Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում, ըստ համաթվի, համակարգային կոռուպցիա ունենք․ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ

Օգոստոս 31,2023 10:04

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները կատարող Հասմիկ Տիգրանյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության ընդհանուր նախագծի և դրանից բխող գործողությունների պլանը։ Ըստ Իրավաբանների հայկական ասոցիացիայի հրապարակած հաղորդագրության՝ 5 ռազմավարական նպատակների ներքո են իրականացվելու գործողությունները։ Դրանք են՝

Կոռուպցիայի կանխարգելում,

Կոռուպցիայի հակազդում,

Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում,

Գործարար բարեվարքություն, գործարար շահերի պաշտպանություն, պետություն-գործարար վարչարարության դյուրացում,

Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում։

Կառուցակարգերի ամրապնդման համատեքստում նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման միասնական օրենք ընդունել, որտեղ բոլոր կարգավորումները մեկ միասնական ակտում կներառվեն։ Իրավունքների պաշտպանության մեխանիզմներն են կատարելագործվելու. քննարկվում է ՄԻՊ-ի հզորացման համատեքստում դա դիտարկելը և գործարար ոլորտին կրթելը, որպեսզի իրավագիտակցության մակարդակը բարձրանա՝ իմանան, թե իրենց որ իրավունքի խախտման դեպքում որ մարմնին պետք է դիմեն և առավել հետևողական լինեն։

Նախատեսվում է պետական գնումների ոլորտի կատարելագործում, թափանցիկություն և հաշվետվողականություն, արդար մրցակցություն ապահովել։ Տիգրանյանը նաև ընդգծեց, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն պետք է ցուցաբերեն նաև քաղաքացիները և հետևողական լինեն, որպեսզի այդպիսի խնդիրները վեր հանվեն, ինչպես նաև պահանջատեր լինեն իրենց իրավունքների հարցում։

Քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետն անդրադարձավ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտին ու նշեց. օրենսդրությունը պետք է բարելավվի, որպեսզի այլ երկրներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը դառնա ավելի դյուրին։

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է նաև պետգնումների շրջանակում «սպիտակ ցուցակի» ներդրման հնարավորությունը, որպեսզի հակակոռուպցիոն մեխանիզմներ ներդրած սուբյեկտները կարողանան այն խթանել։

Նախարարության ներկայացուցչի ելույթին արձագանքեց ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանն ու խոսեց հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացի ու ընթացիկ իրավիճակի մասին։ Նա նշեց, որ կարևոր արձանագրում է ուզում անել. «Ես ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացահայտեմ։ Երբ Ջերմուկում հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը հավաքվեց՝ պարզվեց, որ ՀՀ վարչապետը` խորհրդի նախագահը տեղյակ չէ, որ մենք հակակոռուպցիոն ռազմավարություն չունենք, ես եմ այդ մասին բարձրաձայնել։ Դրանից հետո որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել՝ ռազմավարությունը մշակելու համար»։

Կարեն Զադոյանը նշեց նաև, որ ստեղծված աշխատանքային խումբը տեղյակ չի եղել ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակման մասին և դրա մասին իմացել է, երբ դրա մշակումը արդեն ավարտվել է։ Նրա խոսքով՝ հարցը բարձրացվելու է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում։

«Ռազմավարությունը պետք է մշակվի թափանցիկ և մասնակցային։ Ռազմավարության մշակման համար ձևավորված աշխատանքային խումբը պետք է տեղյակ լինի ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակման գործընթացից և որևէ խումբ քողարկված կերպով չպետք է փորձի մշակել ռազմավարության նախագիծ։ Դա կլինի իշխանության հետ փոխկապակցված ՀԿ, թե ոչ։ Մենք այս գնահատականները հրապարակային տալու ենք»,-նշեց նա։

ԻՀԱ նախագահն անդրադարձավ նաև ռազմավարության բովանդակությանը։ Նրա խոսքով՝ կարիք չկա, որպեսզի ռազմավարության ծավալն այդքան մեծ լինի, 100 էջանոց փաստաթղթի կարիք չկա։ Բովանդակային մասը, ըստ Կարեն Զադոյանի, պետք է առնվազն 2/3 մասով կրճատվի և այնտեղ պետք է տեղ գտնեն կարևոր կետերը. «Ինչպես նաև ռազմավարության մեջ պետք է խոսվի ոչ այնքան կատարված գործողություններից և ձեռքբերումներից, ինչքան խնդիրներից և մարտահրավերներից՝ մանրամասնորեն ներկայացնելով դրանք. «Ցավոք, ես այդ տեքստից նման տպավորություն չեմ ստացել։ Մենք լուրջ խնդիրներ ունենք»։

Այնուհետև ԻՀԱ նախագահը մի քանի օրինակներ բերեց։ Ռազմավարության մեջ անդրադարձ չկա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ կարևորագույն հարցերին` ինչպիսիք են Սահմանադրական դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործի առկայությունը, չկա անդրադարձ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին և ինստիտուտի վերաբերյալ այլ պետությունների մասով ՄԻԵԴ-ի նոր որոշումներին, որոնք կարող են բեկումնային լինել Հայաստանի դատական պրակտիկայի համար. «Բացի ընդհանուր դատողություններից, չունենք հստակ կառուցակարգի պատկեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Մի անհաջող փորձ կա, «Գոլդեն Փելեսի» գործը։ Նման լուրջ խնդիրների մասին պետք է լինի ռազմավարությունը, ոչ թե միջազգային փորձը կուսումնասիրենք, կտեսնենք՝ մեզ ոնց է ձեռք տալիս, այդպես կանենք»։

Այնուհետև Կարեն Զադոյանն անդրադարձավ կոռուպցիոն բնույթի քրեական գործերին։ Նա նշեց, որ չի խոսվում բիզնես ոլորտում տիրող վախի մթնոլորտի մասին, առաջարկեց խոսել, քննարկումներ ունենալ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նա անդրադարձավ նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելը չարաշահելուն. «Կալանքը պետք է կիրառել որպես բացառիկ միջոց և անձի հանդեպ ամիսներով կալանք չկիրառել»։

ԻՀԱ նախագահի խոսքով՝ ռազմավարությունում չի խոսվում ինստիտուցիոնալ մարմինների ձևավորման գործընթացում թույլ տրված սխալների մասին.

«Չեն խոսում այն մասին, որ մրցութային խորհուրդը մի կողմ ենք դեն նետել, նշանակումներ ենք անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, հետո տեղական ու միջազգային բարձրաձայնումներով հետ ենք բերում համակարգը ու չեն խոսում այլևս դրա մասին…»։

Կարեն Զադոյանն անդրադարձավ նաև կոռուպցիային ընկալման համաթվին։ Ըստ նրա՝ համաթվի մասին խոսելիս պետք է ասել, որ հիմնական խնդիրը եղել է վարչական կոռուպցիայի հաղթահարումը. «54 թիվը որ նշել ենք, մենք փաստացի ձախողել ենք։ Մենք գիտենք, եթե 50 և ավելի է, ապա փորձագետների գնահատմամբ, դա խոսում է համակարգային կոռուպցիայի վերացման մասին։ Եթե 50-ից ցածր է, ապա համակարգային կոռուպցիա կա։ Մեր երկրում, ըստ համաթվի, համակարգային կոռուպցիա ունենք։ Այս խնդիրները պետք է գրենք, որպեսզի դրված նոր նպատակներն իրատեսական լինեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031