Այս որոշմամբ, ևս մեկ նախադրյալ ենք ստեղծում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով, լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից՝ այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս տնտեսվարողին օգտվել մի շարք մաքսային պարզեցված ընթացակարգերից: «Փուլ առ փուլ տնտեսվարող սուբյեկտը դառնում է ինքն իր մաքսային տեսուչը, և մաքսային մարմնի հետ հարաբերությունները հասցնում են նվազագույնի»,-ասաց Բադասյանը:
Այս փուլում այդպիսի տնտեսվարողներին հնարավորություն են տալիս անհերթ սպասարկվել մաքսակետերում. «Երկրորդը, իրենք չեն օգտվելու ժամանակավոր պահպանության պահեստներից, այսինքն` սահմանային անցակետերից կարող են միանգամից իրենց ապրանքը տանել ու պահել իրենց պահեստում: Հետագա փուլերում ևս երկու պարզեցված ընթացակարգ պատրաստ ենք ներդնել, որով մաքսային մարմնի հետ կապը իսպառ կբացակայի, տնտեսվարողն ինքը կարող է պլոմբներ կիրառել ներմուծելիս և արտահանելիս: Երկրորդը, սահմանային կետից բացթողումը կարող է կատարվել հայտարարագիրը հետագայում ներկայացնելու և մաքսային վճարները հետագայում կատարելու պայմանով: Այս մասով թվային լուծումը պատրաստ է և ՊԵԿ-ը այն շուտով կներդնի»,-ընդգծեց Բադասյանը՝ հավելելով, որ այս պահին Հայաստանում ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չկա:
«Մաքսային ընթացակարգերի չարաշահումը և դրան հարակից առաջացող կոռուպցիոն ռիսկերը համարվել են տնտեսական բնականոն գործունեությանը խոչընդոտող գործոններ: Մենք փորձել ենք այնպես անել, որ կոռուպցիան արմատախիլ անենք մաքսային համակարգից, բայց դա ոչ ամեն օր է հաջողվել: Դրա վկայությունն է, որ ունենք վերջերս բացահայտված գործեր»,-նշեց Նիկոլ Փաշինյանը :
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ