Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՔՊ-ն դեմ գնա, մենք ՔՊ-ին պետք է ուղարկենք պատմության աղբանոց»․ «ՀայաՔվե»-ի ստորագրությունները ներկայացվեցին ԿԸՀ

Օգոստոս 31,2023 13:25

«Ես չեմ կարծում, որ ՔՊ-ն ցանկանում է կողմ քվեարկել, բայց ես կարծում եմ, որ մենք՝ բոլորս միասին, պետք է ՔՊ-ին հարկադրենք դա անել»,- այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ հույս ունի, որ խորհրդարանում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը կողմ կքվեարկի օրենսդրական նախաձեռնությանը:

Հիշեցնենք, «ՀայաՔվե» նախաձեռնությանը միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ: Ստորագրություններն այսօր ներկայացվեցին ԿԸՀ:

‘Hayakve’ initiative handed over the collected 58 thousand signatures to the Central Electoral Commission in Yerevan, Armenia

Ավետիք Չալաբյանն ուշադրություն է հրավիրում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, որի համատեքստում, ՔՊ-ն խոսակցությունը փորձում է տեղափոխել մանկապարտեզների եւ ասֆալտի շուրջ՝ խուսափելով Արցախի հարցին վերաբերվող թեմաներից։ Բանախոսը չի թերագնահատում ասֆալտի ու մանկապարտեզների կարեւորությունը, սակայն, դրանք ավելի չի կարեւորում, քան Արցախի 120 հազար հայ բնակչության անվտանգությունն ու կյանքի իրավունքը եւ իրենք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ցույց տան. «Մեր քաղաքացիների կյանքի իրավունքից ավելի կարեւոր հարց չկա եւ եթե ՔՊ-ն դեմ գնա, մենք ՔՊ-ին պետք է ուղարկենք պատմության աղբանոց՝ առաջին հերթին նրանց չընտրելով. այլ ելք չկա: Մարդիկ պետք է հասկանան, որ կամ իրենց կյանքն է, մեր երկին է, կամ՝ ՔՊ-ն»:

Ստորագրահավաքի ընթացքում, «ՀայաՔվե» նախաձեռնությանը միանալու էլեկտրոնային համակարգի հետ կապված խնդիր էր եղել. խոսելով այս մասին, Ավետիք Չալաբյանն ասաց, որ այն մեծամասամբ հարթվել է եւ մոտ 800 ստորագրություն իրենք ստացել են էլեկտրոնային եղանակով, սակայն, դրանք ավելի շատ կարող էին լինել, եթե ԿԸՀ-ն եւ նրա հետ փոխկապակցված որոշ կառույցներ արհեստական խոչընդոտներ չստեղծեն:

‘Hayakve’ initiative handed over the collected 58 thousand signatures to the Central Electoral Commission in Yerevan, Armenia

Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:

Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի եւ այս նախագիծը կդրվի հանրաքվեի:

Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել միայն հանրաքվեով:

ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ «Քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախագծի նախաձեռնողները ԿԸՀ ներկայացրեցին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ:

Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել էր 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։

Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։

Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին  ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տուփերը սոսնձել և ստորագրել է։ Նախաձեռնության ներկայացուցիչները ևս իրենց ստորագրություններով հաստատել են տուփերի հանձնումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031