«Ինչ խոսք, ժողովրդի մեղքը նույնպես կա: Եվ ապականման կրակը թերեւս ժամ առ ժամ թեժանում է: Բայց դա վերեւից է գալիս», – ասում է Դոստոեւսկու հերոսներից մեկը: Իսկապես, «վերեւը»՝ վերնախավը՝ թե՛ ֆորմալ՝ ի դեմս իշխանությունների, թե՛ իշխանություններից դուրս գտնվող հեղինակավոր մարդկանց դեմքով, ուղիղ ազդեցություն է թողնում ժողովրդի վարքի եւ մտածելակերպի վրա:
Վերջին 5 տարում Հայաստանում վտանգավոր չափերի է հասել թմրամոլությունը՝ հատկապես դեռահասների շրջանում: Պատճառներն, իհարկե, շատ են: Բայց հիմնական պատճառներից մեկը, կարծում եմ, այն է, որ այսօրվա 30-40 տարեկան պատգամավորներն ու պաշտոնյաները թմրամոլությունը սովորական ժամանց են համարում եւ ավելին՝ հեղափոխությունից առաջ առաջարկում էին օրինականացնել մարիխուանան: Եթե 2000-ականների սկզբին «օրինակելի» վարքային մոդել էր օլիգարխը՝ շրջապատված 20 սափրագլուխ թիկնապահներով, որոնք քաղաքում շրջում էին կես կիլոմետր ձգվող շարասյունով, ապա հիմա մոդելը չսափրված թմրամոլն է: Ո՞րն է ավելի մերժելին՝ դժվարանում եմ ասել:
Թմրամոլությունը կարելի է եւ չդասել քաղաքական խնդիրների շարքին, թեեւ երեւույթի մասշտաբները ուղիղ վնաս են հասցնում մեր անվտանգությանը: Բայց կարող եմ օրինակ բերել հենց քաղաքական ոլորտից: Վերնախավի ազդեցությունը հասկանալու համար ուզում եմ օրինակ բերել մի քանի ամիս առաջ Իսրայելում տեղի ունեցած ցույցերից: (Հասկանում եմ, որ այսօր Իսրայելն այն պետությունը չէ, որի հետ մենք կարող ենք շատ ջերմ հարաբերություններ ունենալ, բայց այդ հանգամանքը տվյալ դեպքում կարեւոր չէ՝ խոսքն ազգի ներքին կազմակերպման մասին է):
Այդ երկրում բուռն բանավեճ էր գնում Գերագույն դատարանի գործառույթների վերաբերյալ: Կառավարությունը ցանկանում էր դրանք, ըստ էության, սահմանափակել, իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցողները կարծում էին, որ դա երկիրը տանում է ավտորիտարիզմի ուղղությամբ: Եվ ահա մի օր այնպես ստացվեց, որ երկու տեսակետների կողմնակիցները հայտնվեցին նույն փողոցում՝ իրար դեմ հանդիման: Հանկարծ ցուցարարներից մեկը սկսեց երգել Իսրայելի օրհներգը, եւ երկու կողմերում կանգնած մարդիկ, որոնք մինչ այդ իրար չարությամբ էին նայում, միացան օրհներգին՝ կազմելով կուռ երգչախումբ:
Կարդացեք նաև
Արդյոք նման բան հնարավո՞ր է Հայաստանում: Բնականաբար՝ ոչ: Եվ դարձյալ՝ պատճառների շարքում կարեւորը «վերեւից» եկող իմպուլսներն են: Հայաստանի ներկայիս իշխանությունն ազգային խորհրդանիշների հանդեպ (ընդհուպ մինչեւ Անկախության հռչակագիրը), մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունքի մոդել է ներկայացնում:
…Կարո՞ղ ենք պատկերացնել որեւէ հրեայի, որը կառաջարկեր Սիոն լեռը փոխարինել մեկ այլ սարով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կարեւոր չէ’ դու ես հարվածում թե՞քեզ են հարվածում, միշտ վնասվում է նա, ով ներքուստ պառակտված է եւ հաղթում է նա, ով ներքուստ միասնական է, ասենք, մուրճով թե քարով խփեն ադամանդին, ադամանդին բան չի լինի, իսկ մուրճը կդեֆորմացվի, քարն էլ կկոտրվի: Ուրեմն, անկախ իրավիճակից, լինենք միասնական, միակարծիք, մի կամքի եւ ով ուզում է թող սրով գա, սրից էլ կընկնի: