ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունից
Ուղերձ
Հարգելի՛ նախագահ Ջո Բայդեն,
Կարդացեք նաև
Ձեզ՝ որպես մարդու հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և միջազգային կանոնների հաստատակամ ջատագովի «ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը շտապ կոչ է անում Ձեր հարգարժան առաջնորդությամբ անհապաղ գումարել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստ: Համաշխարհային հանրության ուշադրությունն այժմ հրավիրված է Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հայ ժողովրդի առջև ծառացած ճգնաժամային իրավիճակի վրա։
Բերձորի (Լաչին) միջանցքի վերաբերյալ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ի (վերահաստատվել է 2023թ․ հուլիսի 6-ին) իրավապարտադիր որոշումները ընդգծում են հարցի հրատապությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ս․թ․ օգոստոսի 16-ի նիստում հանդես եկած բազմաթիվ երկրների կողմից արտահայտված ճնշող աջակցությունը կրկնում է այս հումանիտար ճգնաժամը լուծելու հրամայական անհրաժեշտությունը:
ՄԱԿ առաքելությանը և Միացյալ Նահանգների կողմից հաստատված սկզբունքներին համահունչ՝ մենք կոչ ենք անում ընդունել վճռական բանաձև, որը կանդրադառնա հետևյալ կենսական կետերին.
🔹մարդասիրական օգնության փոխանցում. իրականացնել մարդասիրական օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով: Ժամանակին գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։
🔹Բերձորի միջանցքի բացում եւ անխափանության ապահովում. բացել Բերձորի միջանցքը, որպեսզի ապահովվի Արցախի հայ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը, ստեղծելով երաշխիքներ դրա հետագա անխափան գործունեության համար: Այս փրկօղակը էական նշանակություն ունի հայության տառապանքը թեթևացնելու և բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար:
🔹Պատասխանատվության հաստատում. վկայակոչելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան՝ Ադրբեջանի ղեկավարությանը և նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկել Արցախի հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար: Միջազգային հանրությունը պետք է համախմբված լինի նման զազրելի խախտումների և խոշտանգումների դեմ։
🔹Խախտված իրավունքների վերականգնում. հաստատել Արցախի հայ ժողովրդի իրավունքները, ներառյալ նրա կյանքի ու քաղաքական ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Այս հիմնաքարային սկզբունքը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք՝ պետք է ճանաչվի և հարգվի։
Որպես մարդու իրավունքների և ազատությունների առաջամարտիկ ջատագով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդությունն այս կարևոր նախաձեռնություններին պաշտպանելու գործում առաջնային է: Աշխարհը նայում է արդարության և խաղաղության հանդեպ Ձեր հանձնառությանը, ինչի օրինակն է Ձեր ազգի պատմական նվիրվածությունը:
Մենք դիմում ենք Ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ համախմբելով միջազգային հանրությանը այս հրատապ խնդիրների լուծման համար: Արցախի հայ ժողովուրդն արժանի է ոչ պակաս, քան իր իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ ապագայի ապահովմանը։
«Բացում» քաղաքացիական շարժման համակարգողներ