ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկման ընթացքում ներկաները հանդես եկան ելույթներով, ներկայացրին իրենց դիտարկումները ռազմավարության նախագծի վերաբերյալ։
Ըստ Իրավաբանների հայկական ասոցիացիայի հրապարակած հաղորդագրության՝ առաջինը ելույթ ունեցավ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը։ Նրա խոսքով՝ առ այսօր Կառավարության կողմից չի ընդունվել մեկ միասնական մոնիթորինգային մեթոդաբանություն, որով պետք է գնահատվի կատարված աշխատանքը. «Կարճ անդրադառնամ նաև հանրային իրազեկման խնդիրներին։ Հակակոռուպցիոն ոլորտի գործունեությունը հանրությանը ներկայացնելու մեթոդները և մեխանիզմները չեն համապատասխանում հասարակության կարիքներին։ Հակակոռուպցիոն գործունեությունը հենց հասարակության պահանջն է։ Լավ կլիներ, որպեսզի Կառավարությունն այդ գործառույթը պատվիրակեր գործող ուժեղ ՀԿ-ների»։
Գագիկ Մակարյանը` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը, մի շարք դիտարկումներ ներկայացրեց, որոնցից առաջինը վերաբերում էր բուհերի կանոնադրությանը։ Նա առաջարկեց դրանցում ներառել այն միտքը, որ ռեկտորի պաշտոնակատարը մինչև ռեկտորի վերջնական ընտրությունները իրավունք չունենա կատարելու կառուցվածքային փոփոխություններ և կրճատումներ. «Նմանատիպ դեպքերում նկատվում են կոռուպցիոն ռիսկեր»։
Նա մեկ այլ խնդրի մասին էլ խոսեց. ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհրդի նախագահները դիտավորյալ չեն գումարում խորհրդի նիստեր, քանի որ խորհրդի կազմն իրենց նախընտրելի կազմը չէ։
Կարդացեք նաև
«Պետական գնումների վերաբերյալ. պետական գնումների մասով, կարելի է ասել, որ ըստ օրենսդրության կամայականություն ավելի շատ տրվել է պաշտոնյային։ Տեխնիկական առաջադրանքով գնումները կարող են կատարված համարվել, սակայն իրականում այդ գնումները «հետամնաց» գնումներ են և չեն համապատասխանում արդի պահանջներին։ Այստեղ առկա է պետական ռեսուրսների վատնում և կոռուպցիոն մեծ ռիսկեր»,-նշեց Գագիկ Մակարյանը։
Ելույթով հանդես եկավ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը։ Նա նշեց, որ հանձնաժողովը իր առաջարկ նախագիծն է մշակել ու ներկայացրել նախարարությանը, ինչպես նաև խնդրել է այն շրջանառել աշխատանքային խմբի կազմում։
«Կոռուպցիայի կանխարգելման թեմատիկ խմբի ներքո ներկայացված հարցերի առնչությամբ պետք է նշեմ, որ իմ վարչությանը ենթակա ոլորտներից է իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննությունը, որը նույն կոռուպցիոն ռիսկերի գնահատումն է իրավական ակտերում և դրանց նախագծերում։ Ես, իհարկե, դեմ չեմ քաղհասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությանը, բայց գիտենք, որ միջազգային պրակտիկայում դա կանխարգելման մանդատի կարևոր տարր է և, որպես կանոն, կոռուպցիոն ռիսկերի գնահատում իրականացնող ստորաբաժանումներն են դրանով զբաղվում»,-նշեց Տաթև Ասրյանը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը ներկայացրեց իր դիտարկումները ռազմավարության նախագծի վերաբերյալ։ Նա նշեց նաև, որ ավելի վաղ 23 առաջարկություն է ներկայացրել e-draft հարթակում և սպասում է դրանց վերաբերյալ նախարարության արձագանքին։
«Նախագծում գրված է. «Հաստատել. … «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատականը` համաձայն հավելված 3-ի»: Սակայն այդ 3-րդ հավելվածը ԱՆ պաշտոնական կայքէջում չկա, ինչպես նախկինում էր: Այս պարագայում քաղաքացիական հասարակությունն ինչպես առաջարկվող նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնելիս, այնպես էլ՝ իր այլընտրանքային մշտադիտարկման ժամանակ չի կարող գնահատել ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման ֆինանսական արդյունքները:
Հետևապես առաջարկում ենք պաշտոնական կայքէջում լրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատականի մասին հավելված 3-ը»,-նշեց Մովսես Արիստակեսյանը:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Արկադի Սահակյանն առաջարկեց, որպեսզի բարձրագույն ուսումնական հաստատությունների, մասնավորապես իրավագիտության ֆակուլտետների կրթական ծրագրերում ներառվեն հակակոռուպցիոն թեմաներ։
«Բացի այդ, յուրաքանչյուր 3 տարին մեկ ռազմավարության լրամշակում պետք է իրականացվի։ Տեխնոլոգիական բուռն զարգացման այս ժամանակաշրջանում կարող են լինել դեպքեր, երբ ռազմավարության տվյալ գործողության իրականացման նպատակով նախատեսված է ռեսուրսների ծախս, որի անհրաժեշտությունն այլևս չկա։ Հետևաբար, շատ կարևոր է ռազմավարության պարբերաբար լրամշակումը՝ համահունչ քայլելով տեխնոլոգիական զարգացման հետ»,-նշեց Արկադի Սահակյանը։