենալ»,- ասաց նա:

Հիշեցնենք, նախաձեռնության հեղինակներն այսօր 58 հազար ստորագրությունները՝ հինգ արկղերի մեջ զետեղված, հանձնեցին ԿԸՀ:

Ըստ Վազգեն Մանուկյանի, «Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքական մեծ նշանակություն ունի եւ շատ կարեւոր է, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն. «Դեռ 90-ականներին ԱԺ–ն որոշում էր ընդունել, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի թուղթ ստորագրել, ըստ որի՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Իսկ այսօրվա իշխանությունը պարզ ասում է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Նման իշխանություն մենք դեռ չենք ունեցել` իրենց բոլոր դրական և բացասական կողմերով։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետո էլ չլինի. նրանք միակն են ու դրա համար էլ իրենք են հիմա թիրախավորված»։

Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, ամեն ինչ պետք է շատ արագ անել, քանի որ գնացքը սրընթաց գնում է դեպի անդունդ: Նա արցախցիների վրա վստահ է, խնդիրը Հայաստանում է տեսնում եւ կարծում, է, որ ուժի ցուցադրման պարագայում պահ կգա եւ Բերձորի միջանցքն էլ հնարավոր կլինի բացել:

Պատասխանելով Ակնայի ճանապարհով ԼՂ-ին «օգնություն» Ադրբեջանի փորձերին եւ արցախցիների ընդդիմանալուն, Վազգեն Մանուկյանը ասաց, որ նրանց արարքն աննախադեպ է. «120 հազար մարդ, իրենց փոքր ծծկեր երեխաներով, մեծահասակներով, իրենք էլ սոված` հրաժարվեցին այդ օգնությունից, ասացին, որ այդ ճանապարհով չեն ուզում։ Սա հերոսություն է և լավ օրինակ է մեր ժողովրդի համար։ Միայն համառությամբ եւ ուժով կարելի է իրավիճակ փոխել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031