Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազմեն, ՔՊ կուսակցության Երեւանի ավագանու անդամի թեկնածու Վահագն Հայրապետյան. «Փողոցի երաժշտությունը պետք է լինի քաղաքապետարանի ուշադրության ներքո եւ հսկողության տակ»

Օգոստոս 31,2023 12:00

Հայերս ջազ սիրող ազգ ենք։ Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938թ. կազմավորված Հայաստանի էստրադային նվագախումբը՝ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, դիրիժորն էր Ցոլակ Վարդազարյանը։ Այն հետագայում վերանվանվել է պետական ջազային նվագախումբ։ 1950-60-ականներին ջազը լայն տարածում ստացավ Խորհրդային Հայաստանում եւ այդ ժամանակաշրջանում ճանաչում ձեռք բերեցին Լեւոն Մալխասյանի ջազ քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրահամյանը, Ալեքսանդր Զախարյանը։ 70-ականներին հայտնվեցին նոր տաղանդավոր ջազային երաժիշտներ Դավիթ Ազարյանն ու Արտաշես Քարթալյանը, Բորիս Անդրեասյանը, Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադեւոսյանի քառյակը, Էդուարդ Բախչիյանի ղեկավարած անսամբլը։ Այդ տարիներին էր, որ Հայաստանի պետական ջազային նվագախումբը՝ մեծանուն մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, մեծ ճանաչման արժանացավ ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ ԽՍՀՄ նվագախմբերից առաջինը մեկնեց ԱՄՆ հյուրախաղերի։ Օրբելյանը՝ 36 տարի նվագախումբը ղեկավարելուց հետո, 1990-ականների սկզբին՝ խորհրդային երկրի փլուզման եւ ղարաբաղյան պատերազմին հաջորդած ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով, ստիպված էր հեռանալ։ 1997թ. վերականգնված Հայաստանի պետական ջազ նվագախումբը վստահվեց կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանին։ Միառժամանակ անց, մինչ օրս նվագախումբը ղեկավարում է տաղանդավոր երաժիշտ Արմեն Հյուսնունցը։

Տասը տարի առաջ՝ 2013թ., մենք լրագրողական հետաքննություն անցկացրինք՝ ճշտելու համար Հայաստանում ջազային տարբեր ուղղվածություններով հանդես եկող խմբերի քանակը։ Արձանագրեցինք Վահագն Հայրապետյանի «Կատուներ», ավանդական ջազի «Chiko & Friends», fusion «Art Voices», կանանց «Jazzel», «Ուլիխանյան», Արտո Թունջբոյաջյանի «Armenian Navy Band» խմբերը։  Պարզեցինք նաեւ, որ մեր ամենաճանաչված ջազմեններն են Լեւոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Մարտին Վարդազարյանը, Արմեն Թութունջյանը (Չիկո), Արտո Թունջբոյաջյանը, Ստեփան Շաքարյանը, Տիգրան Համասյանը, Գարի Քեոսայանը։ Անցկացված հարցախույզի ընթացքում կարծիքներ լսեցինք, թե ճիշտ չէ «հայկական ջազ» արտահայտությունը. ջազը հայկական լինել չի կարող։ Որոշ արվեստագետներ էլ, ողջունելով Երեւանում անցկացվող ջազային միջազգային փառատոները, հավաստիացրին, թե այցելել են մեկ-երկու ջազային ակումբ, որտեղ հնչող երաժշտությունը, մեղմ ասած՝ ոչ մի աղերս չի ունեցել ջազի հետ։

«Առավոտի» հյուրը՝ ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանը համաձայնեց, որ ջազը հայկական լինել չի կարող. «Այդ բառակապակցությունը չեմ ընդունում։ Հայերս նվագել ու շարունակում ենք ներկայացնել ամերիկյան ջազ։ Իսկ երբ ասում են հայկական ջազ, նույնն է, թե ասեն աֆրիկյան դուդուկ…»։ Դիտարկմանը, թե՝ վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին ինքը հանդես է եկել մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունների ջազային մեկնաբանություններով, ջազմենը պատասխանեց. «Ճիշտ բառ օգտագործեցիք. դրանք իմ մեկնաբանություններն են։ Դա, կրկնեմ՝ ոչ թե հայկական ջազ է, այլ ձեւ՝ ներկայացնելու ջազային երաժշտություն։ Նման կերպ մենք ներկայանում ենք աշխարհին, խոսում աշխարհի հետ ջազի լեզվով»։ Վահագն Հայրապետյանը համակարծիք է, որ ոչ բոլոր ջազ ակումբներում է ջազ հնչում. «Մի տեսակ մոդա է դարձել ամեն ակումբի, սրճարանի անվանը «ջազ» բառը կցելը։ Փառք Աստծո, ամեն տարի Երեւանում նշվում է ջազի միջազգային օրը, կայանում են միջազգային փառատոներ, հանրահայտ ջազմեններ են այցելում մեր երկիր, որոնց հետ համատեղ համերգներ էլ ենք ունենում եւ այլն։ Օրերս մեկնում եմ Բեյրութ՝ Լիբանանի ջազ ասոցիացիայի հրավերով, հանդես եմ գալու Նյու Յորքի ջազմենների հետ»։

Դիտարկմանը՝ դուք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի ավագանու անդամի թեկնածու եք, այսինքն՝ շարունակվող քարոզարշավին չեք մասնակցելու, մեր զրուցակիցն արձագանքեց, թե ինքն ազատ մարդ է եւ շրջագայող երաժիշտ։ Հիշեցրինք, որ ավագանու կազմում մշտապես եղել են տարբեր տրամաչափի արվեստագետներ, որոնց գործունեությանը երեւանցիները թերահավատորեն են վերաբերվել եւ վերաբերվում, քանի որ թեկուզ մշակույթի ոլորտում որեւէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Վահագն Հայրապետյանին խնդրեցինք ներկայացնել, թե ավագանու անդամ ընտրվելու դեպքում առաջինը ի՞նչ հարց է բարձրացնելու։ «Առաջինն անհրաժեշտ է կարգավորել Երեւանի փողոցներում հնչող երաժշտությունը։ Քաղաքակիրթ երկրների օրինակով վերջապես պետք է հասկանալ, որ փողոցում հանդես եկող երաժիշտը մուրացկան չէ։ Այսպես կոչված՝ փողոցի երաժշտությունը պետք է լինի քաղաքապետարանի ուշադրության ներքո եւ հսկողության տակ։ Յուրաքանչյուր դուդուկ ունեցող դեռ դուդուկահար չէ… Ինչու ոչ՝ քաղաքապետարանը կարող է վարձատրել այդ երաժիշտներին, բայց նրանք պետք է լիցենզավորվեն հենց քաղաքապետարանի կողմից։ Տեսեք, տարիներ շարունակ ինչ է կատարվում Հյուսիսային պողոտայում. քայլելիս ոչ թե երաժշտություն ես լսում, այլ  աղմուկ, քանի որ ոչ թե մեկ-երկու երաժիշտ է, այլ մի քանիսը կողք կողքի։ Անհրաժեշտ է կանոնակարգել նրանց հագուկապը, գործունեության վայրը, կոնկրետ տեղը… Աշխարհի ջազ ակումբներում դրված է ակվարիում հիշեցնող իր, որտեղ ցանկացողները դրամ են թողնում։ Այդպես է նաեւ փողոցներում։ Մեզ մոտ հիմնականում դրամը նետում են գործիքի պատյանի մեջ… Փողոցում ելույթ ունեցող երաժիշտը ոչ թե պետք է առավոտից երեկո նույն մեղեդին հնչեցնի, այլ ունենա երկացանկ, որը հաստատված կլինի քաղաքապետարանի կողմից։ Շուտով նոր այգիներ կբացվեն ու ցանկալի է, որ դրանք ունենան բեմահարթակ, որտեղ հանդես եկողները իրենց արտիստ կզգան։ Դա նաեւ յուրատեսակ փորձառության շրջան կարող է հանդիսանալ երիտասարդ երաժիշտների համար»։ Ջազմենը նույնիսկ հավատացնում է, որ փողոցում կարող են ելույթ ունենալ դպրոցի բարձր դասարաններում սովորող երեխաները, իհարկե՝ կամերային կազմով. «Այսօր տաղանդավոր շատ ջահելներ ունենք եւ չի բացառվում, որ Երեւան ժամանած զբոսաշրջիկների թվում լինեն մասնագետներ, այդ թվում՝ պրոդյուսերներ, որոնք կնկատեն մեր երիտասարդներին, կհրավիրեն ոմանց փառատոների, ձայնագրությունների եւ այլն, եւ այլն»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը։

Ըստ Վահագն Հայրապետյանի՝ պետք է վերջապես ուշադրություն դարձնել մեր քաղաքի արտաքին տեսքին. «Երեւանի էսթետիկ տեսքն այսօր մի բառով կարելի է բնութագրել՝ խայտառակ։ Ընդամենը մեկ օրինակ բերեմ. փողոցում սյուների վրա, ծառերի բներին փակցված են տարաբնույթ հայտարարություններ, թեեւ այդ նպատակի համար հազարումի վճարովի եւ անվճար ծառայություններ կան։ Կոնկրետ Երեւանի էսթետիկ տեսքին վերաբերող շատ առաջարկներ ունեմ, որոնց անպայման կանդրադառնամ։ Կարճ ասած՝ թեկնածությունս դրել եմ մեր սիրելի քաղաքը գեղեցիկ, մաքուր, կիրթ դարձնելու մտահոգությունից ելնելով։ Դա ոչ թե  մեկ մարդու, այլ յուրաքանչյուր քաղաքացու գործը պետք է լինի»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031