ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի (լուսանկարում) նախագահությամբ, այսօր շարունակվեց Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի, ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստը: Այսօր անդրադարձ եղավ նաեւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի եւ գյուղնախարարության նախկին պաշտոնյա Սամվել Գալստյանի ապօրինի գույքի դրվագին: Հիշեցնենք, որ սույն գործը համանման քրեական գործից անջատված մասն է, որը հայտնի է որպես «դիզվառելիքի» գործ:
«Դատախազությունը՝ չունենալով համապատասխան իրավասություն, ՊԵԿ-ից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պահանջել եւ ստացել է Սերժ Սարգսյանի բոլոր հայտարարագրերը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, ԱԱԾ տնօրենին, ՀՀ կառավարության եւ նախագահի աշխատակազմ ուղարկված գրություններով ստացել է Սերժ Սարգսյանի եկամուտների մասին տեղեկություններ, այդ թվում՝ գրության մեջ ուղիղ ձեւակերպումներ կան՝ սկսած 2004 թվականից նրա ստացած եկամուտների մասին, ինչի իրավունքը չունեն»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Դատախազությունը նաեւ ՀՀ ոստիկանությունից, անշարժ գույքի կադաստրի կոմիտեից է ստացել տեղեկություններ Սերժ Սարգսյանի տիրապետած տրանսպորտային միջոցների եւ անշարժ գույքի մասին, որոնք չեն վերաբերվում, սույն գործով ուսումնասիրության ժամկետին: Իրավասու մարմինը նաեւ դատարանից իրավունք է ստացել բանկային գաղտնիքի տիրապետող տվյալների մասով, եւ պաշտպանի գնահատմամբ, չունենալով նման իրավասություն, պահանջել ու ստացել է ողջ տեղեկատվությունը:
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանից փորձում էր ճշտել, թե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը ուղենիշայի՞ն է դատախազության համար, թե ըստ հայեցողության են կիրառում, քանի որ, իր կարծիքով, սույն գործում առկա են բազմաթիվ դրվագներ, որոնք, իր գնահատմամբ, օրենքի խախտում են: Պաշտպան Ամրամ Մակինյանը մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանին հարցրեց՝ կոնկրետ այս վարույթով, ըստ գործող օրենքի, իրավունք ունե՞ն 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ ձեռք բերված գույք ուսումնասիրել: Դատախազը պատասխանեց, որ ուսումնասիրել, ըստ օրենքի, կարող են ցանկացած ժամանակաշրջան, բայց բռնագանձման պահանջ ներկայացնել՝ չեն կարող ու պնդեց, որ այս վարույթով իրավասու մարմնի գործողությունները բխում են օրենքից, եւ, առհասարակ, Մայր օրենքը եւ դրանից բխող օրենքները դատախազության համար ուղենիշային են: Իսկ դատավորին «աբստրակտ» թվացին պաշտպանի հարցերը, նա խնդրեց ըստ էության հարցեր տալ: Պաշտպանը գործի նյութերից զեկուցագիր հրապարակեց, ըստ որի դատախազության պաշտոնյային է զեկուցվում, սույն գործով հայց հարուցելու հիմքերի մասով, մեղադրյալներ Սերգո Կարապետյանի, Բարսեղ Բեգլարյանի, անվամբ գրանցված գույքերի մասին, բայց Սերժ Սարգսյանի ունեցվածքի մասին որեւէ տեղեկություն չկա: Հաջորդ հրապարակված զեկուցագիրն էլ այն մասին էր, որ որոշում է կայացվել Սերժ Սարգսյանին սույն գործով մեղադրյալ ներգրավվելու մասին, «… թեեւ նախաքննությամբ պարզվել է, որ Սերժ Սարգսյանի անվամբ գույքեր հաշվառված չեն, այնուհանդերձ՝ հաշվի առնելով նախկինում նրա զբաղեցրած պաշտոնները եւ մեղադրանքի բնույթը, հիմքեր կան կասկածելու, որ նրան կամ նրա հետ փոխկապակցված անձանց կարող են պատկանել 50 միլիոն դրամ եւ ավել արժեք ունեցող ապօրինի ծագման գույքեր»:
Կարդացեք նաև
Ամրամ Մակինյանը դատախազին խնդրեց ցույց տալ օրենքի այն կետը, ըստ որի նման հիմքով Սերժ Սարգսյանին պետք է, որպես մեղադրյալ ներգրավեին: Դատավորը հայտարարեց, որ պաշտպանն առարկություններ ներկայացրեց, ինչը պատասխան չի ենթադրում: Ամրամ Մակինյանն էլ ասաց. «Շնորհակալ եմ, որ արձանագրեցիք՝ ապօրինի է եղել»: Դատավորը պնդեց՝ պաշտպանը հարցեր չի տալիս, այլ առարկություններ է ներկայացնում, ինչի ժամանակն ունենալու է:
Մեղադրող դատախազը պնդեց՝ իրենք օրենքի շրջանակներում են գործել եւ կասկածը հիմնավոր է: Ամրամ Մակինյանը եզրակացրեց՝ առանց գույքի հայտնաբերման, դատախազությունը կարող է սկսել ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց. «Այսինքն, գույքը կարեւոր չի՞»: «Ոչ գույքը կարեւոր չի, կասկածի համար կարեւոր չի, դա արդեն ուսումնասիրությամբ պարզվող հանգամանք է»,- ասաց մեղադրող դատախազը:
Դատավորին դուր չեկավ պաշտպան Ամրամ Մակինյանի վարքագիծը՝ այն որակելով կողմի նկատմամբ «անհարգալից եւ հեգնական» : Դատավորը հայտարարեց, որ վերջինս գործի քննությունը էմոցիոնալ դաշտ է տանում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ