Արցախի շուրջ օղակը գնալով ավելի է սեղմվում։
Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, թե Արցախում կարող են որոշ մարդիկ-խմբեր այլ կարծիքներ ունենալ, բայց ստվար զանգվածը դեմ է Աղդամը Լաչինին այլընտրանք դարձնելուն․ «Դա բերելու է կատաստրոֆայի։ Ավելին` մինչեւ Բերձորի ճանապարհը կանոնավոր չգործարկվի, չի կարելի խոսել Աղդամի մասին, Աղդամը դա լոգիստիկ է, չգիտեմ՝ գուցե այս տեսակետից կարելի է դրան մոտենալ, բայց շեշտում եմ՝ չպետք է լինի այլընտրանք»։ Անդրադառնալով Սամվել Բաբայանի մատնանշած փաթեթային լուծմանը՝ Դավիթ Բաբայանը զարմանք հայտնեց․ «Ի՞նչ կարգավիճակի մասին պետք է խոսել Ադրբեջանի հետ, երբ այդ պետությունն Ալիեւի շուրթերով մի քանի անգամ է ասել, որ չկա Ղարաբաղ, կան ինչ-որ հայեր` Ղարաբաղի տնտեսական շրջանի, որոնք պետք է ինտեգրվեն, այսինքն՝ պետությունն ապամոնտաժվի, ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը»։
Իսկ ինքն ինչպե՞ս է պատկերացնում Լաչինի միջանցքի բացումը, երբ շուրջ 300 օր այն փակ է՝ ի հեճուկս միջնորդ տերությունների կոչերի, Հաագայի դատարանի որոշման։ «Դա աշխարհաքաղաքական խնդիր է, առաջին հերթին՝ ՌԴ-ի, ինչպես նաեւ՝ աշխարհի։ Եթե Բերձորի միջանցքը չբացվի, կա՛մ լինելու է մեծ արյունահեղություն, պատերազմ, կա՛մ պետք է դուրս գալ Արցախից»։ Դավիթ Բաբայանը հավելեց, որ չբացվելու դեպքում «մահացու» վտանգ է սպասվում ոչ միայն Հայաստանին, այլեւ՝ «Ռուսաստանին, որն անվերապահորեն դուրս է մղվելու Անդրկովկասից, Իրանին, նույն Արեւմուտքին է ուղղված լինելու դա, որովհետեւ Ադրբեջանը ծաղրում է միջազգային իրավունքը»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: