Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հեղափոխական ճարտարապետներն էլ են կողմ քվեարկել «Ֆիզգորոդոկի» շինթույլտվությանը»․ Հայկ Մարության

Օգոստոս 30,2023 23:03

«Եթե ես տեսնում եմ, որ 25-ից 20-ից ավելի ճարտարապետ՝ հին, նոր սերնդի, պայքարող, հեղափոխական ճարտարապետներն իրենք էլ են կողմ քվեարկել, ինձ համար տարօրինակ է, որ այդքանից հետո հարցեր են առաջանում»,- Aravot.am-ի փաստմանը՝ «Ֆիզգորոդոկ» կոչվող տարածքի բնակիչները հիշեցնում են,  որ Հայկ Մարությանի՝ քաղաքապետ լինելու ժամանակ է տրվել այդ տարածքում շինթույլտվությունը, Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Նա վստահեցրեց՝ ընդհանրապես շինարարությունների հետ կապված՝ մասնավորապես «Ֆիզգորոդոկի», բոլոր խնդրահարույց շինարարությունների հետ կապված, որ դիմում էր գրվում Երևանի քաղաքապետարան, ինքը՝ որպես քաղաքապետ այդ հարցը դնում էր ամենալայն քննարկման․ «Հենց «Ֆիզգորոդոկի» շինթույլտվությունը ճարտարապետական ամենալայն շրջանակները քննարկել են։ Ունեինք երկու խորհուրդ՝ երկուսն էլ քննարկել են։ Մեկը 25 ճարտարապետից էր բաղկացած՝ բոլոր սերունդների։ 25-ից 21, թե 22-ը կողմ են քվեարկել այդ շինթույլտվությանը։ Ուստի ես իրավունք չունեի ինձ վերապահել ասել՝ սա լավ է, կամ վատ է։ Ես իմ շուրջ հավաքում էի լավագույն մասնագետներին, և Երևանի լավագույն մասնագետներն իրենց որոշումն էին կայացնում։ Որոշումը հենց այդպես էլ կայացվել է։ Միայն դրանից հետո ես արդեն կարող էի առաջ տանել այս կամ այն որոշումը»։

Հայկ Մարությանն ասաց, որ այդտեղ այլ՝ հողի հետ կապված խնդիրներ կային․ «Բայց դրա համար գոյություն ունեն քննչական մարմիններ, ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն։ Քաղաքապետարանն ի վերջո քաղաքապետարան է»։

Մեր մյուս հարցին՝ նաև դժգոհություններ կան իր քաղաքապետության օրոք բերված այսպես կոչված «Սիթի գազելներից», որոնց մեծամասնությունն այժմ տեխնիկական խնդիրներ ունի, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Դրանք բոլորը երաշխիքի տակ են, աշխատում են նորմալ։ Դա ուղղակի փրկօղակ էր երևանցիների համար, բացարձակապես արդեն տրանսպորտ չկար։ Ոչ թե կային գազելներ, այլ գազելները հնամաշ էին, արդեն դուրս էին գալիս երթուղիներից, ուղղակի չէին կարողանում տեխնիկական վիճակի պատճառով սպասարկել։ Պարտադիր էր դա անելը։ Այսօր էլ ես տեսնում եմ՝ այդ գազելները ոնց են տեղափոխում մեր երևանցիներին։ Դրանք միկրոավտոբուսներ չեն, ավտոբուսներ են՝ փոքր չափսի, և մեր երևանցիները շատ գոհ են այդ տրանսպորտային միջոցից։ Այսօր էլ այդ տրանսպորտային միջոցը երևանցիներին տեղափոխում է տնից աշխատանքի, աշխատանքից տուն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031