Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը բնակիչներին ասաց, որ Երեւանի փնթի կառավարումը դառնում է պատուհաս, իսկ իրենք մաքրելու են օդը Երեւանի, կանաչապատ այգիներ են ստեղծելու:
Կարդացեք նաև
Մալաթիայի բնակիչներից մեկը, որն ի դեպ նստած էր ՔՊ-ի գովազդային պաստառի մոտ, Թանդիլյանին տեսնելով՝ ասաց. «Ապրե՛ք, ես հպարտանում եմ ձեզանով՝ երիտասարդ, խելացի բանիմաց: Ես հպարտանում եմ խելացի հայ կանանցով: Ողջունում եմ, հաջողություն եմ ցանկանում»,- ասաց կինը՝ ներկայանալով, որ կողքինը համատիրության նախագահն է, ինքն էլ՝ աշխատակից:
Անդրանիկի փողոցի բնակիչներից մեկը՝ Անահիտ անունով, Մանե Թանդիլյանին ներկայացրեց խաղահրապարակների ու այգիների վերջին արագացված ռեժիմով բարեկարգումների ողջ պատկերը. «Այգին շատ վատ վիճակում է, բերեցին շատ վատ զոդում արեցին, երեխեքի համար իբր ճոճանակներ, անձրեւի տակ ժանգոտեցին ու պոկվեցին: Երկրորդը՝ այս Բլեյանի դպրոցի ցանկապատը որ կա, շատ կուզենք շինարարական պաստառ կպնի, փակվի, որովհետեւ քամին ամբողջ փոշին բերում է երեխեքի աչքերին ու նստածների: Դա այգի չի նստելու, դա պարզապես թյուրիմացություն է: Չգիտեմ Բլեյանին ով կասի ու ով կարող է այդ հարցը բարձրացնել:
Ճոճանակները չկան, իբրեւ թե բարեկարգված է: Խաղահրապարակում սղարանների տակը պետք է փափուկ գորգ լիներ, չգիտեմ՝ տեսա՞ք, թե՞ չէ, բայց ամեն օր երեխաները արյունլվա գնում են: Իբր թե ուզեցին ինչ-որ մի բան անեն: Հետո լուսավորությունը, շատ վատ է, մութ, մի հատ լույս է վառվում, այն էլ թարթում է անընդհատ: Իմ ասածների 50%-ն էլ կատարվի, շնորհակալ կլինենք բակի բնակիչներով: Կանաչապատումը մի մարդ էր անում, ով որ խնամել է, նա չկա, ծեր մարդ է եղել ու կանաչապատումը շատ վատ է, ջրում են՝ պատի տակը ճահիճ է դառնում մոծակների, ուշադիր չեն, ջրերը բացում ու գնում են: Մուտքերի վերանորոգումը նայեք, սա մո՞ւտք է: Այնքան բան ունենք ասելու, չգիտենք որտեղից սկսենք ու որտեղ ավարտեմ»: Մանե Թանդիլյանը զարմացավ՝ փաստորեն կանաչապատումը մի մարդու հույսո՞վ է, եթե նա մահացավ, ուրեմն վերջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ