ԱԺԲ-ն այսօր ի պաշտպանություն Արցախի եւ գործող վարչակազմին իշխանությունից հեռացնելու նշանաբանով հերթական հանրահավաքն էր կազմակերպել Ազատության հրապարակում։ Հավաքից առաջ Aravot.am-ը զրուցեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։
-Այսօր ի՞նչ նոր բան ունեք ասելու հանրությանը։
-Բնականաբար, մեր բոլոր հանրահավաքների առաջնահերթ նպատակն ուշադրություն սեւեռելն է Արցախի խնդրի վրա։ Եվ դա մենք թե հանրահավաքի տեսքով ենք անում, թե հայրենականչ ի զորակցություն Արցախի երեկոների ձեւաչափով։ Երկրորդը Նիկոլի հարցն է։ Նիկոլը մինչեւ չգնա, մենք վստահ ենք, որ բան փոխել չի լինի։ Նրա գնալու հարկադրանքի խնդիր կա։ Ժողովրդի հարկադրանքը պիտի լինի։ Դրա համար մենք մեր քայլերը, պայքարը հետեւողականորեն անում եւ շարունակելու ենք։
-Մարդկանց ակտիվությունը բավարարո՞ւմ է ձեզ։
Կարդացեք նաև
-Հարկադրելու համար, որ ինքը հեռանա՝ ոչ։ Բայց աստիճանական աճ նկատում ենք, որովհետեւ այստեղ նաեւ 24 ժամյա ներկայություն ունենք։Բազմաթիվ մարդիկ գալիս են, հարցեր տալիս։ Մենք պատասխանում ենք։ Անմիջական շփումները մարդկանց հետ շատ կարեւոր են։
-Այստեղ, Ազատության հրապարակում ստորագրահավաք եք իրականացնում։
-Այո, Արդեն մի քանի օր «Նիկոլ, հեռացիր» ստորագրահավաքն է։ Դա, իհարկե, հանրաքվե չի։ Բայց խնդիրը հետեւյալն է․ մենք շատ հաճախ երբ հանդիպում ենք տարբեր երկրների ներկայացուցիչների հետ՝ դիվանագիտական, քաղաքական, եւ ասում՝ ժողովուրդը դժգոհ է Նիկոլից, որովհետեւ խաբեց, եւ ուզում է Նիկոլի հեռացումը, պատասխանում են, թե ինչպե՞ս իմանան։
Այս ստորագրահավաքը նաեւ դրա ապացույցներից է։ Պարզ է, որ արդյունքը շատ ավելի քիչ է լինելու, քան իրականում է, որովհետեւ շատ մարդկանց գիտենք, որ կաշկանդված լինելու պատճառով խուսափում են, որ իրենց անունը, ստորագրությունը եւ հեռախոսահամարը ցուցակում երեւա։ Այդուհանդերձ, մարդիկ ակտիվորեն ստորագրում են։
-Այսինքն, այս ստորագրահավաքը Հայաքվեի պես մի նոր նախաձեռնությո՞ւն է։
-Ոչ։ Հայաքվեն պահանջում է, որ Արցախը այլ երկրի կազմում չի կարող լինել։ եվ մենք ասում ենք, թե այդպես նաեւ փակվում է Արցախը Հայաստանին միանալու հնարավորությունը։ Իսկ այս ստորագրահավաքի պահանջը՝ «Նիկոլ, Հեռացիր», հստակ է։ Ու սա, միայն «Բեւեռի» հարցը չէ։ Եթե նկատել եք, մենք այս հանրահավաքներ «Բեւեռի» լոգոներ, դրոշներ չենք բերում։ Մենք ասում ենք, որ բազմաթիվ տարաձայնություններ ունենք տարբեր կուսակցությունների, խմբերի հետ։ Բայց հիմա մենք ըստ էության մի հարց ենք դնում․ Նիկոլին հեռացնելու եւ ժամանակավոր անցումային կառավարություն ստեղծելու հարցը։ Երբ դա լինի, հետո թող ամեն կուսակցություն համար ստեղծվի իր տեսակետն արտահայտելու հնարավորություն։ Ես, օրինակ, այդ ժամանակ կփորձեմ ապացուցել, թե ինչու է Արցախի միացումն ավելի ճիշտ, քան անկախությունը։
-Հիմա կարո՞ղ եք դա շատ հակիրճ ձեւակերպել։
-Դա շատ պարզ է։ Միացման համար որեւէ այլ պետությունից որեւէ քայլ չի պահանջվում, իսկ անկախությունը պիտի ճանաչվի այլ պետությունների կողմից, ինչը անհամեմատ բարդ ու դժվար է։
-Փարիզի քաղաքապետը մարդասիրական օգնություն է բերել Արցախին, սակայն ֆրանսիական բեռնատարները գնացել, կանգնել են Հայաստանի կառավարության ուղարկած բեռնատարների կողքին։
-Սա հնարավորություն է տալիս Ֆրանսիային փաստերով ապացուցելու Մակրոնի այն միտքը, որ դիվանագիտության ժամանակը սպառվել է։ Այսինքն, ասելու, որ տեսեք, սա էլ՝ մարդկանց օգնություն հասցնելն էլ փորձեցինք։ Ու չեղավ։ Նույն Մակրոնի խոսքով՝ եկեք ուրիշ բան անենք։ Իսկ այդ ուրիշ բանը այսօր կարող է լինել Ալիեւի դեմ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով, կարող է լինել օդային կամուրջի ստեղծումով, Ադրբեջանի ֆինանսները սառեցնելով, նավթի եւ գազի վրա էմբարգո դնելով։ Իմ կարծիքով, Ադրբեջանը լկտիացել է եւ սխալներ է թույլ տալիս։ Ադրբեջանն արդեն համը հանում է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ