Լրահոս
Օրվա լրահոսը

Անփոխարինելի արժեքների կրողը

Օգոստոս 31,2023 12:30

Հայաստանի գլխավոր կինեզիստ, պրոթեզիստ Մկրտիչ Գինոսյանը ամենափնտրվածներից մեկն էր մեր երկրում

Մկրտիչ Գինոսյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր կինեզիստ ու պրոթեզիստն էր, ում անունն ու վաստակը ապրում է անգամ իր երկրային կյանքի հրաժեշտից հետո: Երեք տարի առաջ իր աշխատավայրում, աշխատանքի պահին սիրված բժիշկը հանկարծամահ եղավ։ Ավերիչ երկրաշարժի տարիներից իր մասնագիտական երիտասարդ տարիներին Գինոսյանի նման մասնագետը, թերեւս, փնտրված էր մեր երկրում, ով լավագույնս էր տիրապետում օրթոպեդիկ պրոթեզավորման մասնագիտական որակներին: Այնուհետեւ Արցախյան առաջին պատերազմ, հաշմանդամություն ստացած բազմաթիվ զինվորներ, քաղաքացիական անձինք… Նրանցից շատերը Մկրտիչ Գինոսյանին ընկեր ու բարեկամ էին, նրա շնորհիվ կյանքի լիարժեք փուլի վերադարձան մարդիկ, որոնց քայլելու, հենաշարժողական ֆունկցիան լիարժեք կամ ամենածայրահեղ դեպքում մասնակի կատարելու գործում մեծ էր գլխավոր օրթեզիստի դերն ու մասնագիտական ներդրումը: Որպես մասնագետ անփոխարինելի էր Գինոսյանը, պրոթեզի պատրաստման յուրաքանչյուր դետալի տիրապետում էր հրաշալի, նեղ մասնագիտական մոտեցումները նրա համար չէին: Հաճախ կարող էիր տեսնել ոտքից գլուխ սպիտակ, անհասկանալի նյութերի փոշու մեջ կորած, ծխախոտը շրթունքների արանքում սեղմած դոկտորին` գիպսի ու պլաստմասսե, սիլիկոնե ոտքի, ձեռքի փոխարինիչները տաշելիս, գիպսավորման աշխատանքից մինչ վերջին շտրիխը անցնում էր մեկ մասնագետի ձեռքի տակով: Գինոսյանն այն մասնագետն էր, ով ջանք ու եռանդ չէր խնայում հիվանդի մեջ արթնացնելու քայլելու, շարժվելու հաճախ մեռած, վախի ու սարսափի վերածված ցանկությունը: Ասում են, մարդն ապրում է այնքան՝ որքան նրան հիշում են:

Հարգարժան ու անվանի բժշկի արդեն երկնային ծննդյան (օգոստոսի 13) առիթով զրուցեցի նրա տիկնոջ՝ Ռուզաննա Սահակյանի հետ։

– Ինչպիսի՞ն էր նա, ում բացակայությունը մեծ խոռոչ է ասես իր բնագավառում, մարդ, մասնագետ, ում կարիքը առավելապես զգացինք վերջին պատերազմից հետո:

– Մկրտիչ Գինոսյանը, որպես անհատ, պրոթեզիստ, ընկեր, հայ, կրում էր իր մեջ բարձր արժեքներ։ Այնպիսի արժեքներ, որոնք անհնարին էր չնկատել, չգնահատել։ Այն ինչ որ չափով, ինչու չէ՝ կարելի է ասել վարակիչ եւ դիմացինին պարտավորեցնող է։ Խոսքս վերաբերում է նրա հայրենասեր, նվիրյալ, հուսալի, պատասխանատու, ազնիվ, առաքինի տեսակին։ Վստահ եմ, որ իրեն մոտ կանգնած, ճանաչող ցանկացած մարդ այդպես կբնութագրեր։

– Ի՞նչ պատմություններ կան նրա հետ կապված, որոնք բնորոշում են նրա աննահանջ կերպարը…

– Գինոսյանի համար այցելուի տարիքը կարեւոր չէր։ Ամենաանհուսալի վիճակում հայտնված այցելուին կարողանում էր կարճ ժամանակում հավատ ներշնչել սեփական ուժերի նկատմամբ։ Նրա համար շատ կարեւոր էր այցելուի հոգեվիճակը։ Գինոսյանը միշտ պնդում էր, որ աշխարհի լավագույն պրոթեզը չի կարող ծառայել նպատակին, եթե մարդը հոգեբանորեն արդեն ճնշված է, չի պատկերացնում, որ կարող է դուրս գալ այդ վիճակից։ Այդ պատճառով սկզբից պետք էր բուժել հոգին, հետո նոր պատրաստել լավ պրոթեզ։

– Անձնական վերելքների մեջ դժվար է ունենալ այնպիսի մի ցավոտ կետ, որը ժայռ-մարդկանց համար նման լինի պարտության: Ինչպե՞ս էր կարողանում այդքան ձիգ ու ամուր մնալ մի հրաշալի մասնագետ, ով բազմաթիվ հաշմանդամների էր քայլեցրել, սովորեցրել պրոթեզի հետ «լեզու գտնել», բացի իր սեփական զավակից…

– Աննահանջ կերպարի մասին պատմեմ մի դեպք. կոլեգաներից մեկը պատմում է, որ մի օր լսում է Գինոսյանի բղավոցները միջանցքում։ Դուրս են գալիս, տեսնում են Մկրտիչի հերթական «զոհը» մի տարեց պապիկ է, ով դժվարանում է հարմարվել, քայլել պրոթեզով։ Մկրտիչը համառորեն պնդում է, որ պիտի քայլես, այլապես տուն չես գնալու, տես, ընտրի։ Լուռ մոտենում են, ականջին ասում են, այս մարդը քայլող չի, չե՞ս տեսնում հազիվ է ոտքի վրա կանգնում։ Քմծիծաղ տալով ասում է. «ՍցՊպ ՊպվպՑրÿ, պիտի քայլի»: Մի ժամ հետո, երբ կրքերը հանդարտվում են ու միայն լսվում է Գինոսյանի բռավոները, հասկանում են, որ տեղի է ունեցել անհնարինը. պապիկը հաշտվել էր իր ոտքի հետ ու հանգիստ քայլում էր։ Ինչ վերաբերում է մեր զավակի հետ կապված, դա նրան երբեւիցե չի չարացրել։ Նա իր տեսակով մարդկանց, ինչու չէ նաեւ որդուն ապացուցել է, որ անհնարին բան չկա, միայն պետք է ցանկություն, կամք, աշխատասիրություն։ Երբեք չէր հանձնվում, զենքը ցած չէր դնում եւ փառք Աստծո, այսօր իր որդին, որ կյանքում ունի լրջագույն հաջողություններ՝ դա հենց իր մոտեցման արդյունքն է։

– Քչերին է հայտնի, որ պարոն Գինոսյանը նաեւ ստեղծագործում էր:

– Ես իզուր չեմ անվանել նրան «Ոսկե ձեռքերով հսկա»։ Նա իր տեսակի մեջ ինքնատիպ էր, յուրահատուկ։ Մկրտիչ Գինոսյանը սիրում էր այն ամենն, ինչ շրջապատում էր իրեն, կենդանիներ, ծաղիկներ, ուներ հոբի, սիրում էր նկարել, խճանկարներ հավաքել, փայտից քանդակներ էր ստանում եւ այդ ամբողջին կարծես ձեռք չէր դիպչում։ Ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Սիրում էր ամեն ինչում լինել առաջինը։ Պարտությունը իր համար ծանր սթրես էր։ Սիրում էր ծառ ու ծաղիկ, հող ու ջուր, ձկնորսությունն իր համար մեծագույն հաճույք էր, ինձ համար՝ անիմաստ կորած ժամանակ։ Տան տղամարդ, ով լուծում էր բոլոր հարցերը, մեր այգին ամբողջությամբ ինքն էր մշակում, գիտեր, որ ծաղիկը ծլեց, որն էր խեղճացել։ Երբ աշխատանքը վերջացնում էր, նստում ու հիանում էր իր ստեղծած գեղեցիկ միջավայրով։ Զինհաշմանդամ զինվոր այցելուներից մեկին բանանի ծառ էր խոստացել նվիրել, ցավոք, չհասցրեց խոստումը կատարել, բայց իր խոսքը անգամ իր մահից հետո գետնին չմնաց, ես սիրով կատարեցի այն, այդ երկու ձեռքը կորցրած գեղանկարիչ տղային նվիրեցի իր սիրելի բժշկի խոստացած ծառը…

– Ձեր զավակները նմա՞ն են հորը, որ բնավորության գծերն են ժառանգել, ինչ մասնագետներ են:

– Մեր երեխաներն իրենց հորից ժառանգել են աշխատասիրություն, ազնվություն, հպարտություն, էն ամենը, ինչը մարդն ամենակարեւորը պետք է ունենա էս աշխարհում մարդ մնալու համար։ Մնացածը դժվարանում եմ ասել, երկուսն էլ տարբեր են, աղջիկս մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Ֆրանսիական համալսարանը, տղաս՝ Գյուղինստիտուտն է ավարտել՝ էկոնոմիստի մասնագիտությամբ։ Տվյալ պահին երկուսն էլ իրենց մասնագիտությամբ չեն աշխատում։

– Պատմում են, որ պարոն Գինոսյանը հումորի մեծ զգացում ուներ, իր հետ աշխատելը որքան պատասխանատու, նույնքան ուրախ էր անցնում:

– Այդպես է, բազմաթիվ պատմություններ կան, բայց մեկը նաեւ զավեշտալի է։ Մի անգամ Գինոսյանի մոտ է գալիս մի հիվանդ մարդ, ոտքին, ծնկահոդի մոտ վերքեր է ունենում։ Մկրտիչն ասում է, պետք է աղի վաննաներ դնեք, այս վերքերը ամբողջությամբ լավանան, նոր գաք ինձ մոտ։ Հարցնում են՝ իսկ ի՞նչ աղաջուր, ի՞նչ պնդության, Գինոսյանն ասում է՝ պանրի համար ո՞նց եք աղաջուր բռնում, ձուն որ բարձրանում է հինգ կոպեկանոցի չափ, ուրեմն խիտ է, նորմալ է, այ էդ տեսակ աղաջուր եք բռնում։ Երեկոյան զանգում են, թե բա պարոն Գինոսյան, ինչքան աղ ենք ավելացնում՝ ձուն չի բարձրանում, Մկրտիչն ասում է, դե աղը ավելացրեք… Մի քիչ հետո զանգում են նորից, պարոն Գինոսյան, արդեն երկու տուփ աղ ենք ավելացրել, միեւնույն է՝ ձուն չի բարձրանում: Ասաց լսեք, ոնց եք արել, որ… մտքով անցավ, որ մի բան էն չեն հասկացել… Ասացին, դե ինքը նստել է վաննայի մեջ, աղը անընդհատ ավելացնում ենք, նայում ենք՝ ձուն չի բարձրանում ու չի բարձրանում:

– Շատերին կհետաքրքրի, նա թողե՞ց իրենից հետո շարունակողներ, որովհետեւ ինքն իրենով այնպիսի անհատ էր, որ մի քանի մասնագետի գործ էր անում միայնակ:

– Այդ հարցին կարող են պատասխանել իր կոլեգաները։ Ճիշտ է, ասում են անփոխարինելի մարդ չկա, բայց կան մարդիկ, ովքեր ունեն կերտած պատմություն, ովքեր ստեղծել են այնպիսի կերպար, որ դեռ տասնյակ տարիներ իրենց մասին խոսելու են, մյուսների համար օրինակ են ծառայելու, վստահ եմ, որ Մկրտիչ Գինոսյանի աշակերտներն այն արժանի հետեւորդներն են, ովքեր շարունակում են նույն ոգով ու նվիրվածությամբ այս աստվածահաճո գործը։

– Իր ֆիզիկական ու հոգեւոր ներկայության արանքում ինչպե՞ս է հաղթահարվում նման ժայռ-մարդու բացակայությունը ձեր կյանքում, ի՞նչ սովորեցրեց ձեզ որպես ամուսին եւ ավագ ընկեր, որով առաջնորդվում եք:

– Դժվար է ասել, որ հաղթահարում եմ, քանի որ ինքս երբեք նաման դժվարություններ չեմ ունեցել։ Անգամ, կարող եմ ասել, որ բոլոր հարցերը լուծում էր աննկատ, հիմա եմ հասկանում ինչպիսի դժվար եւ կարեւոր խնդիրներ էր նա լուծում։ Շնորհակալ եմ իրեն, որ համատեղ տարիների ընթացքում, կարելի է ասել՝ ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին այսօր եմ. ուժեղ, հայրենասեր, պատասխանատու, նպատակասլաց։

– Կա՞ մի ուղերձ, որ մտածում եք՝ եթե ողջ լիներ ինքը, այն անպայման կուղղեր պետությանը, հաշմանդամություն ձեռք բերած հազարավոր երիտասարդներին, մեր հասարակությանը:

– Նրա ուղերձը պետությանը միշտ այն էր. «Սատար լինել բոլոր նրանց, ովքեր ունեն հաշմանդամություն, չէ՞ որ նրանցից շատերը հաշմանդամ դարձան կռվի դաշտում», ինչ վերաբերում է հասարակությանը՝ նրա ուղերձն էր միշտ եղել այն, որ այդ մարդկանց վերաբերվեն ինչպես հավասարը հավասարին եւ ստեղծեն նրանց համար այնպիսի պայմաններ ու միջավայր, որպեսզի սահուն կերպով ստացվի նրանց ինտեգրումը հասարակությանը։

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031