ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ֆեսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին, որտեղ նա նշում է, որ Ադրբեջանն այսօր Արցախում ցեղասպանություն է իրականացնում։ Վարդան Օսկանյանն ասաց, որ երեկ հանդիպել է Օկամպոյին, ասաց, որ նա վճռական է տրամադրված եւ ցանկանում է այս հարցը տանել մինչեւ վերջ։
«Օկամպոն ապացուցում է, որ այն արարքը, որն այսօր Ադրբեջանն իրականացնում է Արցախում, դա ցեղասպանական արարք է, անկախ նրանից՝ այնտեղ զոհեր կա՞ն, թե՞ ոչ։ Նա իր զեկույցը կառուցում է ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի դրույթների վրա, որտեղ ցեղասպանությունն ունի իր հստակ սահմանումը։ Այդ կոնվենցիայում նշվում են 5 արարքներ, որոնց իրականացման դեպքում, այդ արարքները որակվում են որպես ցեղասպանություն։ Օկամպոն իր զեկույցը կառուցում է այդ 5 արարքներից երրորդի վրա, որտեղ հստակ նշված է, որ ցանկացած երկիր կամ կողմ, որն ինչ-որ խմբի նկատմամբ կստեղծի մտածված այնպիսի պայմաններ, որոնք կարող են բերել այդ խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը, ապա դա ցեղասպանական արարք է։ Եվ իրոք, այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, ամբողջությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Օկամպոն բավական մեծ հեղինակություն է աշխարհում, նրա խոսքը լսում են, ուշադրություն են դարձնում, նա եղել է Միջազգային քրեական դատարանի ստեղծման հիմքում։ Ես երեկ հնարավորություն ունեցա հանդիպելու Օկամպոյի հետ, նրա հետ երկու ժամից ավելի զրույց եմ ունեցել։ Նա բավական վճռական է այս հարցում եւ անկախ ամեն ինչից, ուզում է այս հարցը տանել մինչեւ վերջ։ Նա շուտով լինելու է Վաշինգտոնում, Նյու Յորքում, ելույթներ է ունենալու եւ ուզում է վստահ լինել, որ Ադրբեջանն անպատիժ չի մնալու իր այս արարքի համար»,- ասաց նա։
Վարդան Օսկանյանը նշեց, որ Օկամպոն նաեւ խորհուրդ էր տալիս հայկական կողմին, որ այս գործոնն անպայման օգտագործեն նաեւ հայ-ադրբեջանական բանակցություններում։ «Սա արդեն քաղաքական գործոն է եւ կարող է իրոք բեկում մտցնել ամբողջ բանակցային գործընթացում»,- ասաց նա։
Օսկանյանն անդրադարձավ նաեւ Վաշինգտոնում տեղակայված մի անկախ իրավաբանական կառույցի հրապարակած զեկույցին, որում նրանք քննադատաբար էին մոտենում բանակցություններում օգտագործվող «Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության եւ իրավունքների խնդիր» ձեւակերպմանը։ «Նրանք իրենց զեկույցում պնդում են, որ այդ երկու կարեւոր հարցերի քննարկումը վակումի մեջ չի կարող ինչ-որ լուծման բերել։ Անվտանգություն եւ իրավունքներ, սրանք կարեւորագույն խնդիրներ են, դրանց քննարկումը նման վակումի մեջ՝ առանց կոնտեքստի, չի կարող արդյունք տալ։ Եվ նրանք պնդում են, որ այս կոնտեքստը հենց այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Եվ այդ իրավունքն անպայման պետք է լինի օրակարգային խնդիր։ Զեկույցը պնդում է, որ ԼՂ ժողովուրդն ունի նվազագույն իրավունք՝ ունենալու մեկ ինքնորոշում։ Դա նվազագույնն է, որը նրանք արդեն ունեն, եւ որպես դրա հետեւանք, նրանք պնդում են, որ անպայման օրակարգում պետք է ներառված լինի այն փաստը եւ հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ։ Եվ դա պետք է լինի որպես նվազագույն շեմ, որի վրա պետք է կառուցվի ցանկացած քննարկում, որը կարող է վերաբերել ԼՂ ժողովրդի ապագային, նրանց ճակատագրին։ Սա այս անկախ կառույցի կողմից առաջարկված պնդումն է, նրանք գտնում են, որ միայն այս ճանապարհով հնարավոր կլինի հասնել կայուն խաղաղության, որը եւ կապահովի ԼՂ ժողովրդի իրավունքները։ Նրանք առաջարկում են, որ այսօր բանակցային նարատիվի փոփոխություն լինի, որ անպայման օրակարգային հարց դառնա ինքնորոշման իրավունքի խնդիրը։ Եվ որպես օրակարգային կետ՝ մտնի, որ այդ ժողովուրդը նախկինում ունեցել է ինքնավար մարզ, որի վրա պետք է կառուցվի ամբողջ բանակցային տրամաբանությունը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ըստ Օսկանյանի՝ այս երկու զեկույցների ճիշտ օգտագործումը կարող է բեկում մտցնել բանակցային ամբողջ գործընթացի մեջ։ Այսօրվա բանակցային տրամաբանությունը, նրա խոսքով, ոչ մի լավ տեղ չի կարող տանել։ «Ես մեկ շաբաթ է՝ արդեն ԱՄՆ-ում եմ, հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ, զրուցում եմ։ Այդ մարդիկ այսօր ուզում են միջանցքի բացման եւ նաեւ հայ-ադրբեջանական բանակցություններում օգնեն։ Եվ նրանք հասկանում են, որ այսօր առկա այդ օրակարգը չի կարող լուծում տալ հարցին։ Նրանք փորձում են այդ բանակցային նարատիվի փոփոխության վրա աշխատել։ Բայց բոլորն ինձ մի հստակ բան են ասում, որ երբ նրանք աշխատում են իրենց կառավարությունների հետ, փորձելով համոզել այս մտքի մեջ, նրանք բախվում են ինչ-որ հաստ պատի։ Եվ այդ պատը Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն է։ Երբ իրենք դիմում են իրենց կառավարություններին, պատասխանը լինում է միանշանակ՝ այն, ինչ դուք եք ուզում, չի համապատասխանում նրան, ինչ ուզում է Հայաստանի կառավարությունը։ Եվ մենք չենք կարող այլ բան անել, քան ցանկանում են Հայաստանի իշխանությունները։ Այստեղ հարց է ծագում եւ հրամայական, որ մենք եւ դրսից եւ ներսից պետք է այսօր պարտադրենք, որ Հայաստանի իշխանությունները փոփոխություններ մտցնեն իրենց մոտեցումների մեջ։ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, ավերներ է գործում, դա հիմնական խոչընդոտն է, որն այսօր կա։ Մենք պետք է ուղղակի Փաշինյանին ու նրա կառավարությանը բացատրենք, որպեսզի հետ կանգնեն այս քայլից»,- հավելեց Օսկանյանը։
Վարդան Օսկանյանը նշեց, որ այն, ինչ այսօր առաջարկվում է Արցախին, հացի փշրանքներ են, ընդամենը խոսվում է նրանց անվտանգության եւ իրավունքների մասին։ «Դուք ձեզ հարց տվեք, ի՞նչ է, մենք աշխարհի վերջին միամիտ ժողովո՞ւրդն ենք, վերջին տկար ժողովո՞ւրդն ենք, անմիտ ժողովո՞ւրդն, որ պետք է համաձայնենք նման բանի, զիջենք մեր դիրքերը, հրաժարվենք Արցախի ինքնորոշման իրավունքից եւ թողնենք, որ Արցախը լուծարվի Ադրբեջանի մեջ։ Սա է, որ այսօր սեղանի վրա է, սա է, որ առաջարկվում է հայկական կողմին։ Այս բանակցային նարատիվը պետք է փոխել, եւ դա փոխելու հիմնական պայմաններից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հետ կանգնի Պրահայում իր արած հայտարարությունից։ Դրա ձեւը կա, կարելի է դրա վրա աշխատել, բայց որպեսզի դա տեղի ունենա, պետք է ճնշում լինի՝ եւ Սփյուռքից, եւ Հայաստանից, եւ Արցախից, որ Փաշինյանը պատասխանատվություն զգա, որ պետք է փոխի իր այդ նարատիվը»,- հավելեց Օսկանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ