Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը հերթական նոր սխեման է կիրառում Արցախի բնակիչների նկատմամբ, որի նպատակը ռասիզմն ու հայատյացությունն է»

Օգոստոս 31,2023 13:00

Արա Ղազարյանը՝ հայ երիտասարդների առեւանգման մասին

«Ամեն ինչ սկսվում է ազատ տեղաշարժի իրավունքից, ուղեկալի տեղադրումից, որով այդ իրավունքը խախտվում է։ Խախտվում է նաեւ նոյեմբերի 9-ի համաձայնությունը։ Արդյունքում խախտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ Մյուսն անձնական ազատության իրավունքն է՝ երիտասարդներին ազատությունից զրկելը։ Նույնիսկ վարչական պատասխանատվության նպատակով նրանց ազատությունից զրկելը չի կարող տեւել օրեր շարունակ»,-«Առավոտի» հարցին՝ Ադրբեջանը, Բերձորի ապօրինի անցակետում հայ տղաներին առեւանգելով, ի՞նչ միջազգային կոնվենցիաներ է խախտում, այսպես պատասխանեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նշենք, որ ըստ Արցախի Տեղեկատվական շտաբի՝ օգոստոսի 28-ին «Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առեւանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.»։

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Լաչինի միջանցքից ձերբակալված երեք երիտասարդները՝ ֆուտբոլիստները, իբրեւ թե անարգել են ադրբեջանական դրոշը։ Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն տարածեց երեք հայ երիտասարդների առեւանգման վերաբերյալ: Նշվում է, որ երիտասարդների հանդեպ հետախուզում է հայտարարված եղել ու նրանց բռնել են Լաչինի ապօրինի անցակետի տարածքում: Նաեւ նշում են, որ «երիտասարդները հանդես են եկել ինքնախոստովանական ցուցմունքով եւ զղջացել արվածի համար»։ Հայտարարության մեջ նաեւ նշված է. «Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը եւ նրանց անկեղծ զղջումը, քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ, կիրառելով մարդասիրության սկզբունքը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»։

Ադրբեջանի դատախազության հայտարարության վերջում արձանագրվում է, որ տասը օր կալանքի տակ մնալուց հետո երիտասարդները «կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։

Ըստ ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի՝ «երիտասարդներն այլեւս չեն կարողանա մուտք գործել Արցախ՝ առնվազն քանի դեռ ունենք այս իրավիճակը: Իսկ կալանքի տակ պահում են, որպեսզի վախի ու անզորության մթնոլորտ ստեղծեն»:

Արա Ղազարյանն այս իրավիճակը համեմատեց այն իրավիճակին, երբ օդանավակայում մեկ էլ հետախուզման մեջ գտնվող ինչ-որ մեկին հայտնաբերում են՝ անկախ նրանից՝ երկրի քաղաքացի է, թե՝ ոչ ու ձերբակալում, որ նա, ասենք, Հայաստանում ինչ-որ հանցագործություն է կատարել. «Իրավաբանորեն կատարվածը կարելի է համեմատել այդ իրավիճակի հետ։ Այլ հարց է՝ հիմքերը ճի՞շտ են, թե՝ ոչ, քրեական հանցագործությո՞ւն է, թե՝ վարչական զանցանք։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ երիտասարդներին ի վերջո վտարելու են երկրից եւ որ նրանք վարչական բնույթի խախտում են կատարել»։

Արա Ղազարյանի փաստմամբ՝ դա միայն արտաքին տեսքն է. «Բովանդակությունն այն է, որ Ադրբեջանը հերթական նոր սխեման է կիրառում Արցախի բնակիչների նկատմամբ, որի նպատակը ռասիզմն ու հայատյացությունն է։ Ռազմական առավելության հասան ՀՀ-ի նկատմամբ, հաջորդը, ինչպես նշել ենք միջազգային քրեական դատարանում, ցեղասպանության իրականացումն է, որն Ադրբեջանն անում է Արցախի ժողովրդի նկատմամբ»։

Հարցին՝ իսկ ռուս խաղաղապահների ազդեցությո՞ւնը, ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի նրանք Բերձորի միջանցքում են, որպեսզի ապահովեն միջանցքով ազատ տեղաշարժը, բայց փաստացի խախտվում է քաղաքացիների՝ այդ իրավունքը, Արա Ղազարյանը պատասխանեց. «ՌԴ-ն եւ Ադրբեջանը միմյանց համաձայնությամբ բաժանել են իրենց իրավազորության տարածքային շրջանակները։ Դա նոյեմբերի 9-ի համաձայնության խախտում է, քանի որ ըստ դրա՝ ՌԴ-ն պիտի վերահսկի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Այնտեղ ուղեկալ չպիտի լիներ։ Ադրբեջանն էլ, խախտելով այդ համաձայնագիրը, ուղեկալ է տեղադրել եւ այնտեղ իրականացնում է գործադիր, նաեւ օրենսդիր իշխանություն։ Ըստ երեւույթին երկու պետությունները հասել են համաձայնության, որ ՌԴ-ն չմիջամտի Ադրբեջանի կողմից գործադիր իշխանություն կիրառելուն ուղեկալում, որ Ադրբեջանն է տեղադրել»։

Մեր հարցին՝ օրինակ՝ այսպիսի նախադեպային դեպքերով ի՞նչ հիմքերով կարող է ՀՀ-ն դիմել միջազգային դատարան, Արա Ղազարյանը պատասխանեց. «Հայաստանն ընդամենը կարող է համադրել արդեն ընթացքի մեջ գտնվող դիմումը, նույն հիմքով՝ ռազմի կանխարգելում եւ արգելում։ ՀՀ-ն արդեն այդ հիմքով դիմում ներկայացրել է, կարող է նոր փաստերով համալրել։ Իրավական գործընթացների շրջանակում առավելագույնը սա կարող է անել, մեկ էլ կարող է Ադրբեջանին առաջարկել համագործակցել Մինսկի կոնվենցիայի շրջանակում այս գործերի առումով, եթե ՀՀ-ի տարածքի հետ կապված ինչ-որ դրվագ է անցնում այս երիտասարդների գործերով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031